ՍԿՍՎԵԼ Է ՄԱՐԶԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ Արդեն տեղեկացրել ենք, որ Սպորտպետկոմի ներկայացմամբ, այս տարվանից կառավարության որոշումով «Հայաստան» հիմնադրամը $1,9 մլն է տրամադրել մայրաքաղաքում՝ 5, իսկ մարզերում՝ 1-ական խոշոր մարզաբազա հիմնովին վերակառուցելու համար: Դա, անխոս, հանրապետության համար անչափ լուրջ ու կարեւոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, որի իրականացումը հանձնարարվել է «Լինսի» «Մշակույթ» ծրագրի պետական հիմնարկին: Աշխատանքները մայրաքաղաքում արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են մեծ թափով: Ըստ ժամանակացույցի, դրանք պետք է ավարտվեն օգոստոս-սեպտեմբերին: Եվ քանի որ ցանկացած գործում վերջնական արդյունքը կախված է լավ սկզբից, երեկ Սպորտպետկոմի, ՀԱՕԿ-ի եւ ԾԻԳ-ի ղեկավարները մի քանի լրատվամիջոցների ուղեկցությամբ շրջայց էին կազմակերպել Երեւանի նորոգվող մարզաբազաները՝ Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարան, «Հայաստան» մարզական միության «Աշխատանք» մարզադպրոց ու համալիր, «Աշխատանքային հերթափոխ» ԿՄԸ հանրապետական խորհրդի համալիր եւ Սպորտպետկոմի օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մարզադպրոց: Բոլոր մարզաբազաներում էլ, իրոք, աշխատանքները խոշորամասշտաբ էին: Շինարարները զբաղված էին հին մարզադահլիճների շարքից գրեթե ամբողջությամբ դուրս եկած հատակը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ պատերը, սանհանգույցները, նստելատեղերը քանդելով, յուրաքանչյուրի համար շուրջտարյա ջեռուցում ապահովելու նպատակով մինի կաթսայատներ կառուցելու համար մեծածավալ հողային աշխատանքներ կատարելով: Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը շինարարների հետ զրույցների ժամանակ կարեւորում էին նախ եւ առաջ աշխատանքների վերջնական որակը: «Ինչ հիմա անում եք,- ասում էին նրանք,- անում եք մեր ու ձեր երեխաների, երկրի համար: Այդ հսկայական գումարները, որ բավականին մեծ դժվարությամբ հայթայթել է պետությունը, քամուն չպետք է տալ, յուրաքանչյուր լուման պետք է օգտագործվի նպատակային: Սա մեր առաջին, բայց ոչ վերջին այցելությունն է շինհրապարակներ: Մենք առնվազն ամիսը երկու-երեք անգամ լինելու ենք տեղերում, հետեւելու ենք, թե ինչ է արվում եւ ինչպես: Իսկ, ընդհանուր առմամբ, մարզաբազաների տնօրեններին հանձնարարված է անձամբ ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների վրա: Ավելին, նրանց իրավունք է տրվում որակը չապահովելու դեպքում կասեցնել աշխատանքները, որից հետո մենք անհրաժեշտ միջոցներ կկիրառենք: Եթե մարզակառույցների շահագործման ժամանակ արվածի որակը բավարարի, Սպորտպետկոմը եւ ՀԱՕԿ-ը շինարարներին խրախուսելու, պարգեւատրելու հնարավորություններ կգտնեն, իսկ, Աստված մի արասցե, հակառակը լինելու պարագայում տվյալ շինարարական կազմակերպությունը ֆինանսական զգալի տույժի կենթարկվի»: Շրջայցի ընթացքում շինարարների հետ զրույցների ժամանակ ի հայտ եկան հարցեր, որոնք ընթացքում կարգավորելու անհրաժեշտություն կունենան: Դրանք հիմնականում առնչվում էին գծագրերով կազմված նախահաշիվների եւ իրական աշխատանքի ընթացքում առաջացող գումարային տարբերություններին: Իշխան Զաքարյանը եւ Գագիկ Ծառուկյանը խոստացան խիստ անհրաժեշտության դեպքում փորձել լրացուցիչ միջոցներ: Բայց նաեւ շինարարներին հորդորեցին հնարավորության սահմաններում լրացուցիչ ինչ-որ բան էլ իրենց կազմակերպությունների միջոցներով անել: Շրջայցը գործնական էր, ու ժամանակը չբավականացրեց լինել նախատեսված բոլոր մարզաբազաներում: Որոշվեց «Աշխատանքային հերթափոխի» եւ Սպորտպետկոմի մարզադպրոցներ այցելել եկող շաբաթ: Շրջայցի ավարտին Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահները խոսեցին ստացած տպավորությունների մասին. Իշխան Զաքարյան. «Տպավորությունս բավարար էր: Աշխատանքները մեծ թափով են սկսվել: Մենք հաճախակի ենք այցելելու այս մարզաբազաները, հետեւելու ենք աշխատանքների որակին եւ ժամկետներին, որպեսզի արդեն գալիք ձմեռ ունենանք տաք մարզադահլիճներ»: Գագիկ Ծառուկյան. «Սա մեծ գործի սկիզբն է: Հույս ունեմ, որ ամեն բան լավ կլինի: Ինձ ուրախացրեց շինարարների, մարզիչների, մարզիկների ոգեւորությունը: Շուտով շինարարները 11 մարզերում էլ կմտնեն մարզաբազաներ: Ես եւ Իշխան Զաքարյանը այնտեղ էլ ենք հաճախակի այցելելու»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ