Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար են պետք մասնագետները

Ապրիլ 16,2005 00:00

Ինչի՞ համար են պետք մասնագետները Ըստ վարչապետի, դիպլոմը հաճախ պետք է աղջիկներին՝ օժիտի, տղաներին՝ բանակ չգնալու համար: «Կրթության արդի հիմնախնդիրները տնտեսության զարգացման համատեքստում» թեմայի քննարկմանը երեկ պոլիտեխնիկ ինտիտուտ էր հրավիրվել բուհի շրջանավարտ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ռեկտոր Յուրի Սարգսյանը, ռեկտորատի որոշմամբ, վարչապետին հանձնեց բուհի հոբելյանական ոսկե հուշամեդալ՝ շեշտելով Ա. Մարգարյանի ներդրումները կրթօջախի զարգացման գործում: Դահլիճը լիքն էր պրոֆեսորադասախոսական կազմով. նրանց մեջ միայն 1-2 երիտասարդ դասախոս կարելի էր տեսնել: Եվ ողջ քննարկման ընթացքում այս մարդկանցից որեւէ մեկը մեկ հարց անգամ չուղղեց վարչապետին, իսկ հարց տալու հնարավորություն նրանց տրվեց եւ ոչ մեկ անգամ: Վարչապետի դժգոհություններին պատասխանում էր միայն ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը: Այսպես: Ըստ վարչապետի, բարեփոխումները, որ կատարվում են ոլորտում, շատ դանդաղ, «կրիայի քայլերով» են առաջ գնում. «այստեղ կան նաեւ օբյեկտիվ պատճառներ, բայց ես հիմնականում տեսնում եմ սուբյեկտիվները՝ մեզ չտանջելու, հարմարվելու: Ինչ-որ ձեւով գլուխներս պահենք, առանց մտածելու՝ որքան կարող ենք՝ ավելի լավ պահել: Երիտասարդներին պետք է ավելի շատ տեղ տանք եւ նրանց՝ նույնիսկ առաջին հայացքից կասկածելի առաջարկներին վստահենք: (Ի դեպ, մեր ամենաերիտասարդ ակադեմիկոսը 68-ամյա Յուրի Սարգսյանն է- Հ. Բ.): Շատ քիչ է գրանտներ բերել, թեմաներ բերել, որ դասախոսին մի քիչ ավելի շատ աշխատավարձ տանք»: Վարչապետը նաեւ շեշտեց, որ ԳԱԱ նախագահը ԱՄՆ ազգային ակադեմիայի եւ ՀԲ մի շարք ծրագրերում խորհրդատու է, բայց ընդհանուր գործը մի տեսակ տեղից չի շարժվում: Որ 1993-ից կառավարությունը աջակցության առաջարկներ է արել ԳԱԱ-ին, ծրագրեր են գրվել, բայց այդ ամենը մնացել է թղթի վրա. ինստիտուտները ծրագրից մի հատված իրականացրել են, հետո փոշիացրել գումարները: Ֆադեյ Տաճատիչը հազիվ էր զսպում ցանկությունը՝ ընդհատել վարչապետին եւ րոպե առաջ ասել, որ «միայն հայագիտության ասպարեզին վերաբերող հարցում Ակադեմիան իր ծրագրերը չի ներկայացրել, իսկ ընդհանուր առմամբ մենք ընդունում ենք այն առաջարկությունները, որ արել է վարչապետը: Մենք հասկանում ենք, որ գրանտները չեն կարող արդյունաբերության, գյուղատնտեսության, սոցիալական ասպարեզի զարգացմանը նպաստել: Մենք ընկալեցինք ձեր առաջարկությունները»: Վարչապետը երեկ նաեւ հայտարարեց, որ «Բուհական եւ հետբուհական կրթության մասին» օրենքի ընդունման հետ, կառավարության առաջնահերթ խնդիրների մեջ է մտել բարեփոխումների շրջանում իրականացնել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի պահանջը եւ 65 տարին լրացած ռեկտորներին, իբրեւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների՝ բուհերի ղեկավարների, ազատել աշխատանքից: Ինչը մինչ այժմ ինչ-ինչ «պայմանավորվածությունների համաձայն» ձգձգվում էր: Իսկ այդպիսիք մենք ունենք 7-ը՝ 17 ռեկտորներից: Դա կկիրառվի նաեւ ԳԱԱ ինստիտուտների ղեկավարների պարագայում. 41 ինստիտուտներից 27-ի տնօրենի տարիքը չի համապատասխանում իր պաշտոնին: Մինչեւ տարեվերջ վարչապետը խոստացավ այս հարցը լուծել: Ի դեպ, վարչապետը մի կարեւոր բացահայտում էլ արեց: Մինչ այժմ ամեն տարի բուհերի պետպատվերով տեղերի սահմանման ժամանակ ԿԳՆ պատասխանատուներն ասում են, որ տեղերը սահմանվել են գերատեսչություններից եկած առաջարկների հիման վրա՝ հատուկ ուսումնասիրությունների արդյունքում: Վարչապետը երեկ այս մասին ասաց հետեւյալը. «Ի՞նչ մասնագետներ ենք պատրաստում պետպատվերով եւ ինչի՞ համար, ո՞ր շուկայի համար: Արտադրական զբաղվածության շուկան մենք գնահատե՞լ ենք, թե՞ ոչ, մոնիտորինգ արե՞լ ենք, թե՞ ոչ: Արել ենք, բայց ոչ բավարար մակարդակով: Մենք չունենք հիմնավորումը՝ ի՞նչ մասնագիտություն ի՞նչ քանակով պետք է պատրաստենք: Եվ բուհի նկատմամբ վստահությունը փոքրանում է՝ աղջիկները դիպլոմ են ստանում օժիտի համար, տղաները՝ բանակ չգնալու: Տարիների ընթացքում բուհի նկատմամբ որոշակի վերաբերմունք է ձեւավորվում, թեպետ պոլիտեխնիկի պարագայում նախկին վերաբերմունքը հետզհետե վերականգնվում է»,- եզրափակեց վարչապետը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել