Մահապարտի ընտանիքին վտարում են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, «Արծիվ» մահապարտների ջոկատի հրամանատար Արկադի Սեմերջյանի այրին՝ Նելլի Մինասյանը եւ դուստրը Բուզանդի 9 շենքի 5 բնակարանից զրկվելու վտանգի առաջ են կանգնել: Զոհված ազատամարտիկի ընտանիքին վտարելու պահանջով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան դիմած «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն հաղթել է: «Որպես փոխհատուցում» առաջին ատյանի դատարանը վճռել էր մահապարտի ընտանիքին վճարել $ 9000: Դռնբաց դատական նիստին պատասխանողները ներկա չեն գտնվել եւ, փաստորեն, դատարանը վճիռ է կայացրել առանց Բուզանդի 9 շենքի 5 բնակարանի բնակիչների: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը դատարանում հայտնել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ, Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների համար տարածքի իրացման գործընթացը հանձնվել էր հայցվորին՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին: Մահապարտի ընտանիքի բախտը ակնհայտորեն չէր բերել, որովհետեւ իրենց սեփական բնակարանը ընդգրկված էր վերոնշյալ տարածքում: ՓԲԸ-ն դիմել էր «Օրրան» ՍՊԸ-ին, որն էլ ազատամարտիկի ընտանիքի բնակարանը գնահատել է $ 9000: Սակայն հասկանալի է, որ այդ գումարով այսօր ոչ ոք չի կարող բնակարան գնել անգամ Երեւանի ամենախուլ ծայրամասում: Արկադի Սեմերջյանի ընտանիքը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին՝ հայտնելով, որ «այդպիսի վերաբերմունքը չի տեղավորվում ոչ միայն բարոյական, այլեւ օրենսդրական, իրավական հարթության մեջ»: Վիրավորված Սեմերջյանները նաեւ տեղեկացրել էին նախարարին, որ հօգուտ հայցվորի կայացրած վճիռը անհարկի խախտել է իրենց՝ հայրենիքի համար զոհվածի ընտանիքի սեփականության իրավունքը: ՀՀ պաշտպանության փոխնախարարի աշխատակազմը գրավոր պատասխան էր ուղարկել Նելլի Մինասյանին, թե նրա դիմումը քննարկվել է ՀՀ ՊՆ տեղակալի վարչական ապարատում: Միեւնույն ժամանակ գրել էին. «ՀՀ ՊՆ-ն չի կարող միջամտել դատավարության ընթացքին, քանզի արդարադատության իրականացման գործառույթը վերապահված է միայն դատարաններին»: Զոհվածի ընտանիքը դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ գիտաշխատող, ինժեներ-շինարար Արկադի Սեմերջյանը զոհվել է ռազմաճակատում՝ 1992 թվականին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ