Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ապրիլ 16,2005 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ԴԵՖԻՑԻՏ Ըստ որոշ փորձագետների, դա է պատճառը, որ իշխանությունները համառորեն չեն հրաժարվում հանրահավաքները փաստացի արգելող օրենքից: 2004 թվականի ապրիլին ՀՀ Ազգային ժողովը նախանձելի արագությամբ քննարկեց եւ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը: Դեռ ընդունման պահին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել՝ նշելով, որ փաստաթուղթը չի համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Երեկ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում, որի թեման նշված օրենքն էր: «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, այս օրենքի հապշտապ ընդունումով «կարծես թե ետին թվով օրինականացվեցին իշխանությունների մինչ այդ արած գործողությունները: Քաղաքական իրավիճակը ստիպեց ընդունել օրենքը, որն իր մեջ պարունակում է ականներ, դրանք ցանկացած պահի արգելակող ֆունկցիա կարող են իրականացնել»: Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ-ն այս ընթացքում բազմիցս առաջարկել են նշված օրենքում փոփոխություններ կատարել: Ցավոք, ԱԺ-ում այդպիսի նախաձեռնություն առայժմ չեն ցուցաբերում: «Ժողովրդավարություն. քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոն» կազմակերպության ղեկավար Վարդան Պողոսյանի տեսանկյունից, օրենքի հիմնական բացերն են՝ համաչափության սկզբունքի բացակայությունը, ինքնաբուխ հավաքների բացառումը, եթե դրանց մասնակցում են 100-ից ավելի մարդիկ (101 մարդու առկայության դեպքում հավաքը որակվում է անօրինական), հավաքների անցկացման վայրերի անհարկի սահմանափակումները (հատուկ նշանակության օբյեկտներից մինչեւ 150 մետր չի թույլատրվում հավաքներ անցկացնել, իսկ ցանկը սահմանում է կառավարությունը. ինչպես հայտնի է, 2004-ի օգոստոսին կառավարության սահմանած այդ ցանկում է նաեւ նախագահի նստավայրը, Օպերայի հրապարակը, Մարզահամերգային համալիրը): Պարոն Պողոսյանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստին, որ այս օրենքից բխող փոփոխություններ իրականացվեցին ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ Ոստիկանության մասին օրենքում, որոնք առավել խստացրին սահմանափակումները: Գնահատելով քաղաքական գործընթացները՝ Վ. Պողոսյանը ընդգծում է, որ իշխանությունները խախտում են անգամ այս ոչ ժողովրդավարական օրենքի կետերը. «Գործում է սովետական ստերեոտիպը՝ դուք այդ իրավունքը կունենաք այնքանով, որքանով մենք կուզենանք: Ամենաթարմ դեպքը՝ «Ա1+»-ի ապրիլի 2-ի երթը…»։ Իր՝ Հայաստանում հանրահավաքներ անցկացնելու ազատության վերաբերյալ միջազգային գնահատականում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Իեյն Կոնկեւիչը մասնավորապես նկատեց, որ օրենքն իր կողմնորոշմամբ պետք է հակված լինի դեպի հավաքների ազատության իրավունքի ապահովումը: Տիկնոջ կարծիքով, սահմանափակումները պետք է լինեն միայն բացառիկ դեպքերում, երբ ակնհայտ է սպառնալիքը: Ի դեպ, նա հատուկ նկատեց. «Սահմանափակումն արգելքը չէ»: Այս առիթով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում գրված է. «Օրենքը պետք է սահմանի պետական իրավասու մարմինների կողմից միջամտության թույլատրելի շրջանակները, ինչպես նաեւ կարգավորի թույլտվությունների տրամադրման համակարգը՝ առանց անհարկի ուշացումների»: Խիստ խճճված եւ բարդ համարելով հավաքների անցկացման մասին օրենքով սահմանված ծանուցման կարգը՝ տիկին Կոնկեւիչը, հղում անելով ԵԱՀԿ փորձագետների գնահատականներին, համաձայնեց նաեւ Վ. Պողոսյանի մատնանշած թերությունների հետ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը քննարկումը լքեց կեսից, հույս հայտնեց, որ նման քննարկումները կդառնան օրենսդրական նախաձեռնությունների հիմք: Ի դեպ, այս առիթով ԱԺՄ-ն ներկայացնող Ալբերտ Բաղդասարյանը նկատեց, որ խնդիրը ոչ թե լավ կամ վատ օրենքի մեջ է, այլ՝ իշխանությունների քաղաքական կամքի բացակայության: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել