«Վիզա»՝ հաշմանդամների համար Չինովնիկնե՞րն են որոշում, թե որ հաշմանդամը իրավունք ունի սովորելու բուհում, որը՝ ոչ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով 1֊ին, 2֊րդ խմբի հաշմանդամները եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողները բուհ են ընդունվում եւ սովորում արտոնյալ պայմաններով. ընդունելության քննություններին դրական գնահատականներ ստանալով՝ բուհ են ընդունվում առանց մրցույթի եւ սովորում անվճար համակարգում՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Ամեն տարի այս արտոնյալ պայմաններից օգտվում են հարյուրից ավելի հաշմանդամ դիմորդներ։ Սակայն ընդունելությունից առաջ բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Դրանք հիմնականում կապված են Բարոյա-սոցիալ հոգեբանական փորձաքննական (ԲՍՓ) գործակալության հետ։ Պատճառն այն է, արտոնյալ պայմաններում բուհ ընդունվող դիմորդը պետք է ներկայացնի նաեւ ԲՍՓ գործակալությունից երաշխավորագիր, որտեղ նշված կլինի, որ տվյալ մասնագիտությամբ ուսումը հաշմանդամի առողջության համար հակացուցված չէ։ Սակայն այս «վիզան» հաճախ դառնում է միջոց՝ ծանոթ֊բարեկամներին արտոնյալ պայմաններով բուհ ընդունելու համար։ «Բա թողնենք, որ էպիլեպսիայով (ընկնավորություն) կամ էլ տուբերկուլյոզով հիվանդը գնա բուհում սովորի, որ մյուսների՞ն էլ վարակի։ Թող նախ գնան բուժվեն, հետո ուսման մասին մտածեն»,- դժգոհությանն ի պատասխան մեզ ասաց ԲՍՓ գործակալության տնօրեն Միշա Վանյանը։ Նա տեղեկացրեց, որ երբեմն գալիս են դիմորդներ ու պնդում, թե իրենք հաշմանդամ են, բայց փորձաքննությունից պարզվում է, որ այդպես չէ։ 2004-ին գրանցվել է նման 6 դեպք։ Հաշմանդամներն էլ ուրիշ փաստարկներ են բերում։ Նարինեն ասում է, որ ինքը 2֊րդ խմբի հաշմանդամ է։ 2000-ին ուզում էր ընդունվել պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետ։ Բայց ՀՀ սոցապ նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովում իրեն փորձում էին համոզել, որ ֆիզիկապես անկարող է դիմանալ ուսման ծանրաբեռնվածությանը։ «Ես համոզված էի, որ կարող եմ սովորել: Հանձնաժողովն ինձ առաջարկեց փոխել հաշմանդամության կարգը՝ դառնալ 3-րդ խմբի հաշմանդամ եւ ընդունվել բուհ՝ առանց արտոնյալ պայմանների, ինչին ես չհամաձայնեցի»,- պատմում է Նարինեն։ Այժմ նա Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի 4-րդ կուրսի ուսանողուհի է եւ չի բողոքում առողջությունից։ Նարինեի կարծիքով, հանձնաժողովի «անհանգստությունն» իրենց առողջության համար՝ զուտ ձեւական, փաստաթղթային բնույթ ունի։ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Արեւածաղիկ» ամսագրի խմբագիր, 1-ին կարգի հաշմանդամ Զարուհի Բաթոյանը համոզված է, որ ԲՍՓ-ի գործունեությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Իսկ Մ. Վանյանը նշում է, որ ԲՍՓ գործակալությունը ոչ ոքի չի զրկում կրթություն ստանալու իրավունքից. «Փորձաքննության հիմնական նպատակն է որոշել, թե տվյալ հաշմանդամը ուսման ընթացքում չի՞ վատթարացնի առողջական վիճակը եւ հետո ի վիճակի կլինի՞ աշխատել այդ մասնագիտությամբ։ Սենք փորձում ենք հաշմանդամներին ուղղորդել, ոչ թե զրկում ենք կրթություն ստանալու հնարավորությունից։ Եվ, վերջապես, պետության կողմից հատկացված միջոցները պետք է նպատակային ծախսվեն: Սա այն ոլորտն է, որ անընդհատ վերահսկվում է։ Նույնիսկ կրթության եւ գիտության նախարարությունն ամեն տարի բուհ ընդունված հաշմանդամների մասին հարցումներ է կատարում՝ ճշտելու, թե գործակալությունը կեղծիքներ արե՞լ է արդյոք»։ 2004-ին ուսման երաշխավորագիր ստանալու համար ԲՍՓ-ին դիմել է 126 հաշմանդամ, որից 114-ը ստացել է երաշխավորագիր։ 2005-ի հունվարից արտոնյալ պայմաններում բուհ րնդունված հաշմանդամները 18 տարին լրանալուց հետո այդպիսին չճանաչվելու դեպքում անցնում են վճարովի համակարգ։ Իսկ պետական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք, եթե ուսման ընթացքում ստանան 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամի կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ, կտեղափոխվեն անվճար համակարգ։ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՊՀ 2-րդ կուրսի ուսանող