Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ կյանքն ինչքա՞ն եք գնահատում»

Ապրիլ 16,2005 00:00

«Իմ կյանքն ինչքա՞ն եք գնահատում» Երեկ լրագրողներին հարցրեց Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը Արմեն Ավետիսյանի դեմ կատարված մահափորձի գործով արժեքավոր տեղեկություններ հայտնող քաղաքացիներին 100 հազար դոլար պարգեւատրման մասին պարոն Ավետիսյանը, իր ասելով, տեղեկացել է թերթերից: Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ պարգեւատրողներն այդ գումարը բյուջեի՞ց են տալու, թե՞ այլ աղբյուրներից: Արմեն Ավետիսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում միանշանակ հերքեց բյուջեից նման գումար հայթայթելու տարբերակը. «Երբ թերթում կարդացի այդ հայտարարությունը, ես էլ զարմացա: Բայց գումար առաջարկելու տարբերակը միջազգային պրակտիկայում ընդունված է, եւ մարդիկ հարմար են գտել այդ ձեւով խնդիրը լուծել: Ինչ վերաբերում է գումարի տրամադրմանը, ակնհայտ է, որ բյուջեից չեն վերցնի, որովհետեւ նախ այդքան փողը պետք է բյուջեում դրված լինի»: Վերջը չպարզեց՝ փողն ով է տալու: Պարոն Ավետիսյանը վստահեցրեց նաեւ, որ դեպքն իր անձի հետ կապված չէ. «Ես այսօր հանրապետությունում անձնական թշնամիներ չունեմ, ունեմ միայն շատ լավ ընկերներ, լավ բարեկամներ եւ լավ շրջապատ»: Հարցին, թե արդյոք համարժե՞ք է նշանակված պարգեւը այդ միջադեպին, նա հարցով պատասխանեց՝ «Բա իմ կյանքն ինչքա՞ն եք գնահատում»: Մամուլում դեպքի առնչությամբ տարբեր վարկածներ են հրապարակվել՝ մասնավորապես նշելով, որ պայթուցիկ սարքի գործարկման ժամանակ կոմիտեի նախագահը գործուղման է մեկնել արտասահման կամ շենքում է եղել: Բայց պարոն Ավետիսյանը ներկայացրեց միջադեպն ամենայն մանրամասնությամբ. ինքն ամեն անգամ մեքենան կանգնեցնում է շենքի ծառի մոտ, որի բնի տակ տեղադրված է եղել պայթուցիկը ու այդ օրը դուրս է եկել հետեւի դռնից՝ ծառից 30-40 սմ հեռավորության վրա: Չհասցնելով 2-3 քայլ անել՝ սարքը պայթել է: Կոմիտեի նախագահը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2005-ի եռամսյակային արդյունքները, որը սկսեց այսպես. «Մենք նախատեսված պլանը գերակատարել ենք 241 մլն դրամով, բացի այդ, տարեկան ցուցանիշներով մաքսային մուտքերի հավաքագրումն ավելացել է 16%-ով, եւ մաքսային հատվածը բյուջետային մուտքերի 46%-ն է ապահովել»: Նա նշեց, որ այս տարի մի քանի ապրանքատեսակների առումով ներմուծման աճ ունեն, ընդ որում, ավելացել է ավտոմեքենաների, դիզելային վառելիքի եւ ծխախոտի ներմուծումը: Նախորդ տարիների համեմատությամբ՝ այս տարի քիչ է ներմուծվել ցորեն, շաքար, միս եւ բենզին: Բենզինի վերաբերյալ պարոն Ավետիսյանը պարզաբանեց. «Բենզին ներկրող կազմակերպությունները հիմա բավականին խնդիրներ են ունենում Վրաստանի սահմանին: Այնտեղ հիմա խստացրել են մաքսանենգության դեմ պայքարը, ինչը խոչընդոտներ է ստեղծում ներկրողների համար»: Ինչ վերաբերում է արտահանմանը, այս տարի այն կազմել է 92 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 83 միլիարդի համեմատությամբ: Առաջին եռամսյակում նաեւ խախտումների շատ դեպքեր են արձանագրվել՝ 97, բայց, պրն Ավետիսյանի խոսքերով, «ոչ թե խախտումներն են ավելացել, այլ սկսել ենք ավելի շատ հայտնաբերել, որովհետեւ ավելի խիստ մոտեցումներ ենք կիրառում»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել