Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՏԱ՞Ր, ԹԵ՞ ԲԵՌՆԱՏԱՐ

Ապրիլ 16,2005 00:00

ՄԱՐԴԱՏԱ՞Ր, ԹԵ՞ ԲԵՌՆԱՏԱՐ Շիրակի մարզի ուղեւորներին այդպես էլ չի հաջողվում պարզել իրենց տրանսպորտի տեսակը Մինչ վերջին շրջանում Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչությունը սպասարկման որակը բարձրացնելու նպատակով հապշտապ մրցույթներ է անցկացնում, հօգուտ ուղեւորների էլ որոշակի «նորամուծություններ» կատարում, նույն ուղեւորները ավելի ու ավելի բողոքավոր են դառնում: Նրանցից շատերի կարծիքով, իրականում ոչ մի մրցույթ էլ իրենց չի փրկում տրանսպորտում «ճզմվելու» ու վարորդների «քեֆով» շարժվելու «տհաճությունից»: Իսկ տոնական օրերին, ըստ նրանց, տոնական «սյուրպրիզներ» է մատուցվում, օրինակ՝ գնի թանկացում, ինչպես որոշ երթուղիներում գրանցվել է Զատիկի օրը: «Իրենց թվում է, թե խոտ են տեղափոխում, հա բարձում ու բարձում են, պարտադիր պիտի շուռ գա, որ խելքի գա՞ն»,- որոշ վարորդների այսպես են մեղադրում ուղեւորները: Վարորդների արդարանալով էլ, իրենք այս ամենը անում են «մեծահոգությունից» դրդված. «Հո ուղեւորին չի կարելի էդ ցրտին սպասեցնել տալ»: Ու այս կարգախոսով, ուղեւորների պատկերավոր նկարագրությամբ, հատկապես միկրոավտոբուսները տեղ են հասնում «ծամածռվելով», իրենք էլ ինչ հիվանդություն ասես ձեռք չեն բերում: Ուղեւորները վկայում են, որ մարզպետարանի մտցրած նորամուծությունն էլ՝ տարանցիկ կանգառների գնացուցակը վարորդների անուն-ազգանվան հետ մեկտեղ փակցնելը, վերաբերում է ոչ բոլոր երթուղիներին, կան նաեւ «արտոնյալ» վարորդներ: Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչության պետ Մարզպետունի Մարգարյանի մեկնաբանությամբ, նորամուծությունը նպատակ ունի վերջ դնել վարորդների խարդախություններին, իսկ սա նշանակում է, որ ուղեւորը այլեւս չի պարտավորվում վարորդի «սրտի ուզածով» վճարելու, վեճի մեջ ընկնելու դեպքում էլ կարող է վարորդի անուն-ազգանունը վերցնել ու մարզպետարան բողոք ներկայացնել: Ի հիասթափություն մարզպետարանի պաշտոնյայի, իր նորամուծությունը ոչ բոլոր վարորդներն են հարգում: Օրինակ, «Առավոտին» դժգոհություններ էին հասել Գյումրի-Փանիկ-Արթիկ երթուղու մասին: Ուղեւորներից շատերի ասելով, այդպես էլ անհասկանալի է մնում վարորդների փող գանձելու տրամաբանությունը. Գյումրիից-Արթիկ սովորաբար 200 դրամ է, բայց եթե սխալվում ու Փանիկով ես երթեւեկում, դառնում է 250 դրամ: «Բայց հո մենք չե՞նք խնդրել մեզ շուրջերկրյա ճանապարհորդության տանել»,- ասում են ուղեւորները: Նման դեպք տեղի է ունեցել նաեւ Զատիկի օրը: Ուղեւորների պատմելով, իրենց այն հարցին, թե «ինչո՞ւ տարանցիկ կանգառների գնացուցակը փակցված չէ», վարորդներից մեկը չափազանց պարզունակ պատասխան է տվել. «Մենք ամեն օր կպցնում ենք, ամեն օր ուղեւորները պատռում ու թափում են»: Շիրակցիներին, բնականաբար, հիշյալ հարցից ավելի շատ հուզում է սեփական անվտանգությունը: Ըստ մարզպետարանի, թեեւ մրցույթը «անվտանգ ու կուլտուրական սպասարկման» համար է, սակայն, ըստ էության, անվտանգ երթեւեկության ապահովումը իրենց խնդիրը չէ, այն կամ պետավտոտեսչության, կամ էլ տրանսպորտի ու կապի նախարարության Շիրակի մարզը սպասարկող վերահսկողության վարչության աշխատակցի «սուրբ պարտքն» է: Այդ դեպքում ինչո՞ւ վերջիններս չեն մտածում իրենց պարտականությունների կատարման մասին: Օրինակ, ոստիկանության Գյումրիի բաժնի պետավտոտեսչության բաժանմունքի պետ Գուրգեն Դերձյանը պարզաբանեց, որ յուրաքանչյուրը պատասխանատու է իր տարածքի համար: Որ Գյումրին էլ սպասարկման որակով չի փայլում, մեր դիտարկման հետ պաշտոնյան ընդհանրապես չհամաձայնեց. «Ես չէի ասի, նախ եւ առաջ այն պատճառով, որ Գյումրիում այսօրվա դրությամբ արդյունաբերական օբյեկտներ չկան, այսինքն նույն ժամին մոտավորապես 20 կամ 30 հազար մարդ միաժամանակ աշխատանքի չի վազում, ծանրաբեռնվածությունը կարող է մի 5-10 րոպե տեւել՝ ուսանողների ու դպրոցականների դասի գնալու կամ վերադառնալու ժամերին»: Պաշտոնյան նաեւ տեղեկացրեց, որ իր ծառայությունը առաջին եռամսյակի ընթացքում 107 ուղեւորի տեղափոխման կանոնների խախտումներ է հայտնաբերել, որը քիչ թիվ չէ ու այս ընթացքում մոտ 5,5 միլիոն դրամի տուգանք է գանձվել, անցած տարվա համեմատ 1,2 միլիոնով ավելի: Գուրգեն Դերձյանը խոստովանեց, որ իրենց խստությունը սկսվել է Երեւանի ուղեւորատար տրանսպորտի հանրահայտ դեպքից հետո: Բայց որ Գյումրիի կամ էլ Շիրակի մարզի ցանկացած միջհամայնքային տրանսպորտ իր սպասարկման մակարդակով ներկայիս երեւանյանին շատ ու շատ է զիջում՝ այս մասին վկայում է ցանկացած ուղեւոր: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել