Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ

Ապրիլ 16,2005 00:00

«ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՑՎԵԼՈՒ Է ՋՈՒՐԸ» Երեկ փորձեցինք պարզել, թե ինչպես են խորհրդարանական ուժերը վերաբերվում այն հեռանկարին, որ ԵԽԽՎ նստաշրջանում հնարավոր է՝ արտահերթ քննարկվի Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ընթացքը: Ընդհանուր առմամբ՝ հանգիստ վերաբերմունք էր: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ եւ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն ասաց. «Ցանկացած հարցի քննարկում, եթե ժողովրդավարության շրջանակներում է՝ ես նորմալ եմ գնահատում»: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նշեց, թե անպատեհ չի համարում, որ որեւէ ատյանում քննարկվի իրենց նախագիծը. «Ինչքան շատ քննարկվի ու շատ կարծիքներ լինեն՝ այնքան դրական կլինի»: Սակայն բավական վրդովված էր ՄԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Գուրգեն Արսենյանը, որը նշեց, թե այդ նախաձեռնությունը «ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մտածված, հեռահար նպատակներ ունեցող ակցիա, որը մենք չենք ողջունում: Նախաձեռնողը Շավարշ Քոչարյանն է, որը լավագույնս հնարավորություն ուներ մասնակցելու սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Հնարավորություն ուներ նաեւ միասնական ընդդիմության կամ անձամբ իր կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծ դնել շրջանառության մեջ: Գտնում եմ, որ դա առնվազն անհարգալից վերաբերմունք է այն գործընթացի նկատմամբ, որ մինչ այժմ իրականացվել է: ՄԱԿ-ն իր դիրքորոշումը կարտահայտի այդ նախաձեռնության վերաբերյալ. ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ Ստրասբուրգում կզրուցեմ այն պատգամավորների հետ, ովքեր ստորագրել են այդ նախաձեռնության ներքո եւ կբացատրեմ, թե ինչ տհաճ իրավիճակում են հայտնվել իրենք, այդ թվում՝ նաեւ այն պատգամավորները, որոնց հետ միեւնույն խմբի անդամ ենք: Քանի որ չեմ գտնում, թե արված գործի նկատմամբ կարելի է այդպիսի վերաբերմունք դրսեւորել՝ պարզապես մի նպատակ հետապնդելով՝ հայտնվել այդ գործընթացում: Ժամանակը բաց են թողել եւ հիմա հուսահատ ճիգեր են անում, որ նորից կարողանան հայտնվել Սահմանադրության փոփոխությունների գործընթացում»: Ընդմիջենք պրն Արսենյանին՝ մեջբերելու համար, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն էլ է բավական զայրացած արձագանքել այս նախաձեռնությանը: Եվ նշել է, թե Շավարշ Քոչարյանը ԵԽԽՎ մի շարք պատգամավորների թյուրիմացության մեջ է գցել, իսկ նրա ներկայացրած «Սահմանադրական փոփոխությունների ընթացքը Հայաստանում» բանաձեւի նախագծի ձեւակերպումները, ըստ Թորոսյանի՝ «ուղղակի ծիծաղելի են»: Նա անհեթեթություն է անվանել փաստաթղթի առաջարկը՝ կոչ անել իշխանություններին եւ ընդդիմությանը երկխոսության մեջ մտնել սահմանադրական փոփոխությունների առնչությամբ, քանի որ նման կոչ արվել է բազմիցս: «Ի՞նչ կոչի մասին է խոսքը, երբ ընդդիմությունն ինքն իրեն դուրս է դրել այս գործընթացներից, եւ ի՞նչ կապ ունի այստեղ իշխանությունը»,- «ՆՏ»-ին ասել է պրն Թորոսյանը: Նա անհեթեթ է անվանել նաեւ բանաձեւի 2-րդ կետը, որով Վենետիկի հանձնաժողովին կոչ է արվում շարունակել իր մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացին. «Վենետիկի հանձնաժողովի հետ հիանալի հարաբերություններ են, այդ մասնակցությունը մշտապես եղել է»: ԱԺ փոխնախագահի համոզմամբ, սա անիմաստ ու վնասակար ձեռնարկ է. «Անհեթեթ է առանց որեւէ հիմքի ՀՀ անունը հոլովել այս կամ այն միջազգային կազմակերպությունում»: Իսկ Գուրգեն Արսենյանը երեկ նշեց. «Մարդկանց հանգիստ չէր տալիս, էլի, այդ գործընթացից դուրս մնալու արհեստական վիճակը եւ հիմա հեռվից եկող գործընթացով փորձ է արվում մեր բոլորի արած աշխատանքը ջուրը գցել»: Մեր հարցին, թե ինչո՞ւ է վստահ, որ ԵԽԽՎ-ում այս հարցի քննարկման դեպքում իրենց աշխատանքը գցվելու է ջուրը՝ ՄԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Պարզապես նպատակն է դա: Բայց մենք չե՛նք թողնի, որ այդպես լինի»: Նաեւ վիրավորվածություն հայտնեց, որ ստորագրահավաքի մասին իմացել է շատ անակնկալ. «Շավարշ Քոչարյանը եւ Գուրգեն Արսենյանը նույն՝ լիբերալ-դեմոկրատների խմբի անդամներ են: Եվ երբ ես իմանում եմ, որ Շավարշ Քոչարյանի նախաձեռնությամբ՝ լիբերալ-դեմոկրատների խմբի անդամ Ռասսել Ջոնսթոնի եւ մի քանի այլոց ստորագրություններով նման գործընթաց է սկսվել… պարզապես էթիկայի խնդիր կա: Ես նույնիսկ այդ դեպքում կմտածեմ՝ արդյոք մնա՞մ այդ խմբում, թե՞ ոչ»: Թերեւս առաջիկայում ներկայացնենք նաեւ Շավարշ Քոչարյանի պարզաբանումները: Իսկ մինչ այդ նշենք, որ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երեկ Գուրգեն Արսենյանի հայտարարությունների առնչությամբ ասաց. «Չեմ փորձի գնահատականներ տալ անհեթեթություններին: Այդ խմբակցության ղեկավարը ոստիկանների վայրագություններին եւ նրանց՝ թուրքերին բնորոշ գործելակերպին էր տվել բարձր գնահատականներ: Եվ ուղղակի նպատակահարմար չեմ համարում մեկնաբանել նրա ասածները»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել