Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳԱ ՕՐԸ՝ ԲԱՐԻՆ ՀԵՏԸ»

Ապրիլ 16,2005 00:00

Լորիս
Ճգնավորյանը պատրաստվում է ապրիլի 24-ի համերգին եւ առայժմ խուսափում է սուր հարցադրումներից
Երեկ Հայաստանի ժուռնալիստների միությունում հրավիրված ասուլիսի նպատակն էր
տեղեկացնել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 23 լույս 24-ին կայանալիք
կեսգիշերային համերգի մասին՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ասուլիսի սկզբում
Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Ժակ Հակոբյանը շեշտելով, իր բառերով՝ Լորիս Ճգնավորյանի
օրիգինալ մաեստրո լինելը, տեղեկացրեց, որ համերգին Արական հոգեւոր երգչախմբի եւ մենակատարներ
Սուրեն Մկրտչյանի (տենոր), Վահագն Հովենցի (բարիտոն) մասնակցությամբ ու Լ. Ճգնավորյանի
ղեկավարությամբ կհնչեն միջնադարյան հայկական շարականների ճգնավորյանական մշակումները,
որոնք ամփոփված են «Քրիստոսի կյանքը» օրատորիայում: Վերջինիս ավարտից անմիջապես հետո,
բնականաբար՝ գիշերը, կկազմակերպվի մոմերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ Մեծ եղեռնի հուշահամալիր,
որտեղ ապրիլի 24-ի արեւածագին կկատարվեն Ներսես Շնորհալու «Արեւագալի» շարականները:
Ներկայացնում ենք Լ. Ճգնավորյանի պատասխաններն «Առավոտի» հարցերին: –
Կայանալիք համերգին ինչո՞ւ չեք ընդգրկել ձեր հիմնադրած, Հայաստանում երբեք ելույթ
չունեցած «Հայաստանի վիրտուոզներ» կամերային նվագախումբը: – Վիրտուոզները
ելույթներ են ունենում միայն արտերկրում եւ սա նվագախումբ է, որ աշխատում է արտասահմանի
հրավերներով: Կարծում եմ, կգա Հայաստանում ելույթ ունենալու պահը: Ասենք՝ իշալլահ:
– Դուք՝ «օգտագործելով» Հայաստանի երաժշտական լավագույն ուժերը, սպասում եք
այդ երկրի հրավերի՞ն: – Ոչ, ես միայն ասացի իշալլահ: Թարգմանում եմ՝ առաջ
Աստված, կգա օրը՝ բարին հետը: – Կարելի՞ է ենթադրել, որ վիրավորված եք Հայաստանի
իշխանություններից: Թեեւ դրա համար հնարավոր է, որ ունենաք պատճառ: Օրինակ, երբ 1989-ի
փետրվարի 21-ին Նյու Յորքի Կարնեգի հոլում ձեր կազմակերպած համերգի շնորհիվ որպես
օգնություն Հայաստանին հավաքվել էր 500.000 ԱՄՆ դոլար, 1991թ. հունիսի 1-ին Երեւանից
Գյումրի ուխտագնացություն ակցիայի շնորհիվ՝ 15.000.000 ռուբլի, որով հաջողվեց ավարտել
Գյումրիի արվեստների ակադեմիայի շինարարությունը: Լինելով Երեւանի, Գյումրիի պատվավոր
քաղաքացի, ինչու չէ՝ «անկախության առաջամարտիկ», ոչ մի անգամ պաշտոնական հրավեր չեք
ստացել մասնակցելու անկախությանը նվիրված միջոցառումներին, պաշտոնապես հրավիրված
չեք եղել նաեւ ակադեմիայի բացմանը: – Ոչ մեկի դեմ բողոք չունեմ: Պետական այրերը
ժողովրդի մասն են կազմում: Երբ Քենեդին նախագահի իր երդումն էր տալիս, բարձրաձայն
արտահայտվեց. «Մի հարցրու երկրից՝ ինչ է պետք, հակառակը՝ լուռումունջ տուր երկրին»:
Այդպես ես արել եմ մինչեւ հիմա ու շարունակում եմ անել: Անկեղծ ասած՝ ես ինքս կրակում
եմ, ինքս էլ պաշտպանում ինձ: – Հետաքրքիր է, որ ձեր նման ձեռներեց մարդը Հայաստանում
իր գործունեության առաջին օրվանից մինչ այսօր չի անդամագրվել ոչ մի կուսակցության:
Երեւի տեղին է հիշել Իրանի շահի՝ ձեր հասցեին ասածը՝ Ճգնավորյանը մի մարդ, մի կուսակցություն
է, որը ոչ տալիս է, ոչ էլ վերցնում: – Այո, երբեք որեւէ կուսակցության անդամ
չեմ եղել: Չեմ ընդունում դրանք, ինչպես նաեւ մաֆիաները: Շատ տեղին են շահի ասած խոսքերը:
Նա ինձ շատ լավ է ճանաչում, քանի որ տարիներ շարունակ աշխատել եմ որպես պալատական
կոմպոզիտոր, այսօր էլ մոտ եմ թագավորին եւ նրա ընտանիքին: Բայց պետք է ասեմ, որ որեւէ
կուսակցության շարքում լինելը ունի նաեւ իր դրական կողմը այն պարզ պատճառով, որ տեղն
եկած ժամանակ զգում ես՝ կուսակցությունը մեջքիդ կանգնած է: Այնուամենայնիվ, առանձին
լավ է գործունեություն ծավալել, ոչ մեկից կախում չունես: Ունեմ իմ սրտի խոսքն ու
իմ դարդն եմ երգում: – Կարելի՞ է ենթադրել, որ այդպես կղզիացած, առանց որեւէ
օժանդակության, ձեր խոսքերով՝ սրտի խոսք եք ասում ու դարդ երգում: – Ճիշտ
այդպես: Ելնելով ձեր հարցի ենթատեքստից, կարող եմ բարձրաձայնել՝ ոչ մի բարերարի հետ
կապ չունեմ: Կրկնում եմ՝ ինքս կրակում եմ, ինքս էլ պաշտպանում ինձ: – Ժամանակին
գործուն մասնակցություն եք ունեցել մեր Եռագույնի, Զինանշանի եւ Օրհներգի ընդունման
ու հաստատման գործում: Ըստ ձեզ, այսօրվա հիմնը ավելի ներկայանալի՞ է Արամ Խաչատրյանի
գրած Օրհներգից: Թեպետ ինքներդ գիտեք, որ առաջին իսկ օրվանից ձեր առաջարկած եւ ընդունված
Օրհներգին դեմ էին մեր անվանի երաժիշտներն ու արվեստագետները: – Սուրբ օր
է գալիս, պատրաստվենք ազգովի արժանավայել դիմավորել: Եկեք գոնե այս օրով զերծ մնանք
քաղաքական բնույթի հարց ու պատասխանից: Խոստանում եմ բավարարել ձեզ առաջիկայում:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել