Թիվ
27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանն այսպես է բնութագրում այն պաշտոնյաների պահվածքը,
ովքեր դպրոցի տնօրենին պատժում են տասներորդցիների՝ դպրոց չհաճախելու համար: «Բոլոր
այն պաշտոնյաները, որոնք այսօր սուրն առած ճոճում են դպրոցի տնօրենի գլխին, թե 10-րդ
դասարանի աշակերտները վատ են հաճախում՝ քեզ կհանենք գործից, նույն կերպ են վարվել,
երբ իրենց երեխաները ընդունվելու համար պարապել են, որովհետեւ առանց պարապելու չեն
ընդունվի, եւ ոչ ոք իրենց չէր համարձակվի ասել՝ ինչո՞ւ ձեր երեխան դպրոց չի գալիս»,-
ասում է Ա. Բախշյանը: Թիվ 27-ում, ըստ դպրոցի տնօրենի, նույնպես 10-րդ դասարանցիների
հաճախելիությունը լավ չէ, սակայն նկատենք, որ այս տարի, հենց ԿԳՆ հրամանով, թույլատրվող
բացակայությունների 160 ժամը դարձավ 240՝ այդպիսով ճանաչվեց եւ ընդունվեց այն փաստը,
որ 10-րդ դասարանում իսկապես հնարավոր չէ պարապել կրկնուսույցի մոտ եւ դպրոցի դասերը
բաց չթողնել: Իհարկե, 240 ժամը գերազանցող աշակերտների համար էլ գործում է այլ մեխանիզմ՝
նրանք պարզապես դասի չեն գալիս եւ ստանում են ատեստատ: «Այսօր մեր պաշտոնյաները մեծ
վճռականությամբ ուզում են հմտանալ պատժելու մեխանիզմներ գտնելու մեջ՝ առանց տեսչության
մասին օրենքը ունենալու եւ չես հասկանում՝ իսկապե՞ս իրավիճակը շտկելու ցանկություն
է դա, թե՞ մի բաժակ ջրում փոթորիկ անելու մեզանում ընդունված ձեւ: Եթե այս ամենը
ձեւ չէ, ապա ուզում ենք հրապարակայնորեն իմանալ՝ ովքե՞ր են պրն Արեյանի հայտարարած
վերջերս ազատված 6 տնօրենները, ի՞նչ ստուգումներ են իրականացվել, ո՞ւմ հրամանով է
կազմվել տեսչական խումբը եւ ի՞նչ նպատակով: Ինչո՞ւ են ընդհանուր խոսում, թող հրապարակայնացնեն
փաստերը, որպեսզի իմանանք՝ կոնկրետ ո՞ր թերությունն է պատճառը, որի համար աշխատանքից
ազատվել է տվյալ տնօրենը: Եթե ուզում են պարզել, թե որ դպրոցներն են ատեստատ վաճառում,
շատ պարզ ձեւ կա. թող համեմատեն տվյալ դպրոցում նախորդ տարվա 9-րդ եւ այս տարվա 10-րդ
դասարանում սովորող աշակերտների թիվը, անունները՝ տարբերությունը կերեւա: Կամ հիշենք
անցյալ տարվա մեդալակիրների պատմությունը, որի մասին իմացանք միայն ընդդիմադիր թերթերի
էջերից, ասում են, թե կաբինետներում խիստ խոսակցություններ են եղել: Ի՞նչ օգուտ,
շատ ուսուցիչների ու տնօրենների են կանչել, նվաստացրել, խոսել, բայց ոչ ոքի ձեռք
չտվեցին: Ինչո՞ւ: Պատասխանը այս տարվա մեդալակրին արտոնությունից զրկելու որոշման
հետեւանքով 600-ի փոխարեն 30 անգամ պակաս թեկնածուների թվի փաստն է»: Տիկին
Բախշյանը գալիս է մի եզրակացության, որ դպրոցի շրջանավարտը վերջին տասնամյակներում
առանց ռեպետիտորների չի կարող հաղթահարել բուհի ընդունելության քննությունները, որովհետեւ
այդ շտեմարանները հատուկ գրվում են այնպես, որ դիմորդը առանց կրկնուսույցի մոտ պարապելու՝
չկողմնորոշվի: «Եվ այս մտածելակերպն այնքան է արմատացած մեր ժողովրդի մեջ, որ կան
երեխաներ, որոնք 8-9 տարի ընդհանրապես միջակից ավելի չեն ստանում, եւ հանկարծ տեսնում
ես՝ ծնողը 10-ում տեղափոխում է այնպիսի մի դպրոց, որտեղ ընդհանրապես չի հաճախում,
շտեմարաններն էլ 1 տարում «սովորում» է ու հետո ընդունվում բուհ»: Ըստ Ա.
Բախշյանի, եթե աշակերտը 10 տարի դպրոցում ամեն օր լավ սովորի, եւ շտեմարանների մաֆիան
վերացվի, ապա առանց կրկնուսույցի մոտ պարապելու կարող է ընդունվել բուհ, որովհետեւ
գոնե իր դպրոցի ուսուցիչներն ի վիճակի են ապահովելու պետական չափորոշիչով սահմանված
գիտելիքները: Սակայն աշակերտը եւ ծնողը չեն հավատում դրան: Իսկ դրա պատճառը «շտեմարան
գրողների մաֆիան է», որի նպատակը ոչ թե երեխային գիտելիքներով զինելը, ստեղծագործաբար
մտածելու կարողություն եւ հմտություն տալն է, այլ մեխանիկորեն գրելը: «Շտեմարանն
այնպես են կազմում, որ ուսուցիչն անգամ երկար-բարակ մտածի դրա վրա, եւ ճիշտը դառնա
իրենց մենաշնորհը: Դրանով դիմորդին կախման մեջ են գցում իրենցից, դասախոսն ասում
է՝ պարապեք ինձ մոտ, հետո ես հանձնաժողովում կլինեմ, օգտակար կլինեմ: Առաջ է գալիս
լրացուցիչ գումարների հարցը, արդյունքում՝ մի փակ շրջան, որտեղից դուրս գալու համար
անհրաժեշտ են արմատական քայլեր, որոնք պետք է անի նախարարությունը՝ որպես կրթության
քաղաքականության օրինական պատասխանատու»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ