«Մարտական
խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, «Արծիվ» մահապարտների ջոկատի հրամանատար Արկադի
Սեմերջյանի այրին՝ Նելլի Մինասյանը եւ դուստրը Բուզանդի 9 շենքի 5 բնակարանից զրկվելու
վտանգի առաջ են կանգնել: Զոհված ազատամարտիկի ընտանիքին վտարելու պահանջով
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան դիմած «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն
հաղթել է: «Որպես փոխհատուցում» առաջին ատյանի դատարանը վճռել էր մահապարտի ընտանիքին
վճարել $ 9000: Դռնբաց դատական նիստին պատասխանողները ներկա չեն գտնվել եւ,
փաստորեն, դատարանը վճիռ է կայացրել առանց Բուզանդի 9 շենքի 5 բնակարանի բնակիչների:
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը դատարանում հայտնել էր, որ ՀՀ կառավարության
որոշմամբ, Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի
իրականացման միջոցառումների համար տարածքի իրացման գործընթացը հանձնվել էր հայցվորին՝
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին: Մահապարտի ընտանիքի բախտը ակնհայտորեն չէր բերել, որովհետեւ
իրենց սեփական բնակարանը ընդգրկված էր վերոնշյալ տարածքում: ՓԲԸ-ն դիմել էր «Օրրան»
ՍՊԸ-ին, որն էլ ազատամարտիկի ընտանիքի բնակարանը գնահատել է $ 9000: Սակայն
հասկանալի է, որ այդ գումարով այսօր ոչ ոք չի կարող բնակարան գնել անգամ Երեւանի
ամենախուլ ծայրամասում: Արկադի Սեմերջյանի ընտանիքը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանին՝ հայտնելով, որ «այդպիսի վերաբերմունքը չի տեղավորվում ոչ միայն
բարոյական, այլեւ օրենսդրական, իրավական հարթության մեջ»: Վիրավորված Սեմերջյանները
նաեւ տեղեկացրել էին նախարարին, որ հօգուտ հայցվորի կայացրած վճիռը անհարկի խախտել
է իրենց՝ հայրենիքի համար զոհվածի ընտանիքի սեփականության իրավունքը: ՀՀ պաշտպանության
փոխնախարարի աշխատակազմը գրավոր պատասխան էր ուղարկել Նելլի Մինասյանին, թե նրա դիմումը
քննարկվել է ՀՀ ՊՆ տեղակալի վարչական ապարատում: Միեւնույն ժամանակ գրել էին. «ՀՀ
ՊՆ-ն չի կարող միջամտել դատավարության ընթացքին, քանզի արդարադատության իրականացման
գործառույթը վերապահված է միայն դատարաններին»: Զոհվածի ընտանիքը դիմել է ՀՀ քաղաքացիական
գործերով վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ գիտաշխատող, ինժեներ-շինարար Արկադի
Սեմերջյանը զոհվել է ռազմաճակատում՝ 1992 թվականին: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ