Ըստ որոշ փորձագետների, դա է պատճառը, որ իշխանությունները
համառորեն չեն հրաժարվում հանրահավաքները փաստացի արգելող օրենքից: 2004
թվականի ապրիլին ՀՀ Ազգային ժողովը նախանձելի արագությամբ քննարկեց եւ ընդունեց «Ժողովներ,
հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը: Դեռ ընդունման պահին
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել՝ նշելով,
որ փաստաթուղթը չի համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած
միջազգային պարտավորություններին: Երեկ «Գործընկերություն հանուն բաց հասարակության»
նախաձեռնությունը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում, որի թեման նշված օրենքն էր:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով,
այս օրենքի հապշտապ ընդունումով «կարծես թե ետին թվով օրինականացվեցին իշխանությունների
մինչ այդ արած գործողությունները: Քաղաքական իրավիճակը ստիպեց ընդունել օրենքը, որն
իր մեջ պարունակում է ականներ, դրանք ցանկացած պահի արգելակող ֆունկցիա կարող են
իրականացնել»: Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ-ն այս ընթացքում բազմիցս առաջարկել
են նշված օրենքում փոփոխություններ կատարել: Ցավոք, ԱԺ-ում այդպիսի նախաձեռնություն
առայժմ չեն ցուցաբերում: «Ժողովրդավարություն. քաղաքական եւ իրավական հետազոտությունների
կենտրոն» կազմակերպության ղեկավար Վարդան Պողոսյանի տեսանկյունից, օրենքի հիմնական
բացերն են՝ համաչափության սկզբունքի բացակայությունը, ինքնաբուխ հավաքների բացառումը,
եթե դրանց մասնակցում են 100-ից ավելի մարդիկ (101 մարդու առկայության դեպքում հավաքը
որակվում է անօրինական), հավաքների անցկացման վայրերի անհարկի սահմանափակումները
(հատուկ նշանակության օբյեկտներից մինչեւ 150 մետր չի թույլատրվում հավաքներ անցկացնել,
իսկ ցանկը սահմանում է կառավարությունը. ինչպես հայտնի է, 2004-ի օգոստոսին կառավարության
սահմանած այդ ցանկում է նաեւ նախագահի նստավայրը, Օպերայի հրապարակը, Մարզահամերգային
համալիրը): Պարոն Պողոսյանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստին, որ այս օրենքից
բխող փոփոխություններ իրականացվեցին ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում
եւ Ոստիկանության մասին օրենքում, որոնք առավել խստացրին սահմանափակումները: Գնահատելով
քաղաքական գործընթացները՝ Վ. Պողոսյանը ընդգծում է, որ իշխանությունները խախտում
են անգամ այս ոչ ժողովրդավարական օրենքի կետերը. «Գործում է սովետական ստերեոտիպը՝
դուք այդ իրավունքը կունենաք այնքանով, որքանով մենք կուզենանք: Ամենաթարմ դեպքը՝
«Ա1+»-ի ապրիլի 2-ի երթը…»։ Իր՝ Հայաստանում հանրահավաքներ անցկացնելու
ազատության վերաբերյալ միջազգային գնահատականում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի
տեղակալ տիկին Իեյն Կոնկեւիչը մասնավորապես նկատեց, որ օրենքն իր կողմնորոշմամբ պետք
է հակված լինի դեպի հավաքների ազատության իրավունքի ապահովումը: Տիկնոջ կարծիքով,
սահմանափակումները պետք է լինեն միայն բացառիկ դեպքերում, երբ ակնհայտ է սպառնալիքը:
Ի դեպ, նա հատուկ նկատեց. «Սահմանափակումն արգելքը չէ»: Այս առիթով Վենետիկի հանձնաժողովի
եզրակացությունում գրված է. «Օրենքը պետք է սահմանի պետական իրավասու մարմինների
կողմից միջամտության թույլատրելի շրջանակները, ինչպես նաեւ կարգավորի թույլտվությունների
տրամադրման համակարգը՝ առանց անհարկի ուշացումների»: Խիստ խճճված եւ բարդ համարելով
հավաքների անցկացման մասին օրենքով սահմանված ծանուցման կարգը՝ տիկին Կոնկեւիչը,
հղում անելով ԵԱՀԿ փորձագետների գնահատականներին, համաձայնեց նաեւ Վ. Պողոսյանի մատնանշած
թերությունների հետ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը
քննարկումը լքեց կեսից, հույս հայտնեց, որ նման քննարկումները կդառնան օրենսդրական
նախաձեռնությունների հիմք: Ի դեպ, այս առիթով ԱԺՄ-ն ներկայացնող Ալբերտ Բաղդասարյանը
նկատեց, որ խնդիրը ոչ թե լավ կամ վատ օրենքի մեջ է, այլ՝ իշխանությունների քաղաքական
կամքի բացակայության: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ