Հայ
«ռեյսավիկները» դժգոհում են հայ-իրանական տնտեսական պայմանագրից, հայերի պարսկահաճո
կեցվածքից եւ պարսիկների արհամարհական վերաբերմունքից: Հայաստանից Իրան հեռագնա
ուղերթներով բեռնափոխադրում իրականացնող վարորդները մի քանի հարյուր են: Վարորդներ
Էդիկ Դավթյանի, Հմայակ Եղիազարյանի եւ Վարդան Եղյանի ասելով, իրենք ունեն բեռնափոխադրման
տասնամյակների փորձ: Հիասթափվելով վրացական միջանցքում ցուցաբերվող վերաբերմունքից,
տարիներ առաջ նրանք տեղափոխվել են հայ-իրանական երթուղի: Սակայն համոզվել են, որ,
չհաշված վրացական միջանցքը, Հայաստան-Ռուսաստան ուղին գերադասելի է հայ-իրանականից:
«Մենք վիրավորված ենք այն կողմնակալ վերաբերմունքից, որ ցուցաբերվում է Հայաստանի
նկատմամբ,- ասում է Է. Դավթյանը:- Իրան արտահանելու դեպքում մեզ թույլատրվում է բեռները
հասցնել մինչեւ Ջուլֆա (սահմանից 65 կմ): Այնինչ պարսիկները բեռները փոխադրում են
Հայաստանի մի ծայրից մյուսը՝ անցնելով 600 կմ: Ընդ որում, մենք վճարում ենք $306
մաքսային տուրք՝ անկախ մեքենայի ծավալից: Մինչդեռ մեր հարեւանները տուրքը վճարում
են ըստ մեքենայի ծավալի: Գործող կարգի համաձայն, Իրանում փոխադրումներ կատարողը
10 օրից պետք է թողնի երկիրը, սակայն հարմար բեռ հայթայթելու հույսով վարորդները
ստիպված են լինում հասնել Թավրիզ, դրանով խախտելով սահմանված ժամկետը: Հետեւանքը՝
վարորդները տուգանվում են, ենթարկվում տեղական չինովնիկների կամայականություններին:
«Իսկ կարգը հարկադրված ենք խախտում, որովհետեւ մեզ համար սահմանված երթուղին կարճ
է, բեռները՝ քիչ: Դրանով վերադառնալն անիմաստ է»,- պարզաբանում է Հ. Եղիազարյանը:
Դժգոհության մի այլ պատճառ էլ վառելիքի խնդիրն է. «Մեր վարորդները պարտավոր
են վառելիք գնել միայն տեղի իշխանությունների կողմից նախատեսված Ջուլֆայի լիցքակայանից,
որտեղ միշտ էլ արտահերթ սպասարկում են պարսիկների մեքենաներին՝ մեզ անտեսելով: Իսկ
պարսիկները մեր երկրում կարող են լիցքավորվել ցանկացած կայանում»: Բացի այդ,
Մեղրու մաքսակետում վարորդներին արգելվում է ներկրել 100 լիտրից ավելի վառելիք: Դրանից
ավելին պահվում է, բնականաբար՝ վճարովի, որպեսզի վերադառնալիս հանձնվի վարորդին:
Բայց Ջուլֆայում սահմանվածից ընդամենը մեկ գրամ ավելի վառելիք հայտնաբերելու դեպքում
վարորդները զրկվում են այնտեղ վառելիք գնելու իրավունքից, այն էլ՝ էժան վառելիք:
Հասկանալի է, որ պարսիկներն այդ սահմանափակումը մտցրել են, որ վարորդները 65 կմ-ից
«չխորանան»: Ամեն օր իշխանամետ լրատվամիջոցները շեփորահարում են հայ-իրանական
առեւտրատնտեսական կապերի կայացման մասին: Բայց պարզվում է, որ գործող հայ-իրանական
միջպետական փաստաթղթերը դեռեւս բավարար չեն մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու
եւ Հայաստանի ձեռնարկատիրությանը նպաստելու համար: Իսկ հարեւան երկրի համար՝ ընդհակառակը:
Հայաստանի բեռնափոխադրողներին արգելվում է Իրանում անցնել 65 կմ-ից ավելի, որովհետեւ
հայրենի իշխանավորները համաձայնել են, որ բնապահպանական տեսակետից անթույլատրելի
է մեր բեռնատարների շահագործումը ավելի հեռավոր վայրեր: Փաստորեն, ստացվում է, որ
եթե նույնիսկ բեռնափոխադրող ընկերությունները ջանան հարմարեցնել իրենց մեքենաները
նրանց բնապահպանական պահանջներին, միեւնույն է, գործելու է միջպետական փաստաթղթով
սահմանված արգելքը: ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ