Երեկ լրագրողներին հարցրեց Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը
Արմեն Ավետիսյանի դեմ կատարված մահափորձի գործով արժեքավոր տեղեկություններ հայտնող քաղաքացիներին 100 հազար դոլար պարգեւատրման մասին պարոն Ավետիսյանը, իր ասելով, տեղեկացել է թերթերից: Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ պարգեւատրողներն այդ գումարը բյուջեի՞ց են տալու, թե՞ այլ աղբյուրներից: Արմեն Ավետիսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում միանշանակ հերքեց բյուջեից նման գումար հայթայթելու տարբերակը. «Երբ թերթում կարդացի այդ հայտարարությունը, ես էլ զարմացա: Բայց գումար առաջարկելու տարբերակը միջազգային պրակտիկայում ընդունված է, եւ մարդիկ հարմար են գտել այդ ձեւով խնդիրը լուծել: Ինչ վերաբերում է գումարի տրամադրմանը, ակնհայտ է, որ բյուջեից չեն վերցնի, որովհետեւ նախ այդքան փողը պետք է բյուջեում դրված լինի»: Վերջը չպարզեց՝ փողն ով է տալու:
Պարոն Ավետիսյանը վստահեցրեց նաեւ, որ դեպքն իր անձի հետ կապված չէ. «Ես այսօր հանրապետությունում անձնական թշնամիներ չունեմ, ունեմ միայն շատ լավ ընկերներ, լավ բարեկամներ եւ լավ շրջապատ»: Հարցին, թե արդյոք համարժե՞ք է նշանակված պարգեւը այդ միջադեպին, նա հարցով պատասխանեց՝ «Բա իմ կյանքն ինչքա՞ն եք գնահատում»: Մամուլում դեպքի առնչությամբ տարբեր վարկածներ են հրապարակվել՝ մասնավորապես նշելով, որ պայթուցիկ սարքի գործարկման ժամանակ կոմիտեի նախագահը գործուղման է մեկնել արտասահման կամ շենքում է եղել: Բայց պարոն Ավետիսյանը ներկայացրեց միջադեպն ամենայն մանրամասնությամբ. ինքն ամեն անգամ մեքենան կանգնեցնում է շենքի ծառի մոտ, որի բնի տակ տեղադրված է եղել պայթուցիկը ու այդ օրը դուրս է եկել հետեւի դռնից՝ ծառից 30-40 սմ հեռավորության վրա: Չհասցնելով 2-3 քայլ անել՝ սարքը պայթել է:
Կոմիտեի նախագահը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2005-ի եռամսյակային արդյունքները, որը սկսեց այսպես. «Մենք նախատեսված պլանը գերակատարել ենք 241 մլն դրամով, բացի այդ, տարեկան ցուցանիշներով մաքսային մուտքերի հավաքագրումն ավելացել է 16%-ով, եւ մաքսային հատվածը բյուջետային մուտքերի 46%-ն է ապահովել»: Նա նշեց, որ այս տարի մի քանի ապրանքատեսակների առումով ներմուծման աճ ունեն, ընդ որում, ավելացել է ավտոմեքենաների, դիզելային վառելիքի եւ ծխախոտի ներմուծումը: Նախորդ տարիների համեմատությամբ՝ այս տարի քիչ է ներմուծվել ցորեն, շաքար, միս եւ բենզին: Բենզինի վերաբերյալ պարոն Ավետիսյանը պարզաբանեց. «Բենզին ներկրող կազմակերպությունները հիմա բավականին խնդիրներ են ունենում Վրաստանի սահմանին: Այնտեղ հիմա խստացրել են մաքսանենգության դեմ պայքարը, ինչը խոչընդոտներ է ստեղծում ներկրողների համար»: Ինչ վերաբերում է արտահանմանը, այս տարի այն կազմել է 92 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 83 միլիարդի համեմատությամբ: Առաջին եռամսյակում նաեւ խախտումների շատ դեպքեր են արձանագրվել՝ 97, բայց, պրն Ավետիսյանի խոսքերով, «ոչ թե խախտումներն են ավելացել, այլ սկսել ենք ավելի շատ հայտնաբերել, որովհետեւ ավելի խիստ մոտեցումներ ենք կիրառում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ