Կասպյան
զարգացումներ «Առավոտի» նախընթաց համարներից մեկում անդրադարձել
էինք ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի Բաքու կատարած խորհրդավոր այցին
եւ դրա համատեքստում՝ ամերիկյան մոբիլ զինստորաբաժանումների՝ Ադրբեջանում տեղակայման
հնարավորությանը: Երեկ մի ծավալուն հոդվածով այս թեմային է անդրադարձել նաեւ ռուսական
«Նեզավիսիմայա գազետա» օրաթերթը: Այդ հրապարակման մեջ, որի ամենաէական հատվածները
ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորեւ, ամերիկյան եւ ադրբեջանական հեղինակավոր
վերլուծական կենտրոններից քաղված ուշագրավ տեղեկություններ կան վերոհիշյալ ծրագրի
տեխնիկական մանրամասների մասին: Այսպես: Կասպիական ավազանում ամերիկյան ռազմա-ոստիկանական
ամուր եւ դյուրաշարժ ցանց ստեղծելու գաղափարն առաջացել է 2003թ., Պենտագոնի «ընդերքում»:
Այն ենթադրում է մերձկասպյան երկրներում արագ արձագանքման ոստիկանական հատուկ խմբերի
ձեւավորում, որոնք ի վիճակի կլինեն օպերատիվորեն կասեցնել տարածաշրջանի նավթային
օբյեկտներին սպառնացող (այդ թվում՝ ահաբեկիչների կողմից) ցանկացած վտանգ: Փաստորեն,
այսպես կոչված՝ «Կասպիական պահպանությունը» (ԿՊ), վերլուծաբանների գնահատմամբ, կվերածվի
ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «առաջապահ պոստի» (ֆորպոստ- խմբ.), որն անմիջականորեն
կենթակայեցվի Շտուտգարտում գտնվող շտաբ-բնակարանին: ԿՊ-ի հրամանատարական կենտրոնը,
որը հագեցած կլինի նորագույն ռազմապաշտպանական հանդերձանքով, կտեղակայվի Բաքվում:
«Ուոլ Սթրիթ Ջոռնլի» տվյալներով, առաջիկա 10 տարիներին ԿՊ-ի գործունեության ապահովման
նպատակով ԱՄՆ-ն կծախսի մոտ 100 մլն դոլար, որը կնպատակամղվի ինչպես ամերիկյան զինստորաբաժանումների
տեղակայմանն անհրաժեշտ ենթակառույցների ստեղծմանը, այնպես էլ ադրբեջանցի համապատասխան
մասնագետների պատրաստմանը: Ինչ վերաբերում է Պենտագոնի՝ կասպիական ծրագրերի
իրագործման քաղաքական կողմին, ապա գոնե ադրբեջանական ռազմական փորձագետների գնահատմամբ,
պաշտոնական Բաքվի կողմից խոչընդոտներ չեն լինի, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն
այդպիսով հանդգնում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ: Ըստ այդմ
նշվում է, թե միջազգային հակաահաբեկչական պայքարի շրջանակներում ԱՄՆ-ի հետ համագործակցության
խորացման ուղղությամբ բազմաթիվ քայլեր կատարած Ադրբեջանը դժվար թե կես ճանապարհից
ետ կանգնի: Բացի այդ, ԿՊ-ի իրագործումը շռայլ տնտեսական փոխհատուցում է խոստանում
այդ ծրագրի մեջ ներգրավված մերձկասպյան երկրներին: Ուշադրության է արժանի այն, որ
պաշտոնապես ԿՊ-ի գործունեության նպատակ է հռչակվելու ոչ թե, ինչպես նշվեց վերը, նավթային
օբյեկտների պահպանությունը, այլ «վտարյալ (իզգոյ) երկրների միջուկային նկրտումների
դեմ պայքարը»: Բնականաբար, խոսքն առաջին հերթին Իրանի մասին է, որը, ԿՊ-ն մտահղացողների
պատկերացմամբ, գտնվելու է մշտական հսկողության ներքո: Պատր.՝
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ