Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն վախենո՞ւմ է իր մեղքի բացահայտումից

Ապրիլ 16,2005 00:00

«Հակաթուրքական
հիստերիա կա Հայաստանում, եւ չեմ ցանկանում, որ իմ երեխան մեծանա այդ հիստերիայի
պայմաններում»,- ասում է ՄԱԿ խմբակցության ղեկավարը եւ արժանանում ՀՅԴ հակահարվածին:
Երեկ ճեպազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հայաստանին արված առաջարկին՝ համատեղ քննություն անցկացնել
1915 թվականին «Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»՝
Գուրգեն Արսենյանն ասաց, թե ՄԱԿ-ը Թուրքիայի հետ երկխոսության կողմնակից քաղաքական
ուժ է. «Պետք է ողջունվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իրար ընդառաջ ցանկացած քայլ:
Մենք չենք ողջունում այն քաղաքականությունը, որ այսօր որդեգրված է, քանի որ գտնում
ենք, թե չպետք է կորցնել հարեւանների հետ քաղաքական մերձեցման հնարավորությունը:
Եվ ամեն ինչ պետք է անել, որ հարեւանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ»:
Նաեւ հավելեց. «Սակայն ես համոզված եմ՝ իշխանության այն հատվածը, որ ազգայնական գաղափարախոսության
կրողն է, հրաժարվելու է մասնակցելուց, որովհետեւ վախ ունեն, որովհետեւ այդ փաստաթղթերի
մեջ կարող է բացահայտվել նաեւ իրե՛նց մասնակցությունը, մեղքի չափը»: Գուրգեն Արսենյանը
հրաժարվեց իր պնդումների հասցեատիրոջը որոշակիացնել, սակայն ակնարկը շա՜տ էր թափանցիկ:
Եվ երբ ՄԱԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունները փոխանցեցինք ՀՅԴ խմբակցության
ղեկավար Լեւոն Մկրտչյանին՝ ի պատասխան ասաց. «Նորություն չէ. դեռեւս Աբդուլ Համիդ
սուլթանի հրամանով՝ պալատական շրջանակներում ձեւավորվեց տեսություն, որով 1890-ականների
ջարդերի համար փորձում էին մեղադրել հայ հեղափոխականներին: Եվ դա փորձ արվեց արտահանել
Եվրոպա»: Եթե այս զուգահեռի միջոցով ստացվեց, թե ՄԱԿ խմբակցության ղեկավարը
Աբդուլ Համիդի գործի յուրօրինակ շարունակողն է, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքի
շարունակությունն արդեն պարունակում էր անուղղակի թաքուն սպառնալիք. «Ցավոք, այն
ժամանակ եւս որոշ ազգությամբ հայ մարդիկ ձայնակցում էին տարբեր նկատառումներով դրան,
որոնց կյանքը շատ կարճ տեւեց՝ 10-12 տարի հետո այդ ձայները կտրվեցին»: Լեւոն
Մկրտչյանը նաեւ ասաց. «Մեր բոլոր այն հայ քաղաքացիներին, ովքեր կրկին՝ ինչպես Եղեռնի
ժամանակ էր, մեր հարեւանների հետ սիրախաղի կոչեր են անում, խորհուրդ կտամ մի հատ
բացել իրենց ընտանեկան գերդաստանը (եթե ունեն), նայել ազգանունները եւ տեսնել, թե
քանիսն են մորթվել թուրքերի կողմից, իսկ հետո այդ մարդկանց հիշատակի առջեւ մտածել՝
որպես այդ տոհմի շարունակող»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել