Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ «ԱՎՐՈՐԱՅԻ» ՀԱՄԱԶԱՐԿԵՐԻ

Ապրիլ 16,2005 00:00

«Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի նորընտիր նախագահ Արամ Սարգսյանը երեկ կուսակցության համագումարում
հայտարարեց, թե հայաստանյան հեղափոխությունն անգույն է լինելու, իսկ խորհրդանիշը՝
լույսը: Երեկ ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում վերջապես տեղի ունեցավ «Հանրապետություն»
կուսակցության երկար սպասված ու պարբերաբար հետաձգված 4-րդ համագումարը: Համագումարում
երեկ վերջնականապես իր հանգուցալուծումը ստացավ վաղուց արդեն ներկուսակցական խմորումների,
նույնիսկ քաղխորհրդի արդեն նախկին նախագահ Ալբերտ Բազեյանի կողմից իր հրաժարականի
հարցը դնելու առիթ դարձած աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը: Ռուսաստա՞ն, թե՞
Եվրամիություն, ԱՊՀ կոլեկտի՞վ, թե՞ Եվրոատլանտյան անվտանգության համակարգերի միջեւ
ընտրություն կատարելու հիմնահարցը երեկ համագումարում լուծվեց, ըստ էության, հօգուտ
Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի։ Համենայնդեպս, կուսակցության քաղխորհրդի անդամներ ոչ Արամ
Սարգսյանի, ոչ Սմբատ Այվազյանի, ոչ Սուրեն Սուրենյանցի եւ ոչ էլ Արտակ Զեյնալյանի
նման դիրքորոշման ճշմարտացիությունը երեկ որեւէ մեկը չվիճարկեց։ Իսկ ռուսամետ Ա.
Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանն այս առնչությամբ ելույթներ չունեցան: Արամ
Սարգսյանն իր ելույթում հիմնավորեց իր դիրքորոշումը, թե ինչու պետք է «պայթյունավտանգ
տարածաշրջանում» ապրող Հայաստանի ապագան կապել ոչ թե Ս. Սուրենյանցի բնորոշմամբ՝
«ոչ լեգիտիմ իշխանություններին սատարող» եւ Ռուսաստանի նախագահի բնորոշմամբ՝ «ակումբ»
հանդիսացող ԱՊՀ-ի, այլ՝ Արեւմուտքի եւ արեւմտյան արժեքները որդեգրելու հետ: «Արդեն
ՌԴ նախագահն էլ է հայտարարում, որ ԱՊՀ-ն միֆ է՝ Եվրամիությունը ձեւավորվել է, որ
պետություններին համախմբի, իսկ ԱՊՀ-ն՝ որ ԽՍՀՄ պետությունները իրարից քաղաքակիրթ
բաժանվեն: Այսինքն՝ մենք էդ ԱՊՀ-ում լինելով՝ ոչ թե ապագայի հարց ենք լուծում, այլ՝
անցյալի»,- ասաց Ա. Սարգսյանը: Իսկ ի՞նչ է պահանջում մեզնից քաղաքակիրթ աշխարհը:
Ա. Սարգսյանի ասելով՝ խաղաղություն ու կայունություն, կանխատեսելի զարգացում ունեցող
երկիր. «Որովհետեւ մեր անկանխատեսելի զարգացումներով, ոչ մի կերպ լուծումներ չգտնող
կոնֆլիկտներով մենք վտանգավոր ենք աշխարհի համար: Քաղաքակիրթ աշխարհը ուզում է մեզ
պաշտպանել մեզնից ու մեզ տեսնել ժողովրդավար: Արեւմուտքը մեզ ասում է՝ ընտրությունները
մի կեղծեք, ժողովրդի կամքի հետ հաշվի նստեք»: Ա. Սարգսյանը հայտարարեց նաեւ,
թե այսօր Հայաստանում ոչ թե իշխանափոխության, այլ հեղափոխության անհրաժեշտություն
կա: Որովհետեւ, ըստ նրա, իշխանափոխությունը նշանակում է անձի, իսկ հեղափոխությունը՝
արժեքային ու համակարգային փոփոխություն. «Դժբախտաբար, Հայաստանն այն իրավիճակում
է, որ հեղափոխություն է պետք անել, որովհետեւ իշխանափոխությամբ հարց չի լուծվելու:
Այսօր ունենք իշխանություն, որ ինքն է ուզում իշխանափոխություն կազմակերպել ու իշխանությունը
փոխանցել ինքն իրեն՝ մեկ այլ դեմքով: Հայտարարում եմ ի սկզբանե՝ Ռոբերտ Քոչարյանը
հեռանալու է եւ նրան չի հաջողվելու իր թափուր թողած աթոռին նստեցնել ոչ Սերժ Սարգսյանին,
ոչ էլ որեւէ ուրիշին»: Ա. Սարգսյանի այս հայտարարությունը համագումարն ընդունեց հոտնկայս
ծափերով: Նրա ասելով, հեղափոխությունն արվելու է միանգամից՝ ամբողջ երկրով, եւ «Հանրապետություն»
կուսակցությունը այդ հեղափոխությունն իրականացնելու է ոչ թե նախագահի նստավայրի վրա
«Ավրորա» հածանավի համազարկերի միջոցով, այլ՝ լույսի խորհրդանիշով: Ի դեպ, եթե Քոչարյանին
հեռացնելու կոչը դուր եկավ համագումարին ներկա ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին այնքան,
որ նա էլ այլոց հետ միասին ծափահարեց, ապա հեղափոխություն անելու գաղափարն ակնհայտորեն
նրա սրտովը չէր: Առաջին նիստի ընդմիջումը հայտարարվելուց անմիջապես հետո նա արագ
քայլերով եւ դժգոհ դեմքով լքեց համագումարը՝ չցանկանալով պատասխանել լրագրողների
հարցերին: Ա. Սարգսյանը կարեւորեց նաեւ այն, որ հեղափոխությունը չհամարվի
այս կամ այն կուսակցության մենաշնորհն ու անելիքը՝ «խրամատներ չկառուցվեն ընդդիմադիրների
շարքերում», եւ համախմբվելու կոչ արեց հասարակությանն ու քաղաքական ուժերին։ Ինչ
վերաբերում է Արցախի խնդիրը հայանպաստ լուծելուն, կուսակցության դիրքորոշումն այն
է, որ դա տեղի կունենա միայն այն պայմաններում, երբ Հայաստանն ու Արցախը ավելի ժողովրդավար
լինեն, քան Ադրբեջանը, եթե սկսվի տարածաշրջանային ինտեգրացիայի գործընթաց եւ Հայաստանը
տնտեսապես ուժեղ լինի։ Սուրեն Սուրենյանցն իր ելույթում անդրադարձավ հասարակության
շրջանում արմատացող այն մտայնությանը, թե դեմոկրատական հեղափոխությունները, ինչպիսիք
տեղի ունեցան Վրաստանում եւ Ուկրաինայում, բացառապես Արեւմուտքի գործուն աջակցության
արդյունքն են. «Չի կարելի այնքան թերագնահատել սեփական ժողովրդի անկախության ու ազատության
ձգտումը, որպեսզի կարծել, թե մեր կամ բարեկամ որեւէ երկրի քաղաքական ճակատագիրը որոշվում
է բացառապես Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգթոնում: Ա՛յս հանրապետությունում
է որոշվելու Հայաստանի ճակատագիրը»: Նա կարեւորեց նաեւ մեր բոլոր հարեւանների հետ
բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական
հարաբերությունների հաստատումը: Այդ առնչությամբ նա հատկապես շեշտեց. «Գործող իշխանությունների
քաղաքականությունը այս հարցում առավել քան պրիմիտիվ է եւ տեղավորվում է, այսպես կոչված,
հայ ավանդական քաղաքական մտքի լոզունգների, կեղծ հայրենասիրական մտավարժանքների շրջանակներում:
Որեւէ բանական մարդ չի կարող մոռացության տալ ցեղասպանության հարցը կամ թե անտեսել
ԼՂ-ի խնդիրը: Սակայն սրանք խնդիրներ են, որոնք ոչ թե հայ-թուրքական առճակատման, այլ
երկխոսության նյութ պետք է դառնան»: Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին համոզմունք
հայտնեց, որ Հայաստանը եւ ցանկացած պետություն կարող է զարգանալ խաղաղության պայմաններում.
«Ես դեմ եմ հարեւաններին որպես թշնամիներ, իսկ դպրոցականներին որպես «սվիններ», պոտենցիալ
սվին կրողներ տեսնելու գաղափարին ու այդ արժեքային համակարգին, դեմ եմ, որպեսզի Հայաստանը
ծառայեցվի որպես ֆորպոստ եւ որեւէ երկրի համար դիտվի որպես «գույք՝ պարտքի դիմաց»:
Ա. Զեյնալյանը փաստեց, որ «1998թ. Հայաստանում ծայր առավ մի նոր ազատագրական պայքար՝
հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ինքնիշխանության վերահաստատման, հանուն
ՀՀ օրինական նախագահ ունենալու»։ Նա արձանագրեց, որ «2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի
գիշերը 2003թ. ընտրությունների արդյունքների վիճարկման փուլն ավարտվել է, եւ հիմա
մտել ենք նոր փուլ, նոր որակի, արժեքային այլ համակարգ կրող իշխանություն ձեւավորելու
փուլ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել