Լրահոս
Օրվա լրահոսը

Մենակ

Ապրիլ 15,2005 00:00

Մենակ չե՛ս, մայրիկ Կարինե Խոդիկյանի այս վերնագրով նոր պիեսի բեմադրության պրեմիերան հաջողությամբ կայացավ Գլենդել քաղաքում։ ԱՄՆ-ի ամենահայաշատ այս քաղաքի մոտ 600 տեղանոց հանրահայտ «Սթարս» թատերասրահում վերջին տարիներին այսպիսի «բում» եւ օվացիա չէր եղել: Ամբողջ ներկայացման ժամանակ հանդիսատեսը կամ ծիծաղում էր, կամ արտասվում։ Բեմադրիչ եւ դերասան Ռաֆայել Գրիգորյանի ղեկավարությամբ Գլենդելում արդեն 15 տարի գործող «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, ինչպես ընդունված է ասել, հայաստանյան պրոֆեսիոնալ մակարդակով էր բեմադրել ճանաչված դրամատուրգի թատերգությունը։ Հանրածանոթ թեման՝ հայրենիքից պարտադրաբար հեռացած զավակների կարոտի ու թախծի մոտիվը, միայնակ ապրող մոր տառապանքը, հիրավի «հայկական դրամա», գլխավոր հերոսուհին կրում է արժանապատիվ ու անկոտրում եւ այն հավատով, որ, ի վերջո, կյանքը կմտնի իր բնականոն հունի մեջ եւ բոլոր տարագիրները, ինչպես նաեւ իր զավակները, տուն կվերադառնան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի փայլուն մարմնավորումը ոչ միայն իր՝ դերասանուհու վարպետության, այլեւ մարդկային կենսափորձի արդյունք է։ Եվ նրա ոգեշունչ, համոզիչ խաղը իսկապես հարուցում է հավատ, մարդկանց տոգորում այն իրական երազանքով, որ շուտով, շատ շուտով ամեն ինչ լավ է լինելու։ Միայնակ կնոջ հոգում այդ լավատեսությունը ներարկում է նաեւ Արցախի ազատամարտում զոհված եւ Եռաբլուրում ամփոփված որդի Արամը, որի հետ ամեն օր մայրը «զրուցում» է… Կյանքի սովորական թվացող փաստերը անսովոր դարձնելու դրամատուրգիական առանձնաշնորհը հավաստի եւ չպարտադրված ռեժիսուրայի, դերակատարների անմնացորդ խաղի շնորհիվ ստեղծել է հիրավի բովանդակալի ու գեղագիտորեն գրավիչ թատերախաղ։ Այս հետաքրքիր ներկայացման մեջ հաջողությամբ հանդես են գալիս նաեւ ճանաչված դերասանուհի Ալլա Թումանյանը (Անահիտ), սունդուկյանցի Սամվել Սարգսյանը (Գող), երիտասարդ դերակատարներ Լուսինե Սարգսյանը (Սոնա), Շուշան Կարապետյանը (Լիլիթ) եւ Արտաշես Սեմերջյանը (Արտակ)։ Հավաստի եւ վարակիչ խաղով իր ամեն մի բեմական մուտքն ու դրվագը տպավորիչ է դարձնում բեմադրիչի 16-ամյա որդին՝ Գեւորգ Գրիգորյանը (Գեւորգ)։ Սա Գյումրիի եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի երբեմնի դերասան եւ ռեժիսոր Ռ. Գրիգորյանի բեմական երրորդ «հանդիպումն» է Կ. Խոդիկյանի դրամատուրգիայի հետ. 1997-ին «Դարպասներ» եռերգության հիման վրա նա ստեղծել է աշխատանք, որի ցուցադրությանը ներկա է եղել նաեւ հեղինակը։ Իսկ անցյալ տարի Հայաստանում անցկացված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակում բեմադրել է հեղինակի «Մի կրակեք, ես արդեն սպանված եմ» պիեսը։ Ավելացնենք, որ Ռ. Գրիգորյանը անցյալ տարի Գյումրիի պետդրամայի թատրոնում հաջողությամբ բեմադրել է նաեւ իսպանացի դրամատուրգ Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» թատերգությունը՝ դարձյալ Վ. Վարդերեսյանի գլխավոր դերակատարմամբ։ Մոտ օրերս հանդիսատեսի պահանջով «Մենակ չե՛ս, մայրի՛կ»172ը կրկին կներկայացվի այս թատերասրահում (ի դեպ, տոմսերն արդեն սպառված են, հանգամանք, որն արտասովոր է գաղթօջախի համար), այնուհետեւ՝ Օրենջ Քաունթի քաղաքում (Կալիֆոռնիա)։ «Մհեր Մկրտչյան» խմբի լիազորն այս օրերին Մոսկվայում բանակցություններ է վարում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հետ՝ նրա ղեկավարած թատրոնում մայիս ամսին ցուցադրելու հիշյալ բեմադրությունը։ ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել