Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ,

Ապրիլ 15,2005 00:00

ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՁՈՒԼՎԱԾ Փաստաբանների «կրեատիվ» խաղերը Հայաստանի փաստաբանների միության (ՀՓՄ) եւ Փաստաբանների միջազգային միության (ՓՄՄ) անդամները իրար բարեւելիս հռետորական հարց են տալիս՝ «Իսկ դու միաձուլվե՞լ ես»: Այդ հարցը պատահական չէ, քանի որ երկու միությունների անդամները «պատասխանող-հայցվոր» են խաղում դատարանի դահլիճում՝ վիճարկելով մարտի 19-20-ը միաձուլման նպատակով հրավիրված Փաստաբանների ընդհանուր ժողովի արդյունքները: Հավանաբար, մեր փաստաբաններին այլեւս չի բավարարում զուտ քաղաքացիների պաշտպանությունը, եւ նրանք որոշել են իրենց վարպետությունը կատարելագործել՝ իրար դեմ «խաղալով»: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում չորրորդ հայցվորը՝ պալատի նախագահի պարտված թեկնածու (հաշվիչ հանձնաժողովի տվյալներով) Ռուբեն Սահակյանի ներկայացուցիչը՝ Հայկ Ալումյանն էր: Նկարագրելով պալատի նախագահի ընտրությունները, նա կարծիք հայտնեց, որ պալատի նախագահի հավաքած ձայները չեն կարող համարվել վավեր, որ ընտրություններն անցել են առանց կանոնակարգի եւ կանոնակարգված չի եղել քվեաթերթիկների ձեւը: Հաճախակի հիշատակելով Փաստաբանական գործունեության մասին օրենքը, նա գտնում էր, որ 10 փաստաբան արտոնագիր է ստացել առանց որակավորման քննությունների: Մասնավորապես, նա գտնում էր, որ 1999թ. օգոստոսի 27-ից հետո Ռեւիկ Գաբրիելյանը փաստաբանական գործունեությամբ չէր կարող զբաղվել, քանի որ եղել է պետական ծառայող: Իսկ Լեռնային Ղարաբաղից ԼՂ կոլեգիայի անդամ Աշոտ Թադեւոսյանը Հայաստանի փաստաբանների միության արտոնագիր է ստացել առանց որակավորման քննությունների: Հայկ Ալումյանը գտնում էր, որ հաշվիչ հանձնաժողովի անդամները տեսել են քվեաթերթիկները եւ ըստ էության փակ-գաղտնի քվեարկություն տեղի չի ունեցել: Ռ. Սահակյանի ներկայացուցչի կարծիքով, ընտրությունների արդյունքները ազդել են իր՝ փաստաբանի իրավունքների վրա: Երրորդ անձ ճանաչված Ռեւիկ Գաբրիելյանին հետաքրքրում էր, թե հատկապես նրա ո՞ր իրավունքն է խախտվել, ինչին Հայկ Ալումյանը պատասխանեց, որ «այլոց ապօրինությունների պատճառով իրավունք չեմ ունեցել ընտրվել եւ ընտրել», չնայած քիչ անց պարզվեց, որ Հ. Ալումյանը ընտրվել է խորհրդի անդամ այդ նույն՝ վիճահարույց ժողովում: Ի դեպ, Ռ. Գաբրիելյանը դատարանին խնդրեց հայցադիմումի մեկ օրինակ տրամադրել իրեն: «Առավոտի» տեղեկություններով, երրորդ անձ ճանաչվածները չէին ստացել հայցադիմումները: Հաշվիչ հանձնաժողովի տվյալներով, պալատի նախագահ ընտրված Ենոք Ազարյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը անընդունելի համարեց հայցադիմումում նշված պա-հանջները: Նա տեղեկացրեց, որ պալատի հիմնադիր ժողովին մասնակցել է 363 փաստաբան, որոնք հաշվառվել են, ստացել են մանդատներ եւ մասնակցել են ընտրություններին: Կանոնակարգում սահմանվածին, թե ժողովը պետք է կազմակերպեր Հայաստանի ամենատարեց փաստաբանը, պարոն Գրիգորյանը դատարանում հայտնեց, որ 85-ամյա Հակոբ Հակոբյանը ինքնուրույն չէր կարող կատարել ծավալուն կազմակերպչական աշխատանքները եւ որ նրան օգնել են ՀՓՄ-ն եւ ՓՄՄ-ն: Ինչ վերաբերում է պալատի նախագահի թեկնածուների սահմանափակմանը, Ռ. Գրիգորյանն ասաց, որ քվեարկության են դրվել բոլոր թեկնածուները (ինչպես տեղեկացրել էինք՝ եղել են չորսը), եւ որեւէ բողոք սահմանափակման կապակցությամբ չի ներկայացվել: Ռոբերտ Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ քվեարկությանը կողմնակի անձինք չեն մասնակցել: Փաստաբան Ռ. Գրիգորյանը գտնում էր, որ պետք է ամբողջ ծավալով մերժել հայցերը եւ որ հայցվորների պահանջը չի կարող դառնալ պալատի ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք: Ռ. Գրիգորյանին հայցվոր կողմը հարցեր էր տալիս, մասնավորապես, փաստաբան Արա Զոհրաբյանին հետաքրքրում էր, թե ներկա պահին ո՞ր միության անդամ է իրեն համարում Ռ. Գրիգորյանը: Վերջինս իրեն համարում էր Հայաստանի Հանրապետության միացյալ փաստաբանների միության անդամ: Նրա կարծիքով, միաձուլման եւ փոխանցման ակտը պետք է հանձնեին երկու իրավաբանական միությունները՝ իրենց որոշումներով: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել