Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանավորվածությունը

Ապրիլ 15,2005 00:00

Պայմանավորվածությունը խախտվեց «Պլակատ. «Ի սկզբանե խոսքն էր» գրառումով», «Պլակատ. «Դիտեք մեզ՝ ճանաչեք Ձեզ» գրառումով» Եւ այսպես հերթով ոստիկանության ՊԱՏ բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչն արձանագրել է այն բարձրախոսները, ուժեղացուցիչները եւ միկրոֆոնները, որոնք «ի պահ են վերցրել» «Ա1+» հեռուստաընկերությանը պատկանող մեքենայից: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը պնդում է, թե «Ի պաշտպանություն «Ա1+»-ի» ապրիլի 2-ի հանրահավաքից հետո ոստիկանության գործողություններով խախտվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ Հայաստանի իշխանավորների պայմանավորվածությունը՝ մինչեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը բարեփոխելը՝ «Վարչական օրենսգրքի» դրան առնչվող հոդվածները միայն բացառիկ դեպքերում կիրառելու շուրջ: «Եղե՛լ է նման պայմանավորվածություն,- պնդեց պրն Տեր-Եսայանը:- Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տվել Հայաստանի կառավարությանը ձեռնպահ մնալ այդ օրենքի որոշ հոդվածների կիրառումից: Առաջարկվել է նաեւ ձեռնպահ մնալ վարչական եւ քրեական օրենսգրքերի՝ ցույցերին առնչվող հոդվածների կիրառումից: Այդ մասին մեզ հայտնել են հանձնաժողովի փորձագետները՝ 2005-ի մարտին հանդիպման ժամանակ»: Տիգրան Տեր-Եսայանը նշեց, թե պայմանավորվածությունը եղել է զուտ բանավոր: Իսկ սա նշանակում է, որ մեր իշխանավորները հիմա հեշտությամբ կարող են ժխտել դրա առկայությունը: Ենթադրելի է նաեւ, թե մեր իշխանավորները հակափաստարկներ կներկայացնեն, թե «Ա1+»-ի գույքն առգրավելը որեւէ կապ չունի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի հետ: Չէ՞ որ ոստիկանության պաշտոնական տեսակետն է, թե «Ա1+»-ի մեքենան տուգանային հրապարակ է տարվել զուտ երթեւեկության կանոնները խախտելու համար: Ի պատասխան՝ Տիգրան Տեր-Եսայանը մատնանշեց «Վարչական օրենսգրքի» 263 եւ 264 հոդվածների խախտումները, որոնք արվել են այս իրերը զննելու եւ վերցնելու ընթացքում: Օրենքի համաձայն՝ կարող են վերցվել զննության ժամանակ հայտնաբերված իրավախախտման գործիքները: Ստացվում է, որ «իրավախախտման» գործիք են վերոնշյալ պաստառնե՞րը, որոնցով խանգարվել է հասարակական կարգը: «Եվ այն, որ մեքենան ապրիլի 7-ին բաց թողեցին, իսկ այդ իրերն ի պահ վերցրեցին՝ միանշանակ ցույց է տալիս, որ նպատակը միայն «Ա1+»-ի ցույցերի շարունակականությանը խոչընդոտելն էր»,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել