ՂՐՂԶԵԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՆԱԵՎ ԹԱԼԻՆՑԻՔ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպած գյուղացիները հորդորում են նրան գնալ ոչ սահմանադրական ճանապարհով «Խաղաղ ճանապարհով հարց չի լուծվի. անցած տարի էլ էիք ասում սահմանադրական ճանապարհ, բայց տեսա՞ք ինչ եղավ, հիմա պետք է ուժի դեմ ուժ հանել. մենք ենք այդ ուժը»,- Ստեփան Դեմիրճյանին ջերմությամբ դիմավորելուց, ավանդական գրկախառնությունից հետո սկսեցին խորհուրդներ տալ երեկ Թալինի քաղաքապետարանի շենքում հավաքված թալինցիք: Մարդիկ իրոք աննկարագրելի հուսահատ վիճակում են, եւ տպավորություն կար, որ եթե ՀԺԿ նախագահը հենց այդ պահին հայտարարեր, որ պետք է գնալ եւ գրավել «Ձմեռային պալատը», հավաքված մարդիկ կուղեւորվեին դեպի նախագահական: Նրանց քաղաքական վերլուծություններին կնախանձեր նույնիսկ իրեն ամենախելոք վերլուծաբան համարող գործիչը: Գյուղացիներն իրենց ամենօրյա կյանքի արշինով չափելով գործող իշխանությանը՝ հասկացել են, որ «սրանք ժողովրդի մասին մտածող չեն», հասկացել են, որ «գործը զոհ է պահանջում», որ «սրանք խաղաղ հեռացողը չեն», որ Հայաստանում ինչ-որ գործընթացներ են զարգանում, եւ դարձյալ խորհուրդ տվեցին. «Մինչեւ ՏԻՄ ընտրությունները չձգեք, շուտ արեք, հետո ուշ կլինի»: ՀԺԿ նախագահը միանշանակ հայտարարում էր, որ իրենք գիտեն իրենց գործը, եւ որ ամեն ինչ լինելու է ժողովրդի կամքով եւ ժողովրդի ուժով: Այժմ արդեն մի քանի սրբագրումներ կատարելով իր երբեմնի սահմանադրական ճանապարհին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավարը ասում էր, որ սահմանադրական ճանապարհը նեղ հասկացություն չէ, միեւնույն է՝ իշխանությունները հեռացվելու են «այլ միջոցներով»: Թալինցիների առաջ չմանրամասնվեց, թե ի՞նչ է նշանակում, այսպես կոչված, «այլ միջոցը»: Գյուղերի բնակիչները, որոնք Թալին էին հասել ՀԺԿ նախագահին տեսնելու, նրան հրավիրում էին իրենց գյուղերը։ Մի կին հիշեց, որ Կարեն Դեմիրճյանն առանց ուղեկցողների, միայն մեկ մեքենայով գալիս-հասնում էր Մաստարա, Իրինդ, Սասնաշեն, մարդկանց հետ զրուցում էր, քեֆ-հալ հարցնում, գործն առաջ տանում ու գնում: Տարեցները Ստեփան Դեմիրճյանին եւս հրավիրեցին իրենց գյուղերը: Ու որպես զուգահեռ՝ ասում էին, որ այսօրվա իշխանությունները կաբինետներից ու կազինոներից դուրս չեն գալիս: Այս ամենն ասվում էր ժողովրդական բանահյուսական նմուշներով համեմված, բայց կրկին խնայենք մեր ընթերցողին: «Այ աղջիկ ջան, էսի երկի՞ր ա, որ սրանք պահում են, էս խուլիգանները, խնդրում եմ ըդպես էլ թերթի տուր՝ խուլիգան»,- Մաստարա գյուղի բնակիչ Գեւորգ Գալստյանը բավական ակտիվ էր եւ հանդիպման ընթացքում մի քանի անգամ տեղից խորհուրդ էր տալիս գնալ եւ հարցերը լուծել հենց հիմա: «Էլի՞ սահմանադրական ճանապարհով»,- հարցնում էր Իրինդի բնակիչը: «Ձեր դիմացի օրանգուտանները ձյունանուշիկ չեն դառնալու, դրա համար եմ հարցնում, էլի՞ սահմանադրական ճանապարհով: Ոնց որ իրանք են անում՝ նույն ձեւով ժողովուրդը պիտի անի, էլ չենք դիմանում»,- բողոքեց թալինցի Մելս Բարսեղյանը: Մարդիկ նաեւ մեզնից էին դժգոհ, լրագրողներից, նրանք այն կարծիքին էին, որ հանրապետության լրատվամիջոցները իրենց վիճակը եւ քաղաքական անցուդարձը անկողմնակալ չեն լուսաբանում. «Լավ, էդ տնտեսական աճը դուք որտե՞ղ եք տեսնում»,- զայրացած հարցնում էին ինձ: Բաժին հասավ նաեւ ԱԺ նախագահին, պատգամավորներին. «Էդ ո՞ւր են գնում-գալիս, գնում են մոսկվաներն ի՞նչ անեն, դուք դեպուտատ եք, ըստեղ բան ու գործ չունե՞ք, մնացեք ձեր գործն արեք, տո (փիս խոսք- Մ. Ե.)։ Ոչ պետություն կա, ոչ արտադրություն կա, ոչ էլ սերմացու, տո, ո՞ւր եք գնում, եկեք Մաստարա եւ տեսեք, որ 2200 հա հողից ընդամենը 600 հա ցանվել է, ցանքսն էլ ավարտվել է, սերմացու չկա: Սոյլարկեն 5000 ռուբլի է (տեղից՝ 5600- Մ. Ե.): ՀԺԿ քարտուղար, «Արդարություն» խմբակցության անդամ Գրիգոր Հարությունյանը մարդկանց հանդարտեցնելու ձեւը գտավ. «Այնպես պիտի լինի, որ նա երանի տա Ղրղըզստանի դեպքերին: Այս ամենը տանում է դրան, բայց մենք ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք, որ չենք ուզում, որ այդպես լինի: Եթե այդպես լինի, ուրեմն ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան: Դուք եք այս վիճակին հասցրել ժողովրդին»: Թալինցին իր բողոքն առ իշխանություն այս կերպ բնութագրեց. «Դրանք գնացող չեն, իրենց միջից են ուզում մեկին կարգեն մեր գլխին, չթողնեք: Անցած տարի ժողովրդի վրա ջուրը միացրին, վառեցին ու քամեցին, որից մեկն էլ իմ տղան էր, որ տարան հինգ օր նստացրին, հիմա ինքն այնպիսի մարդ պետք է դնի իր տեղը, որ իր կեղտերը դուրս չգան: Հիմա ես ձեզ առողջություն եմ ցանկանում, որ ես էլ ուրախանամ»,- մարգարեանալ էր փորձում մի տատիկ, որն այդպես էլ վախեցավ ասել իր անունը: «Ընդդիմությունը թաք-թաք է գալիս, ո՞ւր են ձեր ընկերները, ինչո՞ւ եք մեկ-մեկ գալիս, ժողովուրդն իր պարտքը տվել ա, սիրուն Դեմիրճյան, ընկեր Դեմիրճյան, հիմա Սահմանադրություն չկա, հարկավոր է ուրիշ ճանապարհով գնալ»,- իր ութսունամյա իմաստնությամբ եզրափակեց Սարգիս Հարությունյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ