Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԻՍՈՒՄ

Ապրիլ 15,2005 00:00

«ԳՈՐԻՍՈՒՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՉԷ, ՈՐ ՄԵՔԵՆԱ ԵՆ ՀՐԿԻԶՈՒՄ» Ասում է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը Ապրիլի 1-ի լույս գիշերը Գորիսի իր տան բակում հրկիզվել էր «Սյունյաց երկրի» գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի «Նիվա» մեքենան: Ու չնայած պրն Ալեքսանյանը հրաժարվել էր որեւէ բացատրություն տալ Սյունիքի քննչական կառույցներին՝ հայտարարելով, թե «Սյունիքի մարզում չի գործում ՀՀ Սահմանադրությունը, ուստի եւ ցանկացած իրավապահ, օբյեկտիվ վարքագիծ դրսեւորելու դեպքում, կարող է հայտնվել նույն վիճակում, ինչ խմբագիրը», երեկ մեզ հայտնեց, թե փաստի առնչությամբ գործ է հարուցված. «Քննություն է ընթանում: Եվ դա լավ հնարավորություն է, որ մեր մարզի իրավապահները ջանան մի քիչ վերականգնել կորցրած վարկանիշը՝ բացահայտելով այս գործը»: «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը մեր զրույցի հենց սկզբում տեղեկացրեց. «Ապրիլի 6-ին հանդիպում ենք ունեցել մարզպետ Սուրեն Խաչատրյանի ներկայացուցիչների հետ: Եվ մեր թերթի իմ գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, մի շարք հանգամանքներից ելնելով (դրանք նա պատրաստվում է մանրամասնել թերթի հաջորդ շաբաթվա համարում.- Ա. Ի.), մեկ ամսով դադարեցրել եմ մարզպետի դեմ հրապարակային ելույթներս: Սակայն ապրիլի 8-ին թերթերում հրապարակվեց Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը: Եվ որքան տեղյակ եմ, եղել են նաեւ այլ ելույթներ իմ եւ մեր թերթի դեմ: Այս ընթացքում Սյունիքում ամեն կարգի գրաճանաչների «զորահավաք» է կատարվել, կազմակերպում են իբր մտավորականների նամակներ»: Նշենք, որ նման նամակներ ստանում է նաեւ «Առավոտը»: Դրանցից մեկում, որի ներքո ստորագրել են 13 հոգի՝ Կապանի թատրոնների ու դպրոցների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ այլք՝ մասնավորապես նշվում է, թե «Սամվել Ալեքսանյանը խոսքի ազատությունը պատկերացնում է իր ես-ի՝ անգամ ցինիկ դրսեւորմամբ: Լրագրային հետաքննության իրեն հայտնի հավակնոտ մեթոդներով անվանարկում է պաշտոնատար անձանց եւ, ի վերջո, իր թիրախը դարձնում Սուրեն Խաչատրյանին»: Սամվել Ալեքսանյանը նշեց, թե Կապանում ճանաչում է 1-2 մտավորականների, որոնց անունները չկան այդ նամակի ներքո. «Ինձ նաեւ զարմացնում է. հիշում եմ, որ արցախյան պատերազմի ամենաթեժ պահերին անգամ, երբ լուծվում էր երկրի լինել-չլինելու հարցը, Կապանում առհասարակ չեն ծնվել նման նամակներ: Այդ ինչքա՜ն կարեւոր է ինձ մրոտելը, վիրավորելը եւ «Սյունյաց երկիր» թերթի դեմ պայքարելը, որ այսօր այդ մտավորական կոչվածները զորահավաքվել են այս խնդրի շուրջ»: Այսքանով առայժմ սահմանափակվեց՝ նշելով, թե իր նշած ժամկետում ձեռնպահ է մնալու այս թեմաներով ելույթներից. «Թեեւ Սուրեն Խաչատրյանի հայտարարության պատասխանն էլ արդեն ունեմ ձեռքիս տակ: Մանավանդ որ՝ նրա հայտարարությունն ամենեւին նոր չէ. այն տարբեր տարիների լույս է տեսել այլ մարդկանց ստորագրություններով՝ փոքրիկ ձեւափոխություններով»: Խնդրեցինք, սակայն, որ մեկնաբանի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միայն այն պնդումը, որը նա արել էր «ԱրմենիաՆաու» էլեկտրոնային պարբերականի թղթակցի հետ զրույցի ընթացքում, թե մեքենայի հրկիզումից 2 ժամ առաջ Ալեքսանյանի որդին գնացել է Գորիսի զորամաս ու կռիվ սարքել զինվորների հետ. «Թող պատասխանը դրա մեջ էլ փնտրեն, ոչ թե զրպարտանքով զբաղվեն»: Այս վարկածը հիմնավորել փորձող տեղեկատվություն էլ տարածվեց, թե հրկիզման գործով ձերբակալվել են 4 զինվորականներ: «Ի լուր ամենքի ասեմ, որ շա՜տ դժգոհ եմ իմ տղայից,- նախ հեգնեց պրն Ալեքսանյանը:- 1000 անգամ ասացի՝ այ տղա, խուլիգա՛ն, մարդասպա՛ն դարձիր, որ գլուխդ պահես՝ չդարձավ: Ինձ չլսեց՝ բռնեց մանկավարժական աշխատանքի ճանապարհը եւ այսօր այդպես է ապրում»: Ավելի լուրջ անդրադառնալով այս վարկածին՝ «Սյունյաց երկրի» գլխավոր խմբագիրն ասաց, թե իրականում հրկիզումից մի քանի օր առաջ՝ մարտի 28-ին կամ 29-ին է որդին ընկերներից մեկի հետ գնացել Գորիսի զորամաս՝ տեսակցելու մորաքրոջ որդուն. «Հանդիպման ժամանակ վերջինս ասել է, թե ավագ ծառայողներից մեկի հետ ունեցել է փոքր անախորժություն եւ խնդրել, որ միասին ճշտեն հարաբերությունները: Դա տեւել է ընդամենը 10 րոպե, որ վկայում են դեպքին ներկա մոտ 50 հոգին: 2 զինվորները զրուցել են, ճշտել հարաբերությունները, իրար ձեռք սեղմել ու ցտեսություն ասել: Եվ քանի որ սա աննշան դեպք է եղել, որ ցանկացած զորամասում օրվա ընթացքում շատ է լինում՝ բնականաբար, չի գրավել որեւէ մեկի ուշադրությունը: Տղայիս ապրիլի 3-ի երեկոյան կանչեցին Գորիսի զինվորական ոստիկանություն: Ուշացումով գնացի այնտեղ ու տեսա, որ մոբիլիզացիոն վիճակ էր՝ այնքան մեքենաներ ու ոստիկաններ էին հավաքվել: Շշուկներ լսեցի, որ մշակվում է վարկած, թե քանի որ որդիս՝ Կարենը կռվել է զինվորների հետ, նրա՛նք են փորձել վրեժ լուծել: Ուզում եմ ցավակցել այդ վարկածի հեղինակներին՝ այն ապրեց ընդամենը մի քանի ժամ: Արդեն լույս 4-ի գիշերը տարածքի զինվորական ոստիկանության պետ Արմեն Թումանյանը հայտնեց ինձ, որ իմ տղայի վարքագծում չկա ոչ միայն հանցանք, այլեւ փոքրիկ զանցանք անգամ: Ու նաեւ, որ որեւէ հիմք չկա մեղադրելու այդ զինվորներին: Գորիսում զինվորները չէ, որ մեքենա են հրկիզում. դրա համար կան առանձին «մասնագիտացված» օղակներ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել