ՆՈՐԻՑ
ՏԱՎԻՂ ԿՀՆՉԻ «Արամ
Խաչատրյան» համերգասրահում այսօր կայանալիք Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը
(դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) բացառիկ է նրանով, որ երկարատեւ ընդմիջումից հետո երաժշտասերները
կհանդիպեն տավիղ նվագարանին՝ որպես մենակատար գործիքի: Նվագախմբի ընկերակցությամբ
հանդես կգա բելգիաբնակ հայազգի ճանաչված տավղահարուհի Սյուզաննա Միլդոնյանը: Ի դեպ,
տավղահարուհու առաջին ելույթը Հայաստանում կայացել է 1968թ., դարձյալ ֆիլհարմոնիկի
ընկերակցությամբ: Երաժիշտը աշխարհում միակ տավղահարուհին է, որ արժանացել է երեք
հեղինակավոր միջազգային մրցույթների առաջին մրցանակներին՝ Իսրայելում, Ժնեւում եւ
Փարիզում: Նրա մենահամերգները կայացել են Եվրոպայում, Ամերիկայում, Ճապոնիայում,
Ռուսաստանում եւ այլուր՝ հայտնի դիրիժորներ Ռ. Կուբելիկի, Է. Յոխումի, Հ. Շտայնի,
Է. Մատայի, Ե. Կուրցի եւ այլոց ղեկավարությամբ: Ներկայումս Ս. Միլդոնյանը, համերգային
գործունեությանը զուգահեռ, դասավանդում է Բրյուսելի Conservatoire Royal եւ Սիենայի
Accademia Chigiana-ում: Տավղահարուհու հետ կարճատեւ զրույցից պարզեցինք, որ հնագույն
ծագումով կսմիթային նվագարանի այսօրվա տեսքի համար պարտական ենք ֆրանսիացի երաժիշտ,
վարպետ Մ. Էրարին: Մեր զրուցակիցը համակարծիք էր մեզ հետ, որ դարերից եկած այս նվագարանը,
չգիտես ինչու, ոչ պատշաճ ուշադրության է արժանացել՝ թեկուզ այդ գործիքով նվագող երաժիշտների
քանակով: Սա այն դեպքում, երբ Իռլանդիայում, Ավստրիայում տավիղը համարվել է ֆոլք
նվագարան: 14-15-րդ դարերում տավիղ նվագել են բացառապես տղամարդիկ: Միայն 1700-ականներից
սկսած այն դարձել է «կանացի» նվագարան: «Անցյալ դարի կեսերից Եվրոպայում եւ ընդհանրապես
աշխարհում աճել է հետաքրքրությունը տավիղի նկատմամբ: Իսկ աշխարհում առաջինը 1959-ից
երեք տարին մեկ Իսրայելում անցկացվում է տավղահարների միջազգային մրցույթ, որի հիմքը
դրել է այն տարիներին Իսրայելի տուրիզմի նախագահ Արոն Պրոպեսը՝ ի հիշատակ Իսրայելի
Դավիթ թագավորի, որը ժամանակին տավիղ է նվագել: Ես այդ մրցույթի առաջին մասնակիցներից
էի»,- նշեց երաժիշտը: Նա տեղեկացրեց նաեւ, որ չնայած պալատական նվագարան համարվելուն,
տավիղի երկացանկը այնքան էլ հարուստ չէ, թեպետ Ս. Միլդոնյանի խոսքով. «Մշտապես Անգլիայի
թագուհու պալատում գործել է տավղահարների անսամբլ»: «Առավոտի» հետաքրքրությանը, թե
Եվրոպայում ճանաչված հայազգի այլ տավղահարուհու ճանաչո՞ւմ եք, Ս. Միլդոնյանը նշեց
փարիզաբնակ Իրիս Թորոսյանի անունը: Տավղահարուհուց հետաքրքրվեցինք նաեւ Հայաստանի
ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ 60-ականների եւ այսօրվա մակարդակով: Ըստ նրա, ե՛ւ 1968-ին,
ե՛ւ այսօր հիացնում են հատկապես լարային գործիքներով նվագող երաժիշտները: Զրույցի
ավարտին Ս. Միլդոնյանը հայտնեց, որ ցանկանում է երկարացնել Հայաստանում գտնվելու
ժամկետը երկու նպատակով. «Պարտքս եմ համարում Երեւանի կոնսերվատորիայում անցկացնել
վարպետության դասեր եւ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցել եղեռնի նահատակների
հիշատակին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, Երեւանի պետական կոնսերվատորիան եւ հանրապետության
երաժշտական դպրոցներից միայն Սայաթ-Նովայի անվան դպրոցն ունեն տավիղի դասարան: Տավղահարուհի,
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար Մանե Աթանեսյանի կարծիքով, Հայաստանի
նման փոքր երկրի համար, որն ունի ընդամենը 2 պետական՝ ֆիլհարմոնիկ եւ օպերային թատրոնի
մեծ նվագախմբեր, որոնցում աշխատում են 2-ական տավղահարուհիներ, դա նորմալ է: