2004թ.
հոկտեմբերի 29-ին «Մեղեդի» սրճարանի դիմաց սպանվեցին երկու երիտասարդ՝ Ստեփան Ալիխանյանը
եւ Գրիգոր Պոդոսյանը: Մինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի
դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանը կզբաղեցներ իր տեղը, Ս. Ալիխանյանի մայրը դիմելով
դահլիճում գտնվողներին, լացակումած ասաց՝ «Դուք գիտե՞ք, ի՞նչ երեխա եմ կորցրել: Գանձ
եմ կորցրել: Իմ երեխան սերունդ չունեցավ, ինչո՞ւ եւ ինչո՞ւ եք պաշտպանում հանցագործին»:
Նման դիմումի պատճառը, հավանաբար այն էր, որ Կիլիկիա թաղամասի տղերքը իրենց «առաջնորդ»,
«Ճուփ» մականունով ամբաստանյալ Ստեփան Սուկիասյանին, ինչպես նախորդ դատական նիստերից
առաջ, դիմավորում են ժպիտով, քաջալերիչ ողջույններով: Երեկ դատարան էր ներկայացել
վկա, Ջավախքի հոգեւոր հովիվ Միքայել Սալբիյանը (հայր Բաբկենը): Նա հայտնեց, որ Գրիգոր
Պոդոսյանին ճանաչել է Գեւորգյան ճեմարանից: Սպանության օրը վկան գտնվել է Երեւանում
ու պետք է հանդիպեր Վեհափառին: Սպանության օրը Գրիգորի հետ պայմանավորվել էր հանդիպել
«Մեղեդի» սրճարանում: Պայմանավորված ժամին երբ մոտեցել էր պետօպերայի տարածքին, նա
տեսել էր սպանված Գրիգորին՝ մեջքի վրա ընկած: Տեր հայրը հայտնեց դատարանին,
որ չի ճանաչել ամբաստանյալին, մինչդեռ նախաքննության ցուցմունքներում նա գրել էր,
թե Ստեփանն ասել է, որ եթե Գրիգորը ոտք դնի Երեւան՝ կսպանի: Ավելին, վկան հայտնել
էր նաեւ, որ Գրիգորը թշնամական հարաբերությունների մեջ է եղել Կիլիկիա թաղամասի բնակիչ
Ստեփան Սուկիասյանի հետ: «Ճուփի» պաշտպան Լուսինե Սահակյանը հրապարակեց Գեւորգյան
ճեմարանից հեռանալու մասին Գ. Պոդոսյանի դիմումը, ուր նա գրել էր, որ «ստիպված է
հեռանալ ոչ մարդասիրական մթնոլորտի հետեւանքով»: Նրա հարցը ակնհայտորեն չէր կապվում
սպանության հետ, սակայն պաշտպանը փորձեց կապը տեսնել այսպես՝ «Գրիգորի կերպարը պարզելու
համար»: Պաշտպանը երբ փորձեց վկայից իմանալ, թե իրավունք ունե՞ր ճեմարանի սանը զենք
կրելու, վկան հայտնեց, որ Գ. Պոդոսյանը 2001-ից ճեմարանում չէր: Դատարանը
հրապարակեց նաեւ ամբաստանյալի հոր՝ Սուրեն Սուկիասյանի ցուցմունքը, որն ասել էր,
թե մեկուկես տարի առաջ Գրիգորը 8 տեղից դանակահարել է որդուն եւ որ անընդհատ զանգում
էր ընկերներին, որ մտադիր է սպանել իր որդուն: Իսկ ժամկետային զինծառայող Անդրանիկ
Մարտիրոսյանն էլ հայտնել էր, որ 2004-ի հոկտեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում
տեսել է եւս ԳԱԶ մակնիշի ավտոմեքենա, որը հեռանում էր, իսկ երկու տղամարդ էլ ընկած
էին սրճարանի դիմաց եւ մարդիկ նրանց փորձում էին օգնել: Ամբաստանյալը ցուցմունքներ
տալու համար դատարանից ժամանակ խնդրեց: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ