Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՁՈՒԼՎԱԾ

Ապրիլ 15,2005 00:00

Փաստաբանների
«կրեատիվ» խաղերը Հայաստանի փաստաբանների միության (ՀՓՄ) եւ Փաստաբանների
միջազգային միության (ՓՄՄ) անդամները իրար բարեւելիս հռետորական հարց են տալիս՝ «Իսկ
դու միաձուլվե՞լ ես»: Այդ հարցը պատահական չէ, քանի որ երկու միությունների անդամները
«պատասխանող-հայցվոր» են խաղում դատարանի դահլիճում՝ վիճարկելով մարտի 19-20-ը միաձուլման
նպատակով հրավիրված Փաստաբանների ընդհանուր ժողովի արդյունքները: Հավանաբար, մեր
փաստաբաններին այլեւս չի բավարարում զուտ քաղաքացիների պաշտպանությունը, եւ նրանք
որոշել են իրենց վարպետությունը կատարելագործել՝ իրար դեմ «խաղալով»: Երեկ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում չորրորդ հայցվորը՝ պալատի
նախագահի պարտված թեկնածու (հաշվիչ հանձնաժողովի տվյալներով) Ռուբեն Սահակյանի ներկայացուցիչը՝
Հայկ Ալումյանն էր: Նկարագրելով պալատի նախագահի ընտրությունները, նա կարծիք հայտնեց,
որ պալատի նախագահի հավաքած ձայները չեն կարող համարվել վավեր, որ ընտրություններն
անցել են առանց կանոնակարգի եւ կանոնակարգված չի եղել քվեաթերթիկների ձեւը: Հաճախակի
հիշատակելով Փաստաբանական գործունեության մասին օրենքը, նա գտնում էր, որ 10 փաստաբան
արտոնագիր է ստացել առանց որակավորման քննությունների: Մասնավորապես, նա գտնում էր,
որ 1999թ. օգոստոսի 27-ից հետո Ռեւիկ Գաբրիելյանը փաստաբանական գործունեությամբ չէր
կարող զբաղվել, քանի որ եղել է պետական ծառայող: Իսկ Լեռնային Ղարաբաղից ԼՂ կոլեգիայի
անդամ Աշոտ Թադեւոսյանը Հայաստանի փաստաբանների միության արտոնագիր է ստացել առանց
որակավորման քննությունների: Հայկ Ալումյանը գտնում էր, որ հաշվիչ հանձնաժողովի անդամները
տեսել են քվեաթերթիկները եւ ըստ էության փակ-գաղտնի քվեարկություն տեղի չի ունեցել:
Ռ. Սահակյանի ներկայացուցչի կարծիքով, ընտրությունների արդյունքները ազդել են իր՝
փաստաբանի իրավունքների վրա: Երրորդ անձ ճանաչված Ռեւիկ Գաբրիելյանին հետաքրքրում
էր, թե հատկապես նրա ո՞ր իրավունքն է խախտվել, ինչին Հայկ Ալումյանը պատասխանեց,
որ «այլոց ապօրինությունների պատճառով իրավունք չեմ ունեցել ընտրվել եւ ընտրել»,
չնայած քիչ անց պարզվեց, որ Հ. Ալումյանը ընտրվել է խորհրդի անդամ այդ նույն՝ վիճահարույց
ժողովում: Ի դեպ, Ռ. Գաբրիելյանը դատարանին խնդրեց հայցադիմումի մեկ օրինակ տրամադրել
իրեն: «Առավոտի» տեղեկություններով, երրորդ անձ ճանաչվածները չէին ստացել հայցադիմումները:
Հաշվիչ հանձնաժողովի տվյալներով, պալատի նախագահ ընտրված Ենոք Ազարյանի ներկայացուցիչը՝
փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը անընդունելի համարեց հայցադիմումում նշված պա-հանջները:
Նա տեղեկացրեց, որ պալատի հիմնադիր ժողովին մասնակցել է 363 փաստաբան, որոնք հաշվառվել
են, ստացել են մանդատներ եւ մասնակցել են ընտրություններին: Կանոնակարգում սահմանվածին,
թե ժողովը պետք է կազմակերպեր Հայաստանի ամենատարեց փաստաբանը, պարոն Գրիգորյանը
դատարանում հայտնեց, որ 85-ամյա Հակոբ Հակոբյանը ինքնուրույն չէր կարող կատարել ծավալուն
կազմակերպչական աշխատանքները եւ որ նրան օգնել են ՀՓՄ-ն եւ ՓՄՄ-ն: Ինչ վերաբերում
է պալատի նախագահի թեկնածուների սահմանափակմանը, Ռ. Գրիգորյանն ասաց, որ քվեարկության
են դրվել բոլոր թեկնածուները (ինչպես տեղեկացրել էինք՝ եղել են չորսը), եւ որեւէ
բողոք սահմանափակման կապակցությամբ չի ներկայացվել: Ռոբերտ Գրիգորյանը նաեւ հայտնեց,
որ քվեարկությանը կողմնակի անձինք չեն մասնակցել: Փաստաբան Ռ. Գրիգորյանը գտնում
էր, որ պետք է ամբողջ ծավալով մերժել հայցերը եւ որ հայցվորների պահանջը չի կարող
դառնալ պալատի ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք: Ռ. Գրիգորյանին հայցվոր կողմը
հարցեր էր տալիս, մասնավորապես, փաստաբան Արա Զոհրաբյանին հետաքրքրում էր, թե ներկա
պահին ո՞ր միության անդամ է իրեն համարում Ռ. Գրիգորյանը: Վերջինս իրեն համարում
էր Հայաստանի Հանրապետության միացյալ փաստաբանների միության անդամ: Նրա կարծիքով,
միաձուլման եւ փոխանցման ակտը պետք է հանձնեին երկու իրավաբանական միությունները՝
իրենց որոշումներով: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել