Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՈՉ ԲՆԱԿԱՆՈՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Ապրիլ 15,2005 00:00

Պետական բյուջեի կառուցվածքը ու դրա ձեւավորման միտումները երբեմն այնպիսի տվյալներ ու պատկերացում են տալիս մեր տնտեսության մասին, որոնք պաշտոնական տեղեկատվության կամ վիճակագրության մեջ չես գտնի:

Մասնավորապես, տարօրինակ է, որ ոչ հարկային եկամուտները նվազում են՝ չնայած այն բանին, որ տարեցտարի պետական բյուջեի պրոֆիցիտը (երբ հավաքվում են ավելի շատ եկամուտներ, քան նախատեսված է ծախսել) մեծանում է: Պետբյուջեում ոչ հարկային եկամուտների մեծ մասը գոյանում է բանկերում բյուջեի ժամանակավոր միջոցների տեղաբաշխումից ստացվող շահաբաժիններից, որը համեմատած տնտեսական աճի պաշտոնական ցուցանիշների հետ՝ թիվ չի կազմում, ընդամենը 227 միլիոն դրամ՝ այս տարվա առաջին եռամսյակում: Օրինակ, նշենք, որ այս տարվա առաջին ընդամենը երեք ամսում միայն պատժամիջոցների կիրառման արդյունքում հավաքվել է 255 միլիոն դրամ: Ավելի շատ, քան աճող տնտեսություն ունեցող երկրի պետբյուջեի ազատ միջոցների տեղաբաշխումից: Իսկ բաժնետիրական կազմակերպություններից ստացված շահաբաժինները ընդամենը 18 միլիոն դրամի են: Սա ոչ հարկային եկամուտների մյուս բաղադրիչն է: Եվ որ «զարգացման մեծ տեմպեր ապահովող» պետության համար առավել արտառոց է, արժեթղթերի շրջանառութունից ոչ մի լումա չի գանձվել: Պետբյուջեում շարունակաբար նվազում են նաեւ պետության տված վարկերի օգտագործման եւ պետական գույքի վարձակալման (միգուցե՝ որովհետեւ պետությանը գույք էլ չի մնացել) դիմաց վճարվող գումարները:

Իրոք, պետբյուջեի մուտքերի ցուցանիշները վկայում են, որ եկամուտներն ու որոշ հարկատեսակներ աճում են աննախադեպ տեմպերով: Իհարկե, այստեղ մեծ տեղ ունեն նաեւ հարկային մարմինների վերջին ակցիաները, այդ թվում տնտեսվարողների վրա «պլան դնելը», ստիպելը, որ աշխատողների թիվը կամ շրջանառության ծավալները մեծ ցույց տան, սակայն առանց սրա էլ որոշակի չափով իրական աճ արձանագրվել է: Այնուամենայնիվ, այստեղ խնդիրներ կան, որոնք աշխատելու տեղ են թողնում: Այսպիսով, ակցիզային հարկի չափը նվազում է, ինչն ընդհանուր առմամբ լավ է: Մյուս հարկատեսակները, այդ թվում՝ ուղղակի հարկատեսակները, որոնք տնտեսության իրական պատկերի մասին ավելի ուղղակիորեն են վկայում, աճում են: Եվ սա գերազանց կլիներ, եթե ավելացված արժեքի (անուղղակի) հարկը այդքան մեծ տեմպերով չաճեր:

Մի հետաքրքիր տվյալ եւս. մոտ 1800 անգամ պակասել է տուրքերի չափը, որոնք գանձվում են դատական հայցեր ներկայացնելուց: Օրինակ, այս տարվա առաջին եռամսյակում գանձվել է 212 հազար դրամի պետական տուրք, անցած տարվա առաջին եռամսյակում՝ 381 միլիոն դրամի, իսկ նախանցած տարվա առաջին եռամսյակում՝ 546 միլոն դրամի (տարվա ընթացքում այդ գումարը գերազանցում է մեկ միլիարդը ավելի քան 300 միլիոն դրամով): Տարբերությունն ահռելի է: Իհարկե, որպես սրա պաշտոնական մեկնաբանություն, կարող է լինել այն, թե մարդկանց իրավունքները այլեւս այդքան շատ չեն խախտվում: Սակայն մյուս կողմից առնչվում ենք մարդկանց իրավունքների համատարած խախտումների հետ, որոնք արդար իրավական լուծում չեն գտնում, ուստի սրա մեկ այլ մեկնաբանությունն էլ այն է, որ մարդկանց հավատն է կորել դատարանների նկատմամբ եւ գնալով ավելի քիչ են դիմում դատարաններ:

ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել