Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԻՍՈՒՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՉԷ,
ՈՐ ՄԵՔԵՆԱ ԵՆ ՀՐԿԻԶՈՒՄ»

Ապրիլ 15,2005 00:00

Ասում
է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը Ապրիլի 1-ի
լույս գիշերը Գորիսի իր տան բակում հրկիզվել էր «Սյունյաց երկրի» գլխավոր խմբագիր
Սամվել Ալեքսանյանի «Նիվա» մեքենան: Ու չնայած պրն Ալեքսանյանը հրաժարվել էր որեւէ
բացատրություն տալ Սյունիքի քննչական կառույցներին՝ հայտարարելով, թե «Սյունիքի մարզում
չի գործում ՀՀ Սահմանադրությունը, ուստի եւ ցանկացած իրավապահ, օբյեկտիվ վարքագիծ
դրսեւորելու դեպքում, կարող է հայտնվել նույն վիճակում, ինչ խմբագիրը», երեկ մեզ
հայտնեց, թե փաստի առնչությամբ գործ է հարուցված. «Քննություն է ընթանում: Եվ դա
լավ հնարավորություն է, որ մեր մարզի իրավապահները ջանան մի քիչ վերականգնել կորցրած
վարկանիշը՝ բացահայտելով այս գործը»: «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը
մեր զրույցի հենց սկզբում տեղեկացրեց. «Ապրիլի 6-ին հանդիպում ենք ունեցել մարզպետ
Սուրեն Խաչատրյանի ներկայացուցիչների հետ: Եվ մեր թերթի իմ գործընկերների հետ խորհրդակցելուց
հետո, մի շարք հանգամանքներից ելնելով (դրանք նա պատրաստվում է մանրամասնել թերթի
հաջորդ շաբաթվա համարում.- Ա. Ի.), մեկ ամսով դադարեցրել եմ մարզպետի դեմ հրապարակային
ելույթներս: Սակայն ապրիլի 8-ին թերթերում հրապարակվեց Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը:
Եվ որքան տեղյակ եմ, եղել են նաեւ այլ ելույթներ իմ եւ մեր թերթի դեմ: Այս ընթացքում
Սյունիքում ամեն կարգի գրաճանաչների «զորահավաք» է կատարվել, կազմակերպում են իբր
մտավորականների նամակներ»: Նշենք, որ նման նամակներ ստանում է նաեւ «Առավոտը»: Դրանցից
մեկում, որի ներքո ստորագրել են 13 հոգի՝ Կապանի թատրոնների ու դպրոցների տնօրեններ,
հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ այլք՝ մասնավորապես նշվում է, թե
«Սամվել Ալեքսանյանը խոսքի ազատությունը պատկերացնում է իր ես-ի՝ անգամ ցինիկ դրսեւորմամբ:
Լրագրային հետաքննության իրեն հայտնի հավակնոտ մեթոդներով անվանարկում է պաշտոնատար
անձանց եւ, ի վերջո, իր թիրախը դարձնում Սուրեն Խաչատրյանին»: Սամվել Ալեքսանյանը
նշեց, թե Կապանում ճանաչում է 1-2 մտավորականների, որոնց անունները չկան այդ նամակի
ներքո. «Ինձ նաեւ զարմացնում է. հիշում եմ, որ արցախյան պատերազմի ամենաթեժ պահերին
անգամ, երբ լուծվում էր երկրի լինել-չլինելու հարցը, Կապանում առհասարակ չեն ծնվել
նման նամակներ: Այդ ինչքա՜ն կարեւոր է ինձ մրոտելը, վիրավորելը եւ «Սյունյաց երկիր»
թերթի դեմ պայքարելը, որ այսօր այդ մտավորական կոչվածները զորահավաքվել են այս խնդրի
շուրջ»: Այսքանով առայժմ սահմանափակվեց՝ նշելով, թե իր նշած ժամկետում ձեռնպահ
է մնալու այս թեմաներով ելույթներից. «Թեեւ Սուրեն Խաչատրյանի հայտարարության պատասխանն
էլ արդեն ունեմ ձեռքիս տակ: Մանավանդ որ՝ նրա հայտարարությունն ամենեւին նոր չէ.
այն տարբեր տարիների լույս է տեսել այլ մարդկանց ստորագրություններով՝ փոքրիկ ձեւափոխություններով»:
Խնդրեցինք, սակայն, որ մեկնաբանի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միայն
այն պնդումը, որը նա արել էր «ԱրմենիաՆաու» էլեկտրոնային պարբերականի թղթակցի հետ
զրույցի ընթացքում, թե մեքենայի հրկիզումից 2 ժամ առաջ Ալեքսանյանի որդին գնացել
է Գորիսի զորամաս ու կռիվ սարքել զինվորների հետ. «Թող պատասխանը դրա մեջ էլ փնտրեն,
ոչ թե զրպարտանքով զբաղվեն»: Այս վարկածը հիմնավորել փորձող տեղեկատվություն էլ տարածվեց,
թե հրկիզման գործով ձերբակալվել են 4 զինվորականներ: «Ի լուր ամենքի ասեմ, որ շա՜տ
դժգոհ եմ իմ տղայից,- նախ հեգնեց պրն Ալեքսանյանը:- 1000 անգամ ասացի՝ այ տղա, խուլիգա՛ն,
մարդասպա՛ն դարձիր, որ գլուխդ պահես՝ չդարձավ: Ինձ չլսեց՝ բռնեց մանկավարժական աշխատանքի
ճանապարհը եւ այսօր այդպես է ապրում»: Ավելի լուրջ անդրադառնալով այս վարկածին՝ «Սյունյաց
երկրի» գլխավոր խմբագիրն ասաց, թե իրականում հրկիզումից մի քանի օր առաջ՝ մարտի 28-ին
կամ 29-ին է որդին ընկերներից մեկի հետ գնացել Գորիսի զորամաս՝ տեսակցելու մորաքրոջ
որդուն. «Հանդիպման ժամանակ վերջինս ասել է, թե ավագ ծառայողներից մեկի հետ ունեցել
է փոքր անախորժություն եւ խնդրել, որ միասին ճշտեն հարաբերությունները: Դա տեւել
է ընդամենը 10 րոպե, որ վկայում են դեպքին ներկա մոտ 50 հոգին: 2 զինվորները զրուցել
են, ճշտել հարաբերությունները, իրար ձեռք սեղմել ու ցտեսություն ասել: Եվ քանի որ
սա աննշան դեպք է եղել, որ ցանկացած զորամասում օրվա ընթացքում շատ է լինում՝ բնականաբար,
չի գրավել որեւէ մեկի ուշադրությունը: Տղայիս ապրիլի 3-ի երեկոյան կանչեցին Գորիսի
զինվորական ոստիկանություն: Ուշացումով գնացի այնտեղ ու տեսա, որ մոբիլիզացիոն վիճակ
էր՝ այնքան մեքենաներ ու ոստիկաններ էին հավաքվել: Շշուկներ լսեցի, որ մշակվում է
վարկած, թե քանի որ որդիս՝ Կարենը կռվել է զինվորների հետ, նրա՛նք են փորձել վրեժ
լուծել: Ուզում եմ ցավակցել այդ վարկածի հեղինակներին՝ այն ապրեց ընդամենը մի քանի
ժամ: Արդեն լույս 4-ի գիշերը տարածքի զինվորական ոստիկանության պետ Արմեն Թումանյանը
հայտնեց ինձ, որ իմ տղայի վարքագծում չկա ոչ միայն հանցանք, այլեւ փոքրիկ զանցանք
անգամ: Ու նաեւ, որ որեւէ հիմք չկա մեղադրելու այդ զինվորներին: Գորիսում զինվորները
չէ, որ մեքենա են հրկիզում. դրա համար կան առանձին «մասնագիտացված» օղակներ»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել