Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ

Ապրիլ 14,2005 00:00

ՈՐ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ Հայաստանում անցկացվող Մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթվա ավարտից անմիջապես հետո, ապրիլի 11-ին մեկնարկեց Հայկական գրադարանային շաբաթը: Այս ոլորտի՝ մեզ հետաքրքրող մեկ ծավալուն հարցով ու դիտարկումով դիմեցինք Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին: – Ամերիկայում անցկացված հետազոտությունների արդյունքում կարեւոր եւ հեղինակություն վայելող տասը մասնագիտությունների թվում նշվում է գրադարանավարի մասնագիտությունը: Եթե նման հետազոտություն անցկացվի մեր երկրում, ո՞ր տեղում կհայտնվեք դուք՝ գրադարանավարներդ: – Ելնելով մեր իրականությունից, դժվար չէ կռահել, թե որ տեղում կհայտնվի կարեւոր եւ աշխարհում հեղինակություն վայելող գրադարանավարի մասնագիտությունը, թեեւ առայժմ միայն գիտակցում ենք, որ տեղեկատվությունը կամ ինֆորմացիա կոչվածը թանկ հաճույք է աշխարհում: Յուրաքանչյուր երկիր, ելնելով իր ֆինանսական վիճակից, տեղեկատվության բնագավառի մասնագետների քանակից, զարգացնում է տեղեկատվական տնտեսության կառուցման սեփական մոդելը՝ մշակելով կառավարության դերն ու պարտականություններն այդ գործընթացում: Այսպես՝ եթե ԱՄՆ-ում համալսարանները եւ տարբեր հիմնադրամներ առանց պետության միջամտության բազմամիլիարդ ներդրումների հաշվին ի վիճակի են իրականացնել տեղեկատվական տարբեր ծրագրեր, ապա մենք այս գործընթացում շեշտը դնում ենք պետական, կենտրոնացված ֆինանսավորման վրա: Դեռ 10 տարի առաջ շրջանառության մեջ էր դրվել Գրադարանների մասին օրենքը, որն առայսօր չի քննարկվել: Միայն մեկ ամիս առաջ մշակույթի նախարարությունը ձեռք է մեկնել այդ նախագծին: Տեսնենք ինչ կստացվի: Պետք է վերանայել բյուջեով սահմանված որոշ «տեսակետներ»: Օրինակ, պետբյուջեում գրված է՝ «գրադարանների պահպանության ծախսեր», այնինչ, ճիշտ կլիներ նախատեսվեր «գրադարանների զարգացման ծախսեր»: Որ գրադարանները պետք է պահպանվեն՝ անվիճելի է: Այնինչ այսօր շատ գրադարանների շենքերն ու կահավորանքը հնացած են եւ կարգի բերելու համար պահանջվում են կապիտալ ներդրումներ: Ֆոնդերի շարունակական համալրման հաշվին գրադարաններն աճող կառույցներ են եւ պահանջ ունեն նաեւ տարածքների անընդհատ ընդլայնման, որը, նույնիսկ ֆինանսների առկայության պայմաններում, հաճախ անհնար է՝ ազատ տարածքների բացակայության պատճառով: Այսօր տարբեր երկրների տեղեկատվական ծրագրերը, անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից, ֆինանսական միջոցներից ու մասնագետների որակավորումից, ունեն մեկ ընդհանրություն՝ որպես հիմնական եւ առաջնային աշխատանք, ընդգրկում են թվային գրադարանների ստեղծումը, որի ծրագիրը կազմվել է 1994թ. ԱՄՆ-ում: Ցավում եմ, բայց պիտի խոսեմ տարրական բաներից: Օրերս սկսված Ազգային գրադարանային շաբաթի կարգախոսն է՝ «Մեր ապագան կարդացող երեխան է»: Օտարերկրացի մի տեսաբան նկատեց, որ ճիշտ կլիներ կարգախոսը լիներ՝ «Կարդալն է երեխայի ապագան»: Ինչ խոսք, նման շաբաթներն անհրաժեշտ են, բայց դա շարունակական բնույթ պետք է կրի: Վերցնենք ընտանիքները: Գրքի հանդեպ սերը առաջ է գալիս փոքր հասակից: Այսօր մեր գրադարանում իրենց պրակտիկան անցկացնող 12 ուսանողից 10-ը խոստովանում է, որ ապագայում չի աշխատի իր մասնագիտությամբ: Սա էլ խոսում է այն մասին, որ պարզապես հեշտ է ցածր բալերով ընդունվել համապատասխան ֆակուլտետ: Շատերն էլ մատնացույց են անում գրադարանավարի ցածր աշխատավարձը, ոմանք էլ՝ գրադարանների անմխիթար վիճակը: Այո, չվերանորոգված շենքերն ու թերի ֆինանսավորումը ինքնաբերաբար բերում են նրան, որ գրադարանը հայտնվում է ավելորդի կարգավիճակում: Կարծում եմ, հարկ չկա խոսելու մարզային, գյուղական գրադարանների մասին, որոնք շուրջ 20 տարի ոչ մի գրականություն չեն ստացել, բնականաբար՝ դադարել մշակութային կենտրոն լինելուց: Կուզեի, որ գրադարանների օպտիմալացման հետեւանքով խնայվող միջոցները խելացի օգտագործվեին՝ ուղղվելով մեր ոլորտի խնդիրների լուծմանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել