Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԳԼԽԻՆ ԵՂԵՌՆ ԵՔ ՍԱՐՔՈՒՄ»

Ապրիլ 14,2005 00:00

«ՄԵՐ ԳԼԽԻՆ ԵՂԵՌՆ ԵՔ ՍԱՐՔՈՒՄ» Այդպիսին է Բուզանդի 15-ի բնակիչների գնահատականը ԴԱՀԿ աշխատակիցներին Վաղ առավոտից նրանք՝ շուրջ 30-40 մարդ, հավաքվել էին Բուզանդի 15 շենքի բակ տանող մուտքի մոտ, կանայք՝ նույնպես: Հիշեցնենք, որ մարտի 3-ին նույն այս բակում նույն անձանց «շնորհիվ» արյունլվիկ էին եղել բակի տղամարդիկ, եւ կանայք, չգիտես ինչու, վճռել էին, որ իրենց դեմ դուրս եկած տղամարդիկ կհարգեն ու կխնայեն քնքուշ սեռին: Մուտքը պաշարած կանայք հայտարարում էին, որ չեն թույլ տալու չափագրել իրենց տները, որովհետեւ նախորդ «չափագրվածների» պես մի քանի օրից դատարանի որոշմամբ վտարվելու են: Ժամը 11.30-ին քաղաքացիական հագուստով մի քանի «աժդահաներ» անցան գրոհի, մնացածն էլ հետեւեցին նրանց: Տղամարդիկ հայհոյելով գետնին փռեցին դիմադրելու փորձ անող կանանց, ավելի ակտիվներին էլ քարշ տալով հանեցին փողոց ու այլեւս արգելեցին մտնել բակ, թեպետ չափագրվում էին հենց նրանց տները: Փոքրիկ մի տղա, չիմանալով ինչպես պաշտպանել գետնին փռված մորը՝ քար շպրտեց տղամարդկանց վրա: Վերջիններս քիչ էր մնում ոտքի տակ տային տասնամյա երեխային՝ նրան փրկեցին հարեւան բակերից հավաքված կանայք: Մի քանի րոպե շարունակ օդում ականջ ծակող ճչոցներ էին ու հայհոյանքներ: «Թուրքի շինված, դու ո՞վ ես, որ պագոնավորի դեմ կանգնես»,- լսեցինք «գրոհայիններից» մեկից: Ի վերջո, նրանք մտան բակ, ջարդեցին չչափագրված երկու տների դռներն ու հաշվարկեցին՝ առանց տանտերերի: Երբ ԴԱՀԿ-ի մի աստիճանավոր աշխատակցից փորձեցինք տեղեկանալ, թե ովքեր են քաղաքացիական հագուստով անձինք, ստացանք անհեթեթ պատասխաններ. նախ նա ասաց, թե չգիտե, հետո էլ թե՝ մեր աշխատակիցներն են: «Իսկ ինչո՞ւ համազգեստով չեն» հարցին սկզբում պատասխանեց. «հագուստը քիմմաքրման են տվել», ապա՝ «նոր են աշխատում, դեռ համազգեստ չեն ստացել»: Նաեւ չկարողացավ ներկայացնել իրենց «ակցիայի» համար համապատասխան որոշումը: Բնակիչները միաբերան հաստատեցին, որ բոլորն էլ ԴԱՀԿ-ից են: Որեւէ մեկի անուն-ազգանունը պարզել նույնպես անօգուտ եղավ՝ կոպիտ պատասխանից զատ ոչինչ չստացանք: Ողջ այս իրարանցմանը անտարբեր հայացքով հետեւում էր Կենտրոնի ոստիկանական բաժնի 3 աշխատակից, իրենց ասելով՝ «եկել ենք կարգը պահպանելու, որ վեճ չլինի»: «Առավոտը» խնդրեց նրանց գլխավորին պատասխանել, թե կանանց հանդեպ «վրաերթը» կարգի խանգարում կամ վեճ չէ՞ր: «Ես չեմ տեսել, թե ինչպես են նրանց տրորելով ներս մտնում»,- ասաց նա: Անշուշտ, նա չէր էլ կարող տեսնել, որովհետեւ իր գործընկերների հետ հեռվից էին հետեւում դեպքերին: Բնակիչների մեծ մասն այս պահին դատական գործընթացում է: Թե ինչպես են անցնում դատական նիստերը՝ պատմությունը ծանոթ է դեռեւս Հյուսիսային պողոտայի բնակիչների դատերից. Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատավորները, առանց լսելու բնակիչներին, միանգամից կարդում են նրանց վտարման պատրաստի վճիռները: Ի դեպ, որեւէ մեկին չէր հաջողվել նույն դատարանից ստանալ վճիռների օրինակները. «Չեն տալիս, տարբեր պատճառներ են բռնում, ասում են՝ մենք կուղարկենք, ուղարկում են բողոքարկման վերջին օրը: Մենք էլ առանց վճիռների ենք հայց ներկայացրել վերաքննիչ»: Կառավարության որոշմամբ նրանց տարածքի նոր սեփականատեր «Վիզկոն» ՍՊԸ-ն, ըստ բնակիչների, յուրաքանչյուր տան զբաղեցրած 70-100 քմ տարածքի դիմաց առաջարկել է 10-15 հազար դոլար, ինչից տանտերերը հրաժարվել են: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների առջեւ կազմակերպված ցույցի ժամանակ վերջինների ներկայացուցիչները նրանց ընդունել են, լսել ու խոստացել պատասխանել: Իսկ հայրենի կառավարության, քաղաքապետարանի եւ նախագահականի պաշտոնյաներն արհամարհել են ու ներս չեն ընդունել: «Ու դեռ ամբողջ աշխարհով մեկ եղեռնի ճանաչումից են խոսում, երբ կենդանի ժողովրդի հանդեպ ոճիր ու ցեղասպանություն են իրագործում: Ավելի լավ է՝ գնանք Թուրքիայից ապաստան խնդրենք, մեզ ավելի լավ կվերաբերվեն, քան թե սրանք»,- լուրջ մտադրություն հայտնեցին բնակիչները: Նրանք մտադիր են բողոքով հասնել մինչեւ Եվրոդատարան: Իսկ մինչ այդ, ԱԺ պատգամավոր Հովիկ Մարգարյանը խոստացել է ստորագրահավաք անցկացնել ԱԺ-ում եւ խնդիրը հնչեցնել հարցուպատասխանի ժամանակ: Իրենց պատգամավոր Վլադիմիր Դարբինյանը հրաժարվել է օգնել: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել