Լրահոս
Օրվա լրահոսը

90-ԱՄՅԱԿԻ

Ապրիլ 14,2005 00:00

90-ԱՄՅԱԿԻ ԾԻՐԻՆ ՄԵՋ Վերջին ամիսներին հայկական եթերը ծայրից ծայր լցված է միայն «ընտանեկան բնակարանի» սարսափեցնող գովազդով, ավտոշուկայով եւ Հայոց ցեղասպանությամբ: Թերեւս դա քիչ համարելով՝ երեկ հատուկ ցեղասպանության թեմային նվիրված ասուլիս էր հրավիրել ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նա լրագրողներին ընդհանուր գծերով տեղեկացրեց Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված եւ իրականացվելիք միջոցառումների մասին, ինչպես նաեւ կոչ արեց անպայմանորեն մասնակցել ապրիլի 24-ին կայանալիք սգո երթին: Բնականաբար, Օսկանյանը չէր կարող թեմայի շրջանակներում ամոթանքներ չուղղել Թուրքիայի հասցեին՝ թեպետ «մի փոքր տարբերակում» մտցնելով Թուրքիայի իշխանությունների եւ ժողովրդի միջեւ: «Թուրքիան ոչ միայն չի ճանաչում անցած դարասկզբի հանցագործությունները, այլեւ փորձում է ամեն ինչում մեղադրել Հայաստանին: Զավեշտն այն է, որ այսօր Թուրքիան զուսպ վարքագիծ դրսեւորելու փոխարեն անցել է հարձակման եւ անամոթաբար ոչ միայն փորձում է սեփական պատմությունը կեղծել, այլեւ կոչ է անում մյուս երկրներին վերանայել իրենց դիրքորոշումն այդ հարցում: Կարծում եմ, նման մոտեցումը բումերանգի պես կշրջվի հենց Թուրքիայի դեմ»,- հայտարարեց նախարարը: Միեւնույն ժամանակ նա գոհունակությամբ նշեց, որ թուրք մտավորականության շրջանում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցում են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: Վերջերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Ցեղասպանության դիմաց Թուրքիայից փոխհատուցում պահանջելու հարց դրված չէ՝ նշելով, որ դա Հայաստանի «ապագա նախագահների խնդիրն է»: Հարցին, թե հավանական համարո՞ւմ է արդյոք արտգործնախարարը, որ ինչ-որ մի պահի փոխհատուցման խնդիրը եւս պաշտոնապես կբարձրացվի, Օսկանյանը պատասխանեց. «Ճիշտ կլինի այդ մասին հարցնել ապագա նախագահներին»: Թերեւս, առաջին իսկ հնարավորության դեպքում հենց այդպես էլ կվարվենք: Օսկանյանի համոզմամբ, Հայոց ցեղասպանության հարցը կարեւոր նշանակություն ունի նաեւ անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ Թուրքիայի հետ ՀՀ հարեւանությունը: «Առանց Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ճանաչման՝ մենք չենք կարող վստահություն տածել հարեւանի նկատմամբ, որն այսօր ռազմական առումով հզոր պետություն է եւ Լեռնային Ղարաբաղի հարցում ունի միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում»,- նշեց բանախոսը: Անդրադարձ եղավ նաեւ բուն կարգավորման գործընթացին: Արտգործնախարարը նշեց, որ լոնդոնյան հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ ուղիղ բանակցություններ չի ենթադրում: Իսկ ինչ վերաբերում է «անուղղակի բանակցություններին», ապա դա համանախագահների որոշումն է. նրանք կարծում են, որ տվյալ փուլում առավել արդյունավետ է առանձին բանակցություններ վարել արտգործնախարարների հետ: «Մենք կգտնվենք նույն քաղաքում, հնարավոր է՝ նույն շենքում, բայց տարբեր սենյակներում: Համանախագահներն առանձին կհանդիպեն ինձ եւ Մամեդյարովի հետ: Եթե կարիք լինի, կհանդիպեն երկրորդ անգամ: Սակայն Օսկանյան-Մամեդյարով հանդիպում, պարզապես, չի նախատեսվում: Ձեւաչափն է այդպիսին»,- ասաց նախարարը: Ե՞րբ էր ԼՂ հարցով Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումը ավելի զգալի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրո՞ք, երբ Վ. Օսկանյանը փոխնախարար էր, թե՞ հիմա, երբ արտաքին գերատեսչության ղեկավարն է: «Այն ժամանակ ճնշումն ինձ համար շոշափելի չէր, քանի որ փոխնախարար էի»,- հարցին այսպես պատասխանեց Օսկանյանը՝ հավելելով, թե այժմ էլ, գտնվելով նախարարի պաշտոնում, առանձնապես ճնշում չի զգում: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Փարիզ առաջիկայում կայանալու է: Ըստ Վարդան Օսկանյանի, արդեն քննարկվում են այցի հնարավոր ժամկետները: Իսկ այդ եւ մի շարք այլ հարցերի հետ կապված մամուլի «շահարկումներին» ԱԳ նախարարը հարկ չհամարեց անդրադառնալ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել