Երեկ
Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանն աշխատանքային խորհրդակցության էր հրավիրել
օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահներին: Տեղեկացնելով,
թե այս տարի կառավարության որոշմամբ պետբյուջեից որքան գումար է հատկացվել սպորտին
եւ այդ գումարներն ինչ չափաբաժիններով են բաշխվել ըստ առանձին մարզաձեւերի, նա իրազեկեց
նաեւ այս տարվանից ֆեդերացիաների ներկայացվող պահանջների եւ կառավարություն-սպորտպետկոմ-ֆեդերացիա
համագործակցության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Գլխավոր
խնդիրներից մեկն այն է, որ տվյալ մարզաձեւի գոյության, զարգացման հիմնական ծանրությունը
եւ պատասխանատվությունը՝ մարզումներ, հավաքներ, մրցումների մասնակցություն եւ այլն,
պետք է կրեն ֆեդերացիաները, մի բան, որ մինչեւ այժմ շատ-շատ դեպքերում այդպես չի
եղել: Ավելին, քիչ չեն ըստ էության ձեւական ֆեդերացիաները, որոնք չունեն ոչ տնտեսություն,
ոչ հաշվի համար, ոչ հաշվապահ ու հաշվապահություն, սակայն պետությունից տարեկան ֆինանսավորում
են պահանջում: Սրանից հետո սպորտպետկոմն առաջին հերթին աշխատելու է կայացած ֆեդերացիաների
հետ ու նաեւ հնարավորությունների սահմանում օգնելու է մյուսների կայացմանը: Դրա համար
ֆեդերացիաները, հատկապես դրանց նախագահները պետք է լուրջ վերաբերվեն իրենց մարզաձեւերին,
կազմեն տարեկան հիմնավոր աշխատանքային պլաններ, որպեսզի հետագայում փոփոխությունների
ենթարկելու անհրաժեշտություն չլինի, կարեւոր տեղ տան մարզչական խորհուրդներին, այլ
ոչ թե միանձնյա որոշումներ կայացնեն կամ դա դարձնեն գլխավոր մարզիչների մենաշնորհը,
ինչպես արվում է հաճախ: «Չկա մի ամիս, որ ես առնվազն 15-20 հրաման չստորագրեմ ի փոփոխումն,
ի համալրումն այս կամ այն օրացուցային պլանի»,- ասաց Ի. Զաքարյանը: Սպորտպետկոմի
նախագահը տեղեկացրեց նաեւ, որ կառավարության որոշմամբ մարզական միջոցառումները ժամանակին
ֆինանսավորելու համար սպորտի պետական կառույցը ֆինանսների նախարարություն հայտ պետք
է ներկայացնի մինչեւ հաջորդ ամսվա 1-ը, ու ֆեդերացիաների նախագահներին հորդորեց,
որպեսզի նրանք էլ իրենց հերթին հայտերը սպորտպետկոմ ներկայացնեն դրանից մոտ 7-8 օր
առաջ: Նույն որոշումից է բխում նաեւ, որ սպորտի պետական կոմիտեն իրավունք չունի ծախսել
արդեն հաստատված «X» գումարից ոչ ավելի, ոչ էլ պակաս: Ու քանի որ սրանք նոր մոտեցումներ
են, Ի. Զաքարյանն առաջարկեց եկող տարվա բյուջեն ճիշտ պլանավորելու նպատակով մեկ անգամ
էլ մեկտեղ հավաքվել օգոստոս կամ սեպտեմբեր ամսին: Քանի որ ֆեդերացիաներն են
պատասխանատու իրենց մարզաձեւի համար, սպորտպետկոմը հատկացված միջոցները փոխանցելու
է ֆեդերացիաների բյուջե, որպեսզի նրանք տնօրինեն ֆինանսները: Սակայն նաեւ խիստ վերահսկողություն
է իրականացնելու դրա վրա, որպեսզի գումարները ծախսվեն նպատակային ու արդյունավետ:
Եղել են դեպքեր, երբ ֆեդերացիան տարվա իր ամբողջ բյուջեն վատնել է ընդամենը մեկ միջազգային
մրցման մասնակցելու վրա, թեեւ նախապես էլ հայտնի է եղել, որ բարձր կամ շատ թե քիչ
պատշաճ արդյունքներ չէին լինելու: Մինչդեռ ավելի ճիշտ կլիներ մեծ դժվարությամբ հայթայթված
ու սուղ միջոցները նպատակաուղղել տեղում մարզաձեւը տարածելուն, զարգացնելուն, պատանեկան,
երիտասարդական, մեծահասակների մրցումներ կազմակերպելուն: Ֆեդերացիաների նախագահներից
մի քանիսը դժգոհեցին, որ մարզաձեւերն օլիմպիականի եւ ոչ օլիմպիականի բաժանելու սկզբունքով
անհավասար ֆինանսավորելը ճիշտ չէ: Դրան տրվեց հստակ պատասխան: Պետությունը բոլորի
պահանջներն ամբողջությամբ բավարարել ի վիճակի չէ, որքան էլ ցանկությունը մեծ է: Բայց
նաեւ հարկադրված է մարզաձեւերի մեջ ընտրություն կատարել, ավելի մեծ ուշադրություն
դարձնել նախ օլիմպիական, ապա ՄՕԿ-ի ճանաչած ոչ օլիմպիական մարզաձեւերին, որոնցում
արդյունքներ ունենում ենք, եւ միայն հետո ֆինանսավորել մյուս մարզաձեւերը՝ գոնե դրանցից
ներհանրապետական մրցումներ կազմակերպելու մակարդակով: Իսկ շախմատի ֆեդերացիայի նախագահ,
պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ավելացրեց, որ իր համոզմամբ՝ ճիշտ էլ չէ բոլոր
մարզաձեւերը հավասարեցնել: «Օրինակ, շախմատի զարգացման համար մեր ֆեդերացիային հատկացված
50 մլն դրամն էլ, բնականաբար, շատ քիչ է,- վերջում լրագրողներին ասաց նա:- Բայց կառավարությունը
հատկացնում է այնքան, որքան ի վիճակի է: Մեզանում այն թյուր կարծիքը կա, թե սպորտում
տիրող իրավիճակի համար պատասխանատու է միայն սպորտպետկոմը: Սա հասարակությանը թյուրիմացության
մեջ է գցել: Իմ համոզմամբ՝ սպորտում տիրող իրավիճակի համար պատասխանատու են եւ գիտության,
կրթության նախարարությունը, եւ տեղական ինքնակառավարման մարմինները, եւ, իհարկե,
ֆեդերացիաները: Ֆեդերացիաների ղեկավարները պարտավոր են գտնել, ի մի բերել տվյալ մարզաձեւի
սիրահարներին, նյութական եւ բարոյական աջակցություն ցուցաբերել: Մենք շախմատի ֆեդերացիայում
անցած տարի ծախսել ենք առնվազն հինգ անգամ ավելի, քան հատկացրել է պետական բյուջեն:
Եվ դուք տեսնում եք արդյունքները: Բոլոր մարզաձեւերում էլ այդպես պետք է լինի: Մարդը
սպորտով զբաղվում է մանուկ հասակից, եւ պատանեկության ընթացքում են ի հայտ գալիս
նրա ունակությունները: Եթե դպրոցում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը ցածր
որակի է, շատ դժվար է այլ տեղերում սպորտը զարգացնել: Եթե քաղաքային, գյուղական համայնքներում
բակային սպորտի հարմարություններ չկան, ակնհայտ է, որ երեխաները պետք է այլ բաներով
զբաղվեն: Լուրջ մարզիկներ ի հայտ են գալիս այն ժամանակ, եթե այդ մարզաձեւը մասսայական
է: Եվ ես ուրախ եմ, որ վերջին շրջանում Երեւանում, Գյումրիում, Վանաձորում սկսել
են այս խնդրին ուշադրություն դարձնել՝ կառուցում են բակային մարզական համալիրներ:
Մենք բոլորս միասին պետք է փորձենք վերացնել այն բոլոր թերությունները, որ կան սպորտի
բնագավառում, որպեսզի չկրկնվի այն արդյունքը, որ ունեցանք վերջին օլիմպիադայում»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ