Հայաստանում
անցկացվող Մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթվա ավարտից անմիջապես հետո,
ապրիլի 11-ին մեկնարկեց Հայկական գրադարանային շաբաթը: Այս ոլորտի՝ մեզ
հետաքրքրող մեկ ծավալուն հարցով ու դիտարկումով դիմեցինք Երեւանի Ավ. Իսահակյանի
անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին: – Ամերիկայում անցկացված
հետազոտությունների արդյունքում կարեւոր եւ հեղինակություն վայելող տասը մասնագիտությունների
թվում նշվում է գրադարանավարի մասնագիտությունը: Եթե նման հետազոտություն անցկացվի
մեր երկրում, ո՞ր տեղում կհայտնվեք դուք՝ գրադարանավարներդ: – Ելնելով մեր
իրականությունից, դժվար չէ կռահել, թե որ տեղում կհայտնվի կարեւոր եւ աշխարհում հեղինակություն
վայելող գրադարանավարի մասնագիտությունը, թեեւ առայժմ միայն գիտակցում ենք, որ տեղեկատվությունը
կամ ինֆորմացիա կոչվածը թանկ հաճույք է աշխարհում: Յուրաքանչյուր երկիր, ելնելով
իր ֆինանսական վիճակից, տեղեկատվության բնագավառի մասնագետների քանակից, զարգացնում
է տեղեկատվական տնտեսության կառուցման սեփական մոդելը՝ մշակելով կառավարության դերն
ու պարտականություններն այդ գործընթացում: Այսպես՝ եթե ԱՄՆ-ում համալսարանները եւ
տարբեր հիմնադրամներ առանց պետության միջամտության բազմամիլիարդ ներդրումների հաշվին
ի վիճակի են իրականացնել տեղեկատվական տարբեր ծրագրեր, ապա մենք այս գործընթացում
շեշտը դնում ենք պետական, կենտրոնացված ֆինանսավորման վրա: Դեռ 10 տարի առաջ շրջանառության
մեջ էր դրվել Գրադարանների մասին օրենքը, որն առայսօր չի քննարկվել: Միայն մեկ ամիս
առաջ մշակույթի նախարարությունը ձեռք է մեկնել այդ նախագծին: Տեսնենք ինչ կստացվի:
Պետք է վերանայել բյուջեով սահմանված որոշ «տեսակետներ»: Օրինակ, պետբյուջեում գրված
է՝ «գրադարանների պահպանության ծախսեր», այնինչ, ճիշտ կլիներ նախատեսվեր «գրադարանների
զարգացման ծախսեր»: Որ գրադարանները պետք է պահպանվեն՝ անվիճելի է: Այնինչ այսօր
շատ գրադարանների շենքերն ու կահավորանքը հնացած են եւ կարգի բերելու համար պահանջվում
են կապիտալ ներդրումներ: Ֆոնդերի շարունակական համալրման հաշվին գրադարաններն աճող
կառույցներ են եւ պահանջ ունեն նաեւ տարածքների անընդհատ ընդլայնման, որը, նույնիսկ
ֆինանսների առկայության պայմաններում, հաճախ անհնար է՝ ազատ տարածքների բացակայության
պատճառով: Այսօր տարբեր երկրների տեղեկատվական ծրագրերը, անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից,
ֆինանսական միջոցներից ու մասնագետների որակավորումից, ունեն մեկ ընդհանրություն՝
որպես հիմնական եւ առաջնային աշխատանք, ընդգրկում են թվային գրադարանների ստեղծումը,
որի ծրագիրը կազմվել է 1994թ. ԱՄՆ-ում: Ցավում եմ, բայց պիտի խոսեմ տարրական
բաներից: Օրերս սկսված Ազգային գրադարանային շաբաթի կարգախոսն է՝ «Մեր ապագան կարդացող
երեխան է»: Օտարերկրացի մի տեսաբան նկատեց, որ ճիշտ կլիներ կարգախոսը լիներ՝ «Կարդալն
է երեխայի ապագան»: Ինչ խոսք, նման շաբաթներն անհրաժեշտ են, բայց դա շարունակական
բնույթ պետք է կրի: Վերցնենք ընտանիքները: Գրքի հանդեպ սերը առաջ է գալիս փոքր հասակից:
Այսօր մեր գրադարանում իրենց պրակտիկան անցկացնող 12 ուսանողից 10-ը խոստովանում
է, որ ապագայում չի աշխատի իր մասնագիտությամբ: Սա էլ խոսում է այն մասին, որ պարզապես
հեշտ է ցածր բալերով ընդունվել համապատասխան ֆակուլտետ: Շատերն էլ մատնացույց են
անում գրադարանավարի ցածր աշխատավարձը, ոմանք էլ՝ գրադարանների անմխիթար վիճակը:
Այո, չվերանորոգված շենքերն ու թերի ֆինանսավորումը ինքնաբերաբար բերում են նրան,
որ գրադարանը հայտնվում է ավելորդի կարգավիճակում: Կարծում եմ, հարկ չկա խոսելու
մարզային, գյուղական գրադարանների մասին, որոնք շուրջ 20 տարի ոչ մի գրականություն
չեն ստացել, բնականաբար՝ դադարել մշակութային կենտրոն լինելուց: Կուզեի, որ գրադարանների
օպտիմալացման հետեւանքով խնայվող միջոցները խելացի օգտագործվեին՝ ուղղվելով մեր ոլորտի
խնդիրների լուծմանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ