Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂԱՂ
ՃՆՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Ապրիլ 14,2005 00:00

Սա է խոստանում իրականացնել
ընդդիմությունը «Արդարություն» դաշինքի հրավիրած «Ժողովրդավարության հաստատման
նախապայմանը ապօրինի վարչախմբի հեռացումն է» կարգախոսով «Հանուն ժողովրդավարության»
ֆորումը, որի մասին այնքան խոսվում էր վերջին շրջանում, երեկ վերջապես տեղի ունեցավ:
Մասնակցում էին ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը՝ բացի ՀՀՇ-ից եւ ՆԺ-ից: Հավաքի
կազմակերպիչները եւ մասնակիցները բավականին հանգիստ էին եւ ի սկզբանե ակնհայտ էր,
որ որեւէ լուրջ բախումնային գործողություն չի նախատեսված: Սակայն իշխանությունները
Մելիք-Ադամյան փողոցի հարեւանությամբ գտնվող ոստիկանական մասից բազմաթիվ ոստիկաններ
էին դուրս բերել փողոց, որոնք կազմ ու պատրաստ սպասում էին «Երազների» մեջ: Ավելի
ուշ հավաքից դուրս եկած լրագրողներին ոստիկանները հարցնում էին՝ երթ չի՞ լինելու:
Երթ չեղավ, բայց գործող իշխանությունների հասցեին լուրջ մեղադրանքներ հնչեցին: «Արդարություն»
դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը բացելով հավաքը՝ ասաց. «Ուղիղ մեկ տարի է անցել
այն օրից, երբ ապօրինի վարչախումբը իր անփառունակ իշխանությունը երկարաձգելու նպատակով
դիմեց բռնությունների: Մինչ օրս որեւէ մեկն այդ բռնարարքների համար պատասխանատվության
չի ենթարկվել»: Պրն Դեմիրճյանը նկատեց, որ սվիններով հնարավոր չէ իշխանությունը երկար
պահել. «Ուզում եմ վերահաստատել մեր վճռականությունը օրինական իշխանություն հաստատելու
գործում: Անկասկած, մենք դրան հասնելու ենք»: Եզրահանգումը միանշանակ էր՝ այս իշխանություններին
ընդդիմությունը հեռացնելու է՝ համաժողովրդական ընդվզման արդյունքում: «Արդարություն»
խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը իր հերթին ասաց, որ այսօր երկու հարց են
տալիս՝ ե՞րբ եւ ինչպե՞ս: Հարցերի պատասխանը տրվեց անմիջապես, մնաց իրականացնելը:
Այս իշխանությունները հեռացվելու են «հնարավորինս արագ, ժողովրդի ուժով»: Վիկտոր
Դալլաքյանը շեշտեց. «Մենք իրեն (Ռ. Քոչարյանին- Մ. Ե.) հնարավորություն ենք տալիս
խաղաղ հեռանալ, հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվությունը ընկնում է նրա եւ նրա
համախոհների վրա»: Ամենից անակնկալը Պարույր Հայրիկյանի ելույթն էր, որին
եւս դահլիճը դիմավորեց ծափերով: Իսկ Հայրիկյանը ասում էր հետեւյալը՝ ընդդիմությունը
պետք է համախմբվի «Արդարություն» դաշինքի շուրջը, եւ երիցս ճիշտ է դաշինքի ղեկավարությունը,
երբ շարունակ ասում է, որ այս իշխանությունները հեռացվելու են խաղաղ, համաժողովրդական
ալիքի ճնշման արդյունքում: Իրոք անակնկալ էր, երբ ոչ այլ ոք, քան Հայրիկյանն է ասում՝
համախմբվել մեկի շուրջը, որը Հայրիկյան չէ. «Երբ այս դաշինքը ձեւավորվում էր, ես
ասում էի՝ չեմ հասկանում, նախընտրական դաշինք է, որում համախմբվում են իրարամերժ
աջ եւ ձախ ուժեր: Բայց երբ դրված է ոչ թե իշխանության հասնելու, այլ արդարության
վերականգնման, սահմանադրական կարգի հաստատման, ժողովրդավարության կայացման խնդիր,
բնականորեն իրար կողքի են կանգնում եւ աջը, եւ ձախը: Մենք տեսնում ենք, որ ճիշտ է
«Արդարություն» դաշինքը, ճիշտ են ընդդիմության ուժերը, բայց երեւի էլի ինչ-որ բան
դեռ պակասում է: Կարծում եմ՝ այսօրվա նախաձեռնությունը եկել է այդ պակասը նվազագույնի
հասցնելու»: Աշոտ Մանուչարյանը իր ելույթում հայտարարեց. «Կոշի գաղութում
մենք հազիվ թե գտնենք անձանց, որ այնպիսի հանցագործություններ կատարած լինեն, ինչպիսին
այսօր իշխանական լծակները գրավածները»: Իսկ ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, այս օրը
պետք էր նշվեր փողոցում՝ որպես ընդդիմության ու ժողովրդի հաղթանակի մեկամյա տարելից,
սակայն դահլիճում է նշվում եւ այսպես. «Հայաստանում ժողովրդավարությունը չի կարողանում
հաղթել: Մենք ունենք կոպիտ, բիրտ, չկրթված, քիչ կրթված իշխանություն, մենք ուժեղ
իշխանություն չունենք: Այս իշխանությունը նման է մեջը փուչ մեծ ծառի, որին պետք է
տապալել»: Ապրիլյան դեպքերի ժամանակ պլաստիկե շշով ոստիկանին խփելու համար
դատապարտված Էդգար Առաքելյանը խոսեց այն մասին, որ այս իշխանությունների օրոք խրախուսվում
են անօրինականությունն ու անպատժելիությունը: ՀԺԿ եւ «Արդարություն» դաշինքի մամուլի
քարտուղար Ռուզան Խաչատրյանը, որին եւս Կենտրոնի ոստիկանապետը ապօրինաբար ձերբակալել
էր կուսակցության գրասենյակում, հայտարարեց, որ եկել է ընտրություն կատարելու ժամանակը.
«Պահն է, որ յուրաքանչյուրը խոսի իր անունից եւ իր ընտրությունը կատարի: Մենք այդ
ընտրությունը կատարել ենք»: ՀԺԿ վարչության անդամ Արուսյակ Մամիկոնյանի խոսքը բավականին
հեղափոխական էր, եւ թերեւս արժե հենց դրանով էլ ավարտել ապրիլյան դեպքերի մեկամյակին
նվիրված միջոցառման լուսաբանումը: Ըստ այդմ, եթե իշխանությունները չեն հասկանում
ընդդիմության խաղաղ եւ սահմանադրական լեզուն, քանի որ միայն ջրցան մեքենաների եւ
մահակների լեզուն գիտեն, ուրեմն ընդդիմությանը մնում է մեկ ճանապարհ՝ սովորել նույն
մահակների, այսինքն՝ ուժի լեզուն։ «Հանրապետական» կուսակցությունը թեպետ ներկա
էր ամբողջ վերնախավով, սակայն որեւէ մեկը ելույթ չունեցավ. պատճառաբանությունն այն
էր, որ իրենք զբաղված են կուսակցության առաջիկա համագումարով: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել