Լրահոս
Օրվա լրահոսը

90-ԱՄՅԱԿԻ ԾԻՐԻՆ ՄԵՋ

Ապրիլ 14,2005 00:00

Վերջին
ամիսներին հայկական եթերը ծայրից ծայր լցված է միայն «ընտանեկան բնակարանի» սարսափեցնող
գովազդով, ավտոշուկայով եւ Հայոց ցեղասպանությամբ: Թերեւս դա քիչ համարելով՝
երեկ հատուկ ցեղասպանության թեմային նվիրված ասուլիս էր հրավիրել ՀՀ ԱԳ նախարար Վարդան
Օսկանյանը: Նա լրագրողներին ընդհանուր գծերով տեղեկացրեց Հայոց ցեղասպանության 90-րդ
տարելիցի կապակցությամբ կազմակերպված եւ իրականացվելիք միջոցառումների մասին, ինչպես
նաեւ կոչ արեց անպայմանորեն մասնակցել ապրիլի 24-ին կայանալիք սգո երթին: Բնականաբար,
Օսկանյանը չէր կարող թեմայի շրջանակներում ամոթանքներ չուղղել Թուրքիայի հասցեին՝
թեպետ «մի փոքր տարբերակում» մտցնելով Թուրքիայի իշխանությունների եւ ժողովրդի միջեւ:
«Թուրքիան ոչ միայն չի ճանաչում անցած դարասկզբի հանցագործությունները, այլեւ փորձում
է ամեն ինչում մեղադրել Հայաստանին: Զավեշտն այն է, որ այսօր Թուրքիան զուսպ վարքագիծ
դրսեւորելու փոխարեն անցել է հարձակման եւ անամոթաբար ոչ միայն փորձում է սեփական
պատմությունը կեղծել, այլեւ կոչ է անում մյուս երկրներին վերանայել իրենց դիրքորոշումն
այդ հարցում: Կարծում եմ, նման մոտեցումը բումերանգի պես կշրջվի հենց Թուրքիայի դեմ»,-
հայտարարեց նախարարը: Միեւնույն ժամանակ նա գոհունակությամբ նշեց, որ թուրք մտավորականության
շրջանում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցում են Հայոց ցեղասպանության ճանաչման
անհրաժեշտությունը: Վերջերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանի
արտաքին քաղաքական օրակարգում Ցեղասպանության դիմաց Թուրքիայից փոխհատուցում պահանջելու
հարց դրված չէ՝ նշելով, որ դա Հայաստանի «ապագա նախագահների խնդիրն է»: Հարցին, թե
հավանական համարո՞ւմ է արդյոք արտգործնախարարը, որ ինչ-որ մի պահի փոխհատուցման խնդիրը
եւս պաշտոնապես կբարձրացվի, Օսկանյանը պատասխանեց. «Ճիշտ կլինի այդ մասին հարցնել
ապագա նախագահներին»: Թերեւս, առաջին իսկ հնարավորության դեպքում հենց այդպես էլ
կվարվենք: Օսկանյանի համոզմամբ, Հայոց ցեղասպանության հարցը կարեւոր նշանակություն
ունի նաեւ անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ
Թուրքիայի հետ ՀՀ հարեւանությունը: «Առանց Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի
ճանաչման՝ մենք չենք կարող վստահություն տածել հարեւանի նկատմամբ, որն այսօր ռազմական
առումով հզոր պետություն է եւ Լեռնային Ղարաբաղի հարցում ունի միանշանակ ադրբեջանամետ
դիրքորոշում»,- նշեց բանախոսը: Անդրադարձ եղավ նաեւ բուն կարգավորման գործընթացին:
Արտգործնախարարը նշեց, որ լոնդոնյան հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների
միջեւ ուղիղ բանակցություններ չի ենթադրում: Իսկ ինչ վերաբերում է «անուղղակի բանակցություններին»,
ապա դա համանախագահների որոշումն է. նրանք կարծում են, որ տվյալ փուլում առավել արդյունավետ
է առանձին բանակցություններ վարել արտգործնախարարների հետ: «Մենք կգտնվենք նույն
քաղաքում, հնարավոր է՝ նույն շենքում, բայց տարբեր սենյակներում: Համանախագահներն
առանձին կհանդիպեն ինձ եւ Մամեդյարովի հետ: Եթե կարիք լինի, կհանդիպեն երկրորդ անգամ:
Սակայն Օսկանյան-Մամեդյարով հանդիպում, պարզապես, չի նախատեսվում: Ձեւաչափն է այդպիսին»,-
ասաց նախարարը: Ե՞րբ էր ԼՂ հարցով Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումը
ավելի զգալի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրո՞ք, երբ Վ. Օսկանյանը փոխնախարար էր, թե՞ հիմա,
երբ արտաքին գերատեսչության ղեկավարն է: «Այն ժամանակ ճնշումն ինձ համար շոշափելի
չէր, քանի որ փոխնախարար էի»,- հարցին այսպես պատասխանեց Օսկանյանը՝ հավելելով, թե
այժմ էլ, գտնվելով նախարարի պաշտոնում, առանձնապես ճնշում չի զգում: Ի դեպ,
Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Փարիզ առաջիկայում կայանալու է: Ըստ Վարդան Օսկանյանի,
արդեն քննարկվում են այցի հնարավոր ժամկետները: Իսկ այդ եւ մի շարք այլ հարցերի հետ
կապված մամուլի «շահարկումներին» ԱԳ նախարարը հարկ չհամարեց անդրադառնալ: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել