Պատանի երգիչները գովազդում են Հայաստանը Հավաստիացնում են գերմանացի պրոդյուսերները Հայաստանում էին CD-ներ արտադրող գերմանական հայտնի «Յոն Թաուն Ռեկորդս» ֆիրմայի գլխավոր պրոդյուսեր Մաքս Մարկուս Ֆրիցը եւ համերգային ու հեռուստաշոուների պրոդյուսեր Ուլի դել Անտոնիոն: «Առավոտի» հետ զրույցի սկզբում գերմանացի հյուրերը տեղեկացրին, որ իրենց նախաձեռնությամբ են ժամանել Հայաստան՝ «հետազոտության» նպատակով: Վերջինիս համար առիթ էր հանդիսացել «Դո-ռե-մի» վոկալ ստուդիայի (ղեկավար՝ Նադեժդա Սարգսյան) սաների՝ երրորդ տարին անընդմեջ Գերմանիայում անցկացված Berliner Perle ամենամյա միջազգային մրցույթի բոլոր մրցանակային տեղերը գրավելու փաստը: Դել Անտոնիոյի խոսքերով. «Հասկանում ենք, որ կա Աստծո տված շնորհ, լավ վոկալ տվյալներ ու տեխնիկա, դերասանի վարպետություն, բայց որտեղի՞ց հայ պատանիներին այդպիսի հոգեկան ներաշխարհ եւ, որ ամենակարեւորն է՝ չհասկանալով հայերեն, զգում, ընկալում, հասկանում ենք երգը»: Ընդմիջելով գործընկերոջը, Մարկուս Ֆրիցը ասաց. «Դո-ռե-մի» վոկալ ստուդիան անցյալ տարի Եվրոպայում ճանաչվեց լավագույն դպրոց եւ զարմանալի է, որ այս փոքր երկրում կա ժամանակակից երգի ուսուցման, երգիչների պատրաստման նման պրոֆեսիոնալ մոտեցում: Փաստորեն, հայ պատանի երգիչները անվճար գովազդում են ձեր երկիրը պարզ պատճառով՝ մրցանակային տեղերը շնորհելիս անընդհատ հնչում է Հայաստան անունը»: Մեր զրուցակիցները տեղեկացրին, որ իրենք Երեւանում ներկա են գտնվել ստուդիայի սաների երկու ժամ տեւողությամբ համերգին, երգերի ձայնագրման ընթացքին. «Արդեն պլաններ ունենք փորձի փոխանակման նպատակով Գերմանիա հրավիրել ստուդիայի դասախոսներին, իսկ փառատոնի՝ «Հայեր» վոկալ անսամբլին»: Հյուրերը հիացած էին Գեղարդում ստուդիայի սաների հանպատրաստի ելույթից. «Մենք պատրաստվում ենք նաեւ ստեղծել ինտերնետային կայք՝ աշխարհին ձեր ստուդիայի մասին տեղեկացնելու նպատակով»: Եվրոպական տարբեր մրցույթների ժյուրիների կազմում աշխատանքի փորձ ունեցող պրոդյուսերներից հետաքրքրվեցինք դրանց անաչառության մասին: Ըստ մեր զրուցակիցների, բոլոր մրցույթներում էլ լինում են անարդար խաղեր, որոնց հետ, ուզած թե չուզած, պետք է համակերպվել: «Այս դեպքում դա էլ դպրոց է, որտեղ սովորում ես պայքարել մինչեւ վերջ: Դե պատկերացրեք, ավելի քան 15 երկրի ներկայացուցիչների բեռլինյան մրցույթում արդեն երեք տարի շարունակ հետապնդում է հայկական սինդրոմը, ասել է թե՝ առաջին փուլից նրանք գիտեն, որ բոլոր մրցանակները հայերինն են: Սակայն դա չի նշանակում, որ հայ պատանի երգիչները սովորելու բան չունեն: Ամենամեծ բանը նրանց ու մյուս մասնակիցների համար փորձն է»,- նշեցին պրոդյուսերները: Նյութը պատրաստ էր, երբ լուր ստացվեց, որ օրերս Մոսկվայում կայացած «Վառիր քո աստղը» ամենամյա հեղինակային հեռուստափառատոնին, որն այս տարի նախագահել է ճանաչված երգիչ Ռենատ Իբրահիմովը, «Դո-ռե-մի» վոկալ ստուդիան ներկայացնող 9 պատանի երգիչներից 6-ը դարձել են դափնեկիր, 3-ը՝ դիպլոմանտ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ