Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՈՂՆԵՐՆ

Ապրիլ 13,2005 00:00

ԳՐՈՂՆԵՐՆ ԷԼ ՍԱՐՍԱՓԵՑԻՆ ԳՐՈՂՆԵՐԻ ԹՎԻՑ Ծաղկաձորի գրողների տանը երեկվանից մեկնարկել է Երիտասարդ գրողների առաջին համահայկական հավաքը, որ կշարունակվի մինչեւ ապրիլի 15-ը: Միջոցառմանը հրավիրված էին նաեւ 10 երիտասարդ գրողներ արտերկրից՝ այդ թվում ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իրանից, Լիբանանից: Հայաստանի գրողների միության նախագահ (ՀԳՄ) Լեւոն Անանյանը նշեց, որ երիտասարդ գրողների մեջ շատ են շնորհալի անունները, գրական դաշտը գնալով հստակվում է, եւ շուրջ 40 երիտասարդ գրող ունենք: «Մենք կոտորվեցինք, շատ ջանք թափեցինք, որ Ֆրանսիայից, Եվրոպայից կամ Կանադայից երիտասարդ հայ գրող գտնենք: Հնարավոր չեղավ: Միակ օազիսը Մերձավոր եւ Միջին Արեւելքն էր»,- մտահոգված էր ՀԳՄ նախագահը: «Մենք 30 տարեկան էինք դառնում ու երազում էինք գիրք ունենալ, իսկ էս ջահելներն արդեն ունեն»,- նշեց նա: Մեր հարցին՝ «Արդյոք շատ չե՞ն հայ գրողները», պրն Անանյանը պատասխանեց. «Շատ լավ է, որ շատ են: Եթե անգամ լավ գրող չդառնան, գոնե լավ ընթերցող կդառնան»: Ի տարբերություն Անանյանի, բանաստեղծ Հենրիկ Էդոյանին զարմացրել էր մերօրյա գրողների չափազանց մեծ թիվը. «Մի կողմից ուրախ եմ, որ այսքան շատ գրող կա, մյուս կողմից էլ սարսափում եմ»: Նա ասաց, որ երիտասարդները «ահագին լավ են գրում, լեզվական ինչ-որ գաղտնիքներ գիտեն», մյուս կողմից էլ նկատեց, որ «շատերին պակասում է ինդիվիդուալիզմը»: Երիտասարդ գրող Սուրեն Ենոքյանը պատմեց, որ սկզբում սիրո մասին բանաստեղծություններ էր գրում, հիմա անցել է արձակի ու փորձում է փիլիսոփայել: Սեւադա Գրիգորյանին հուզում են շրջապատի, իր տարեկիցների խնդիրները. «Այսօր քաոսային վիճակ է ստեղծվել եւ երիտասարդները չեն կարողանում իրենց տեղը գտնել կյանքում»: Վրաստանաբնակ Վահագն Չախալյանը ցանկացավ, որ գրողական հավաքներ կազմակերպվեն նաեւ Ջավախքում, որտեղ դպրոցներում կրճատվել են հայոց պատմության ու հայ գրականության դասաժամերը: Ամերիկաբնակ Սեդա Իսկանդարյանն ասաց, որ անգլերեն է ստեղծագործում: Ճանաչում է օտարագիր մեկ այլ հայ գրողի՝ նյույորքաբնակ Արթուր Ներսեսյանին: Հայ գրողների մասին Սեդան համարյա ոչինչ չգիտեր, լսել էր Պիտեր Բալաքյանի անունը: Սեդրակ Գոճամանյանն էլ պատմեց, որ իրենց մոտ՝ Իրանում 10-15 երիտասարդ հայ գրող կա, որոնք հիմնականում գրում են հայրենիքի կարոտի ու Հայաստանի մասին՝ բնականաբար աչքաթող չանելով սիրո թեման: Ավագների խիստ գնահատականներից Սեդրակը չի նեղանում, կարծում է՝ դա նրանց բնավորությունն է. «Եթե ես էլ մի 30 տարով մեծանամ, ես էլ այդպես կվարվեմ»: Սեդրակը ժամանակակից հայ բանաստեղծներից առանձնացրեց Արտեմ Հարությունյանի անունը. «Ես սիրում եմ աբսուրդ բաներ»: Երեկ երկու երիտասարդ գրողներ Հուսիկ Արան եւ Անահիտ Արփենը գրական մրցանակներ ստացան: Հուսիկ Արան ճանաչվեց տարվա լավագույն բանաստեղծ եւ ԱԺ-ին կից երիտասարդական խորհրդարանի կողմից պարգեւատրվեց 50000 դրամով, իսկ Անահիտ Արփենը ճանաչվեց տարվա լավագույն արձակագիր, նրան էլ հանձնվեց $200 եւ Գրիշա Դարբինյանի անվան մրցանակակրի հավաստագիր: Հետաքրքիր էր, որ երիտասարդ գրողներից ոմանք համոզված էին, թե շատ լավ են գրում, շատերն էլ խոստովանեցին, որ գրում են իրենց մասին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել