Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոմպլեմենտարը

Ապրիլ 13,2005 00:00

Հակակոմպլեմենտարը Երկու տարի առաջ, երբ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական կոնտինգենտի փոխհրամանատար Չարլզ Ուոլդին հարց ուղղեցինք ամերիկյան մոբիլ ստորաբաժանումների՝ Ադրբեջանի տարածքում տեղակայման հնարավորության մասին, վերջինս կտրականապես հերքեց նման հեռանկարը: Ամերիկացի գեներալը Երեւանում էր գտնվում տարածաշրջանային կարճատեւ այցով եւ վերադարձից առաջ «Երեւան» հյուրանոցում հանդիպել էր հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Մենք գնում ենք տարածաշրջանային համագործակցության, այլ ոչ թե առճակատման եւ լարվածության խորացման ճանապարհով: ԱՄՆ-ը չի ծրագրում որեւէ կերպ զինված ներկայություն ունենալ Հարավային Կովկասում»,- մեր հարցին ի պատասխան՝ նշել էր Ուոլդը: Հիշեցնենք, որ նշված ժամանակահատվածում ադրբեջանական մամուլում այդ թեման բավական ակտիվ շրջանառության մեջ էր: Այդուհանդերձ, չնայած Ուոլդի վճռական հերքումներին, ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդն անցած մի քանի տարիների ընթացքում երկու անգամ աշխատանքային այց կատարեց Բաքու, եւ երկու անգամ էլ արեւմտյան ԶԼՄ-ներում նրա այցը լուսաբանվեց ԱՄՆ զինուժի որոշակի ստորաբաժանումների՝ Ադրբեջանում հնարավոր վերատեղակայման համատեքստում: Այս ամենը չափազանց լավ է հիշեցնում ՆԱՏՕ-ի ղեկավարության երբեմնի խոստումներն այն մասին, որ ալյանսը ոչ մի պարագայում չի ծավալվի դեպի արեւելք: Ժամանակը ցույց տվեց, սակայն, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն «գրոհեց» Արեւելյան Եվրոպան, այլեւ իր գիրկն առավ նաեւ մերձբալթյան հետխորհրդային երկրներին: Հանգամանք, որն ընդամենը երեք տարի առաջ կարող էր դասվել քաղաքական ֆանտաստիկայի ոլորտին: Եվ ահա, Ադրբեջանում այս օրերին դարձյալ հյուրընկալում են ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդին, որի այցն այս անգամ ծածկված է գաղտնիության եւ խորհրդավորության քողով: Ոչ Բաքվի պաշտոնական աղբյուրները, ոչ էլ ԱՄՆ դեսպանատունը նրա այցի նպատակների մասին ոչինչ չեն հաղորդում: Անկախ զինվորական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը «Էխո» թերթին հայտնել է, որ «Բաքվում Ռամսֆելդի այցի նպատակը կոնկրետ որոշումների ընդունումն է այն հարցերի շուրջ, որոնք համաձայնեցվել են գեներալ Չարլզ Ուոլդի վերջին այցի ժամանակ», եւ պարզաբանել, որ «խոսքը միանշանակ Ադրբեջանի տարածքում ԱՄՆ-ի արագ արձագանքման դյուրաշարժ խմբերի տեղակայման հետ կապված բանակցությունների մասին է»: Որոշ ԶԼՄ-ներ էլ դարձյալ ընդգծել են Ադրբեջանում ամերիկյան շարժական ուժեր տեղաբաշխելու՝ Վաշինգթոնի մտադրությունը՝ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանության նպատակով»: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում ամերիկյան զինուժի տեղակայման հեռանկարն այլեւս ակնհայտ է, եւ դա հասկանալի է: ԲԹՋ նավթամուղի շինարարությունը մոտ է ավարտին, եւ ԱՄՆ-ն կոնկրետացնում է իր գործողությունները: Իսկ մեզ մնում է միայն մխիթարվել օրապակաս ՀԱՊԿ-ին մեր անդամակցությամբ եւ ենթադրություններ անել տարածաշրջանային հավանական զարգացումների շուրջ: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել