«Տարածքներ՝ իշխանության դիմաց» «Արմատ» կենտրոնի անդամի կարծիքով՝ ներկայիս իշխանություններն այս բանաձեւով են շարժվում «Ղարաբաղի հարցը ողջ հայ ժողովրդի խնդիրն է, ուստի որեւէ մեկին իրավունք վերապահված չէ ասելու՝ դու կարող ես Ղարաբաղի մասին խոսել, իսկ դու՝ ոչ»,- այսպես պատասխանեց «Արմատ» կենտրոնի անդամ Տիգրան Սեդրակյանը Ռոբերտ Քոչարյանի՝ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարությանը, որ «շատ դեպքերում այդ հարցի շուրջ խոսում են մարդիկ, որ ոչ Ղարաբաղի տեղը գիտեն, ոչ տարածքների, ոչ էլ այն ժամանակ որեւէ տեղ երեւացել են»: Պրն Սեդրակյանին վրդովեցնում է այն փաստը, որ «երբ խնդիր է առաջանում հարցի լուծման տարբերակների շուրջ՝ հայտարարում են, որ իրենք ժողովրդի կարծիքը պետք է հարցնեն», բայց՝ «խավեր են սահմանում եւ հայտարարում են, որ միայն դրանց ներկայացուցիչները կարող են կարծիք հայտնել»: Բացի այդ՝ «Մեր շատ ընկերներ, ովքեր զոհվեցին, նրանցից շատերն առաջին անգամ էին լինում Ղարաբաղում: Հեչ պարտադիր չէ մի քանի անգամ գնալ, նոր կարծիք հայտնելու իրավունք ունենալ»,- ասում է մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին շրջանում ակտիվ «կոմպրոմիսային» տրամադրություններին, Տիգրան Սեդրակյանի կարծիքով՝ «Մեր իշխանություններն իսկապես թույլ վիճակում են եւ այսօր հայտնվել են մի իրավիճակում, որ պարտադրված են գնալու զիջումների: Բայց դա կարվի միայն մի դեպքում՝ երբ ներկայիս իշխանությունը արտաքին աշխարհից հստակ երաշխիքներ կունենա իշխանությունը պահպանելու առումով: Այսօր նրանք աշխատում են հետեւյալ բանաձեւով՝ «գրավյալ տարածքներ՝ իշխանության դիմաց»: Պարոն Սեդրակյանի կարծիքով, ղարաբաղյան թեմայով «Կինոյի տան» վերջին հավաքն ապացուցեց, որ գործող ընդդիմությունն ավելի ռադիկալ է տրամադրված: Ուստի՝ «այդ ֆոնին Քոչարյանն իր վարչախմբով ավելի կառուցողական է երեւում, դա է պատճառը, որ հայտարարում է, թե իշխանությունն ավելի ուժեղ է, եւ աշխարհին ասում է՝ տեսեք, թե ում հետ եք գործ ունենալու, եթե ես գնամ»: Միաժամանակ, պարոն Սեդրակյանը մնում է այն համոզման, որ ԼՂ հարցում զիջումների կարող են գնալ միայն օրինական ճանապարհով իշխանության եկած քաղաքական ուժերը, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը: Այդ առումով, ըստ նրա, եթե այս իշխանությունն այնուամենայնիվ գնա որոշակի տարածքներ հանձնելու ուղիով՝ «Հայաստանի ներքաղաքական իրավիճակում զարգացումներն անկանխատեսելի կլինեն»: Անդրադառնալով նախագահի՝ Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղրղըզստանի «թավշյա» հեղափոխությունների համեմատականներին ու հետեւություններին՝ Տ. Սեդրակյանը չի համարում, որ մեզ համար չափանիշ պետք է լինի Ղրղըզստանը եւ ղրղզ ժողովրդի կենսամակարդակը: Հեղափոխությունների առումով պարոն Սեդրակյանն իր վարկածն է առաջ քաշում. «Շեւարդնաձեին բավական մեղմ վերաբերվեցին, նույնիսկ թոշակ եւ անվտանգության թիկնազոր նշանակեցին, Կուչմայի նկատմամբ պաշտոնանկությունից օրեր անց քրեական հետապնդումներ սկսեցին, Ակաեւի նկատմամբ ժողովուրդն ավելի դաժան է: Եթե հաջորդ հեղափոխությունը լինի Հայաստանում՝ թող այսօրվանից իշխանություններն իրենց ճակատագրի վերաբերյալ հետեւություններ անեն»: Թիվ մեկ հեղափոխական Արամ Կարապետյանին մեր զրուցակիցը լուրջ չի ընդունում, ավելին, վստահ է, որ շատ շուտով նրա ազդեցությունները հետագա զարգացումների վրա կթուլանան: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ