Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՅՍՏԵՂ

Ապրիլ 13,2005 00:00

«ԱՅՍՏԵՂ ՂԱՐԱՉԻՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՏԵՂ ՉԷ» Պատգամավորները երեկ հերքեցին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի՝ ԱԺ-ի մասին արտահայտած այս կարծիքը Իսկ «ղարաչին» այս դեպքում դարձյալ Արշակ Սադոյանն էր, որը երեկ ուշացումով մտավ դահլիճ եւ, փաստորեն, չհասցրեց գրանցվել հայտարարության համար: ԱԺ Կանոնակարգ-օրենքը չի թույլատրում գրանցվել սահմանված ժամկետից հետո: Վստահ ենք, որ այս մասին լավ գիտեր նաեւ պարոն Սադոյանը, բայց նա այնպիսի աղմուկ բարձրացրեց եւ այնքան գոռգոռաց, որ գործընկերներից մի քանիսը պարզապես խնդրում էին պարոն Թորոսյանին՝ գրանցել Սադոյանին: Սակայն Տիգրան Թորոսյանը չխախտեց Կանոնակարգը եւ չգրանցեց պարոն Սադոյանին: Մի քանի րոպե եւս գոռգոռացող Արշակ Սադոյանը խանգարում էր իր գործընկեր Արամ Գ. Սարգսյանին՝ հնչեցնել իր հայտարարությունը սոցիալական անարդարության մասին: Ի վերջո Սադոյանը հանդարտվեց միայն այն ժամանակ, երբ ընդդիմադիր գործընկերները նրան զարմանքով սկսեցին հարցնել. «Հիմա դու ո՞ւմ յանից (կողմից.- Մ. Ե.) ես, ժամանակը մեզնից է գնում»: Սակայն առանձնապես կորցնելու բան չկար: Խորհրդարանում երեկ պատգամավորների բավարար մասնակցությունը, այսինքն՝ քվորում ապահովելու ամբողջ պատմությունը կարելի է բնութագրել հայտնի մեկ նախադասությամբ. «Լերը երկնեց եւ մուկ ծնեց»: Բացատրեմ՝ ինչու: Օրեր առաջ կոալիցիոն ամենամեծ խմբակցության ներկայացուցիչները չէին թաքցնում՝ երեքշաբթի իրենք չեն գրանցվելու, որպեսզի ընդդիմությանը զրկեն անցած տարվա ապրիլյան դեպքերի կապակցությամբ հայտարարություններ հնչեցնելու հաճույքից: Երեկ, օրվա առաջին կեսին, իրոք խումբ-խմբակցությունները ցուցում էին ստանում՝ հնարավորինս քիչ գրանցվել: Դաշնակցության ներկայացուցիչները այս «հանձնարարականից» առանձնապես ոգեւորված չէին: Ըստ նրանց՝ եթե կոալիցիան չի քննարկել հարցը եւ որոշում չունի, ինչո՞ւ են որոշ մարդիկ փորձում ավելի կաթոլիկ երեւալ: Այսպիսի տվայտանքների մեջ էլ կոալիցիան մասամբ գրանցվեց, ՄԱԿ-ն ու «Ժողպատգամավորը»՝ նույնպես, իսկ «Ազգային միաբանությունը»՝ հատուկ հանդիսավորությամբ: Արդեն ժամը 13-ի սահմաններում գրանցվել էր 60 պատգամավոր, իսկ «Արդարությունը» չկար ու չկար: Հետո «Արդարության» ներկայացուցիչները բացատրեցին, որ այդ ձեւն իրենց մարտավարության մաս է կազմում՝ թող կոալիցիան մինչեւ վերջ փչանա: Թե որքանով կոալիցիան իրեն «փչացած» զգաց՝ ոչ ոք չկռահեց: Այնուամենայնիվ, քվորումն ապահովվեց, եւ խորհրդարանն անցավ գործի։ Հայտարարությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ ի պաշտպանություն Արթուր Բաղդասարյանի, պատահական հայտարարություններ, հանուն Արտաշես Գեղամյանի, Ռ. Քոչարյանի՝ նախորդ օրը հնչեցրած գնահատականներին անդրադարձ եւ վերջապես՝ ապրիլյան թեմաներով: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Զանգվածային ընտրակեղծիքներով եւ բռնությունների բեռի տակ կոմպլեքսավորվածը ընդդիմությանը փորձում է խորհուրդներ տալ: Ծիծաղելի է նաեւ մետաքսի կոմբինատի նախկին պարտկոմի կեցվածքը՝ արեւմտյան տիպի բարեփոխիչ ներկայանալու մասին»: ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը հիշեցրեց, որ մինչ այժմ չեն պատժվել նաեւ անցած տարվա ապրիլին կուսակցությունների գրասենյակները ավիրած ոստիկանները. «Եթե այդ վայրագությունները կատարածների անունները մոռացել եք, կարող եմ հիշեցնել, դրանք Կենտրոն համայնքի ոստիկանության աշխատակիցներն էին՝ անձամբ նրանց ղեկավարներ Հովիկ Թամամյանի եւ նրա տեղակալ Ադամյանի գլխավորությամբ»: Ստեփան Զաքարյանը հիշեցրեց, որ Ղարաբաղի հարցը շահարկելով իշխանության եկածներն այսօր ոչ միայն հարցը չեն լուծել, այլեւ խոսում են զիջումների եւ փուլերի մասին: Հակադարձելով ասվածին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը խորհուրդ տվեց չքաղաքականացնել Ղարաբաղի խնդիրը. «Որովհետեւ Արցախի հարցը ամբողջությամբ մեր ազգային անվտանգության հիմնախնդիրն է, եւ, այո, ՀՀ նախագահն այն անձնավորությունն է, որը, չմոռանանք, Արցախի ամենածանր պահերին իր ընտանիքը ռմբակոծության տակ պահեց եւ ղեկավարեց Արցախի պաշտպանությունը»: «Ազգային միաբանություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանը հայտարարեց. «Այն, որ ԱԺ-ն վերածվել է տուրիստական բյուրոյի, որին նույնիսկ Արմեն Խաչատրյանը կնախանձեր, դա էլ չի զարմացնում»: Գագիկ Կոստանդյանը խորհուրդ տվեց. «Ի՞նչ ունեք իրար հետ չկիսված, նախարարներին մեջ-մեջ եք արել, փոխնախարարներին մեջ-մեջ եք արել, մարզպետներին մեջ-մեջ եք արել, Երեւանի տարածքը վերաձեւել եք, կամ տեր եք, կամ՝ հովանավորներ: Դրանից ավելի էլ ի՞նչ եք ուզում, յոլա գնացեք»: Իսկ Գեղամյանին վարկաբեկել փորձողը, ըստ ԱՄ անդամի, «մշտապես կստանա հակահարված՝ անկախ նրանից, օրինաց է, թե անօրինաց»: ՕԵԿ-ից խոսեցին վեց պատգամավոր, որոնք համերաշխորեն պաշտպանում էին իրենց լիդերին. «Որոշ քաղաքական գործիչների հանգիստ չի տալիս այն միտքը, որ կա մեկը, որը վայելում է հազարավոր մարդկանց սերն ու հարգանքը: Ի՞նչ է, նա (Արթուր Բաղդասարյանը.- Մ. Ե.) մեղավո՞ր է, որ ժողովուրդը նրան սիրում եւ ընդունում է, մեղավո՞ր է, որ ընդունվում է աշխարհի չորս ծալքերում»,- ԱԺ ամբիոնից հարցնում էր ՕԵԿ անդամ Գագիկ Ավետյանը: Այս պարագայում պարզապես անհասկանալի է, թե ինչո՞ւ էին կոալիցիայի անդամներն այդքան ուզում (եթե դա ճիշտ է), որ երեկվա նիստը չկայանա, գուցե վախենում էին իրենք իրենցի՞ց: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել