Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՈՒՆԵՆԱՆՔ 8-9 ՈՒՂԵԳԻՐ

Ապրիլ 13,2005 00:00

Եկող տարի Տուրին քաղաքում կայանալիք
ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին ընդամենը տասն ամիս ժամանակ է մնացել:
Ու թեեւ Հայաստանը «Սպիտակ օլիմպիադաներում» առանձնակի ձեռքբերումներ երբեք
չի ունեցել, այդուամենայնիվ, մեր հավաքական թիմերն ու անհատ մարզիկները նախապատրաստվում
են Իտալիա մեկնելուն: Տուրինում հնարավորինս պատշաճ հանդես գալու նպատակով
ՀԱՕԿ-ին կից ստեղծվել է Խաղերի նախապատրաստության շտաբ: Այն ղեկավարում է Սպորտպետկոմի
նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանը: Մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը զրուցեց
նրա հետ: – Պարոն Իսպիրյան, Աթենքից առաջ ստեղծվել էր ամառային խաղերի նախապատրաստման
կառավարական շտաբ: Տուրինի համար նման բան չի՞ նախատեսվում: – Տարեվերջին
կունենանք կառավարության որոշում՝ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու վերաբերյալ,
այդ ժամանակվանից կգործի նաեւ կառավարական կազմակերպական կոմիտեն: Իսկ առայժմ այդ
աշխատանքների կազմակերպումը հանձնարարված է ինը հոգուց բաղկացած մեր շտաբին, որի
կազմում ընդգրկվել են այն անձինք, ովքեր կարող են ու ի վիճակի են օգտակար լինել:
Նրանք ՀԱՕԿ-ի եւ Սպորտպետկոմի պատասխանատու մասնագետներ ու աշխատակիցներ են, հիմնական
ֆեդերացիաների նախագահներն ու հավաքականների մարզիչները: Քանի որ շտաբը մոտ մեկ ամիս
է, ինչ ստեղծվել է՝ ՀԱՕԿ-ի գործկոմի մարտի 15-ի նիստում, հիմա մենք հավաքում ենք
հավաքականների մարզիչների ծրագրերը, առաջարկները, որպեսզի քննարկումներից հետո դրանք
քայլ առ քայլ լուծելով առաջ ընթանանք: – Ձեր կարծիքով Հայաստանը քանի՞ մասնակից
կունենա ձմեռային օլիմպիական խաղերում: – Դժվար հարց եք տալիս, բայց մոտավոր
հաշվարկ կարելի է կատարել: Ներկայիս դրությամբ երեք հոգի արդեն վարկանիշ նվաճել են
ու հաստատ մեկնելու են Իտալիա: Նրանք են դահուկավազորդներ Էդմոն Խաչատրյանը եւ Հովհաննես
Սարգսյանը, լեռնադահուկորդ Արա Փափազյանը: Վարկանիշային մրցաշարերը դեռ չեն ավարտվել:
Կարծում եմ, տարեվերջին եւ եկող տարվա սկզբին մեր պատվիրակության մարզիկների թիվը
կավելանա: Հիմա առաջիկա այդ պատասխանատու մեկնարկներին նախապատրաստվում են հեռանկարային
ու հույսեր ներշնչող դահուկավազորդուհիներ, գյումրեցիներ Աիդա Սարիբեկյանը, Մերի
Հակոբյանը, ծաղկաձորցի լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը: Ես լիահույս եմ, որ ուղեգիր
կարող է նվաճել գեղասահքի՝ Նատալյա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային երկյակը:
Այս զույգը վերջին շրջանում բավականին հաջող է հանդես գալիս. Եվրոպայում ունի 11-րդ
արդյունք, աշխարհում՝ 17-րդ: Բացի թվարկվածից, ունենք արտասահմանցի հայրենակիցներ,
ովքեր միջազգային մրցումներում հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ իրենց վատ
չեն դրսեւորում: Նկատի ունեմ ԱՄՆ-ից ղեկասահնակորդներ (բոբսլեյ) Դանիել Ջանջիկյանին
եւ Ալեն Բաբայանին: Նրանք մտադիր են եկող տարվա հունվարին այդ մարզաձեւի՝ Գերմանիայում
կայանալիք վերջին վարկանիշային մրցումում ուղեգիր նվաճել: Հույսեր են ներշնչում նաեւ
սկելետոնիստներ Սոնա եւ Արմեն Վարադյանները: Եթե ընդհանրացնելու լինենք, ներկայումս
մոտ 12 մարզիկ նախապատրաստվում է ձմեռային օլիմպիական խաղեր մեկնելու իրավունքի համար,
սակայն հնարավոր է, որ մեր մարզիկների թիվն Իտալիայում լինի 8-9 հոգի: – Բայց
դրա համար անհրաժեշտ է այժմվանից, եթե, իհարկե, արդեն ուշ չէ, ուսումնամարզական հավաքներ
կազմակերպել, մրցափորձ, ուժերի հանդեպ ինքնավստահություն ձեռք բերելու նպատակով ապահովել
նրանց մասնակցությունը մրցումներին: – Անպայման: Այդ ամենը
նախատեսված է տարվա մարզական միջոցառումների օրացուցային պլանում: Եվ շտաբն էլ հենց
դրա համար է ստեղծվել: Երբ ասում էի, որ հիմա մենք հավաքում ենք մարզիչների ու ֆեդերացիաների
ծրագրերը, նկատի ունեի նաեւ, որ դրանց քննարկումների արդյունքում անելիքների ճշգրտումներ,
լրացումներ էլ են լինելու: Պիտի ամեն բան կազմակերպենք այնպես, որպեսզի նախ հնարավորին
չափ շատ ուղեգրեր նվաճվեն, ապա, որպեսզի օլիմպիականներն Իտալիա ժամանեն լավագույն
մարզավիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել