Ծաղկաձորի
գրողների տանը երեկվանից մեկնարկել է Երիտասարդ գրողների առաջին համահայկական հավաքը,
որ կշարունակվի մինչեւ ապրիլի 15-ը: Միջոցառմանը հրավիրված էին նաեւ 10 երիտասարդ
գրողներ արտերկրից՝ այդ թվում ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իրանից, Լիբանանից: Հայաստանի
գրողների միության նախագահ (ՀԳՄ) Լեւոն Անանյանը նշեց, որ երիտասարդ գրողների մեջ
շատ են շնորհալի անունները, գրական դաշտը գնալով հստակվում է, եւ շուրջ 40 երիտասարդ
գրող ունենք: «Մենք կոտորվեցինք, շատ ջանք թափեցինք, որ Ֆրանսիայից, Եվրոպայից կամ
Կանադայից երիտասարդ հայ գրող գտնենք: Հնարավոր չեղավ: Միակ օազիսը Մերձավոր եւ Միջին
Արեւելքն էր»,- մտահոգված էր ՀԳՄ նախագահը: «Մենք 30 տարեկան էինք դառնում ու երազում
էինք գիրք ունենալ, իսկ էս ջահելներն արդեն ունեն»,- նշեց նա: Մեր հարցին՝ «Արդյոք
շատ չե՞ն հայ գրողները», պրն Անանյանը պատասխանեց. «Շատ լավ է, որ շատ են: Եթե անգամ
լավ գրող չդառնան, գոնե լավ ընթերցող կդառնան»: Ի տարբերություն Անանյանի, բանաստեղծ
Հենրիկ Էդոյանին զարմացրել էր մերօրյա գրողների չափազանց մեծ թիվը. «Մի կողմից ուրախ
եմ, որ այսքան շատ գրող կա, մյուս կողմից էլ սարսափում եմ»: Նա ասաց, որ երիտասարդները
«ահագին լավ են գրում, լեզվական ինչ-որ գաղտնիքներ գիտեն», մյուս կողմից էլ նկատեց,
որ «շատերին պակասում է ինդիվիդուալիզմը»: Երիտասարդ գրող Սուրեն Ենոքյանը
պատմեց, որ սկզբում սիրո մասին բանաստեղծություններ էր գրում, հիմա անցել է արձակի
ու փորձում է փիլիսոփայել: Սեւադա Գրիգորյանին հուզում են շրջապատի, իր տարեկիցների
խնդիրները. «Այսօր քաոսային վիճակ է ստեղծվել եւ երիտասարդները չեն կարողանում իրենց
տեղը գտնել կյանքում»: Վրաստանաբնակ Վահագն Չախալյանը ցանկացավ, որ գրողական
հավաքներ կազմակերպվեն նաեւ Ջավախքում, որտեղ դպրոցներում կրճատվել են հայոց պատմության
ու հայ գրականության դասաժամերը: Ամերիկաբնակ Սեդա Իսկանդարյանն ասաց, որ անգլերեն
է ստեղծագործում: Ճանաչում է օտարագիր մեկ այլ հայ գրողի՝ նյույորքաբնակ Արթուր Ներսեսյանին:
Հայ գրողների մասին Սեդան համարյա ոչինչ չգիտեր, լսել էր Պիտեր Բալաքյանի անունը:
Սեդրակ Գոճամանյանն էլ պատմեց, որ իրենց մոտ՝ Իրանում 10-15 երիտասարդ հայ գրող կա,
որոնք հիմնականում գրում են հայրենիքի կարոտի ու Հայաստանի մասին՝ բնականաբար աչքաթող
չանելով սիրո թեման: Ավագների խիստ գնահատականներից Սեդրակը չի նեղանում, կարծում
է՝ դա նրանց բնավորությունն է. «Եթե ես էլ մի 30 տարով մեծանամ, ես էլ այդպես կվարվեմ»:
Սեդրակը ժամանակակից հայ բանաստեղծներից առանձնացրեց Արտեմ Հարությունյանի անունը.
«Ես սիրում եմ աբսուրդ բաներ»: Երեկ երկու երիտասարդ գրողներ Հուսիկ Արան
եւ Անահիտ Արփենը գրական մրցանակներ ստացան: Հուսիկ Արան ճանաչվեց տարվա լավագույն
բանաստեղծ եւ ԱԺ-ին կից երիտասարդական խորհրդարանի կողմից պարգեւատրվեց 50000 դրամով,
իսկ Անահիտ Արփենը ճանաչվեց տարվա լավագույն արձակագիր, նրան էլ հանձնվեց $200 եւ
Գրիշա Դարբինյանի անվան մրցանակակրի հավաստագիր: Հետաքրքիր էր, որ երիտասարդ գրողներից
ոմանք համոզված էին, թե շատ լավ են գրում, շատերն էլ խոստովանեցին, որ գրում են իրենց
մասին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ