Կարծում է Գալուստ Սահակյանը
Օրերս Մարտունիում՝ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները բավականին վրդովված էին խորհրդարանական ամենամեծ խմբակցության՝ ՀՀԿ-ի ղեկավար Գալուստ Սահակյանի կողմից հնչեցված այն հայտարարության կապակցությամբ, որ երկրում հեղափոխական իրավիճակ չկա, որ հեղափոխությունների ժամանակն անցել է եւ որ 21-րդ դարում հնարավոր չեն հեղափոխական լուծումներ: Մարտունեցիք «Առավոտի» թղթակցին խնդրել էին պարոն Սահակյանին փոխանցել իրենց դժգոհությունն այս կապակցությամբ: Երեկ մենք հնարավորություն ունեցանք փոխանցել մարտունեցիների այդ հատվածի դժգոհությունը:
Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, իրեն չկորցրեց. «Առավել շատ նկատի եմ ունեցել, որ հեղափոխականներ չեն առաջանում, որովհետեւ ցանկացած երկրում եթե սոցիալական լարված իրավիճակ կա, բնականաբար, որոշ չափով ըմբոստություն կա նաեւ իշխանությունների նկատմամբ: Երբ ես ասում եմ հեղափոխական իրավիճակներ չկան, դա չի նշանակում, որ ես շատ ուրախ եմ, որ նման իրավիճակներ չկան: Ինչքան ընդդիմադիր կողմը շատ խնդիրներ բարձրացնի, այնքան իշխանությունը շատ կհզորանա եւ ավելի մեծ խնդիրներ կլուծի: Պարզապես խնդիրն այն է, որ այսօր հեղափոխականներ չեն ձեւավորվում: Չեն ձեւավորվում, որովհետեւ, իմ կարծիքն է, իշխանությունն ու կուսակցությունը պետք է դիտել պարզապես որպես միջոցներ: Ընդդիմության ճամբարում այս երկուսը դիտվում է որպես նպատակ: Երբ կկարողանան ժողովրդի ձայնը համախմբված ներկայացնել, կարծում եմ, ոչ միայն հեղափոխության անհրաժեշտություն չի լինի, այլեւ իշխանությունը ավելի արագ տեմպերով կգործի: Իշխանությունները առաջիկայում պատրաստվում են ընտրությունների՝ ե՛ւ ՏԻՄ, ե՛ւ խորհրդարանական ընտրությունների: Կարծում եմ, պետք է հանդես գան ոչ թե քարոզչական նույն բանաձեւերով՝ ինչ ընդդիմությունը, այլ՝ նախ եւ առաջ, պետք է ձգտեն մինչ այդ իրականացնել ժողովրդին տրված խոստումները: Սա կլինի իշխանությունների ճիշտ քարոզարշավ: Բնականաբար, ընդդիմությունն այլ բան պետք է անի՝ հասարակությանը ներկայացնելով իրողությունն այնպես, որ աղքատացած ժողովուրդը կարողանա ընդդիմության մեջ տեսնել իր հենարանը»:
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը մեր զրուցակիցը գնահատում է շատ վտանգավոր. «Անորոշությունն ու պասիվությունը երբեմն ավելի վտանգավոր են, քան ռեալ իրականության մեջ գործող երեւույթները: Քաղաքական ուժերի պասիվությունը նաեւ հասարակությանն է պասիվացնում: Շատ ավելի վտանգավոր եմ համարում, որ այս պասիվության շրջանակներում գնահատվում է կուսակցականացումը: Այսօր ժողովրդի մեծ մասը մտածում է, որ կուսակցական լինելը բավականին լուրջ հույս է իր հետագան կարգավորելու համար: Այսինքն՝ անձնական խնդիրներ են լուծվում, գնալով մեծանում են կուսակցությունները. ամենավտանգավոր երեւույթն է: Այսպիսի սոցիալական վիճակ ունեցող հասարակությունը, համաձայն եմ, պիտի քաղաքականացված լինի, բայց ոչ՝ կուսակցականացված»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ