Հարկադիր
կատարողները «վազելով» վտարում են «անտեր» մարդկանց իրենց տներից, բայց չեն շտապում
կատարել ընդդեմ քաղաքապետարանի ընդունված դատավճիռները: Երբ դատավճիռը
վերաբերվում է «հովանավոր» չունեցող սեփականատերերի տարրական իրավունքներին, քաղաքապետարանը
«սկզբունքորեն», հնարավոր բոլոր միջոցներով ու զանազան պատրվակներով շրջանցում է:
Ընդ որում՝ շատ դեպքերում նույնիսկ նեղություն չկրելով օրենքների պահանջները չկատարելու
համար ծանրակշիռ փաստարկներ մոգոնել: Արդեն գրել ենք, որ Երեւանի քաղաքապետարանի
դեմ խմբագրությունը բողոքներ շատ է ստանում: Ինչպես մեր անդրադարձած դեպքերն են վկայում,
այս գերատեսչությունը խախտում է մարդկանց նույնիսկ ամենատարրական իրավունքները: Նախորդ
անգամ գրել էինք, որ քաղաքապետարանը, հակառակ օրենքի, դատարանի եւ հանրապետության
նախագահի պահանջներին՝ հրաժարվում է հրապարակային աշխատել եւ հավատարմագրել «Եվրոլուրեր»
գործակալության թղթակցին: Այս անգամ քաղաքապետարանը չի ցանկանում մարդկանց սեփականությանը
համարժեք փոխհատուցում տալ: Եվ քաղաքապետարանն այսպես վարվում է մոտ 30 սեփականատերերի
հետ: Կոնդի բնակիչների տները իրացնելու դիմաց քաղաքապետարանը երկսենյականոց բնակարանի
փոխհատուցում տալու պայմանագրային պարտավորություն է ստանձնել, սակայն հետո ոչ միայն
չի կատարել այն, այլեւ անթույլատրելի միջամտություններ է արել պայմանագրում, այլ
խախտումներ է թույլ տվել: Օրինակ, դրանցից մեկի՝ արցախյան ազատամարտի մասնակից Արթուր
Մանուկյանի տան փոխարեն եւս քաղաքապետարանը պարտավոր է եղել երկու սենյականոց քոթեջատիպ
բնակարան հատկացնել: Սակայն քանի որ դրա հնարավորությունը չկա, պետք է դրամական փոխհատուցում
տրվի: Քաղաքապետարանը երկկողմանի պայմանագիր է կնքել, համաձայն որի՝ փոխհատուցումը
տրվում է մեկ սենյականոց բնակարանի համար: Սակայն դատարանի գնահատմամբ, այս «պայմանագիրը
կնքվել է բազմաթիվ խախտումներով»: Իմիջիայլոց՝ հարց է ծագում, թե ինչի համար է մի
հսկա գերատեսչության ողջ իրավաբանական բաժինը, եթե սովորական փոխհատուցման պայմանագիրը
կնքելիս «բազմաթիվ սխալներ» պետք է թույլ տրվեն: Նման պայմանագիր առանց խախտումների
կնքում է ցանկացած միջին փաստաբան: Այսպիսով, ըստ դատարանի, խախտումները հետեւյալն
են. նախ, որոշման (պայմանագրի) վերջում սեփականատիրոջը այդ որոշման հետ ծանոթացնելուց
հետո քաղաքապետարանի ներկայացուցիչը նոր կետ է ավելացրել, համաձայն որի, փոխհատուցում
պետք է տրվի մեկ սենյականոց բնակարանի համար: Այնուհետեւ քաղաքապետարանը պատճառաբանել
է, որ սեփականատերը բնակարան է ստացել: Սակայն քաղաքապետարանը, դատարանի գնահատմամբ,
հաշվի չի առել, որ Ա. Մանուկյանը բնակարանը ստացել է որպես ազատամարտիկ, այլ ոչ թե
իր քանդված բնակարանին՝ փոխհատուցում: Ավելին, եթե Մանուկյանը ժամանակին քաղաքապետարանից
«ստացած լիներ իր փոխհատուցումը, ապա որպես ազատամարտիկ կստանար նաեւ ավտոմեքենա
կամ այլ խրախուսական բան»: Սակայն մի հետաքրքիր հանգամանք պարզվեց փաստաթղթերի
ուսումնասիրությունից. մեր անդրադարձած այս մի քանի դեպքերի (նաեւ «Եվրոլուրերի»)
վերաբերյալ հարկադիր կատարման գործը գտնվում է միեւնույն հարկադիր կատարողի՝ Վ. Ենոքյանի
վարույթում: Իսկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն ուղղված բազմաթիվ
բողոքներին ի պատասխան՝ քաղաքացիներն ստացել են «որոշումներն ուղարկվել են քաղաքապետարան՝
կատարման պատասխան ստանալու: Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի» եւ նմանատիպ պատասխաններ:
Իսկ քաղաքապետարանը վճիռները չկատարելու համար պատրվակներ է բերում դատախազություն
դիմելը, այլ քայլեր ձեռնարկելը եւ այլն: Մինչդեռ, օրենքով պատասխանատվություն է նախատեսվում
ե՛ւ քաղաքապետարանի համար, որը չի կատարում դատարանի վճիռը, ե՛ւ հարկադիր կատարողի
համար, որը չի հարկադրում կատարել այդ վճիռը: Հյուսիսային պողոտայի, Փ. Բուզանդի
փողոցի բնակիչներին վտարելիս հարկադիր կատարողների ցուցաբերած ջերմեռանդության համատեքստում
առնվազն կասկածելի է թվում քաղաքապետարանի նկատմամբ հարկադիր կատարողների կողմից
այս դատական վճիռների կատարումը չպնդելը: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ