Ոչ
բոլոր «ոգով փորձվածներն» են ուզում Սերժ Սարգսյանին տեսնել ՀՀ հաջորդ նախագահ Օրերս
ՀՀ ԱԺ պատգամավոր եւ «Ոգու փորձություն» նորաստեղծ երկրապահական կազմակերպության
նախաձեռնող խմբի անդամ Սասուն Միքայելյանը, ՀՀ ապագա նախագահի պաշտոնի համար հնարավոր
թեկնածուի մասին կարծիք հայտնելով, ասել էր, թե այդ պաշտոնում կարող է լինել այնպիսի
մի մարդ, «որը 88-ից սկսած շարժման մեջ է եւ ամեն ինչ շատ լավ է հասկանում եւ պատկերացնում»:
Ս. Միքայելյանը նաեւ հավելել էր, թե նման մարդ կարող է լինել ՀՀ պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանը, որը, ըստ նրա, «շատ բան է արել այս երկրի համար եւ ավելի արժանի
է» այդ պաշտոնի համար, եւ «եթե գա այդ պահը, որ իշխանափոխություն լինի»՝ ինքը կողմ
կլինի, որ հենց Ս. Սարգսյանը լինի Հայաստանի նախագահ: Նկատի ունենալով դեռեւս
այս կազմակերպության ձեւավորման նախնական փուլում շրջանառվող տեղեկություններն այն
մասին, որ «Ոգու փորձության» ստեղծումը հեռահար նպատակ ունի ապագա նախագահական ընտրություններում
պաշտպանել Ս. Սարգսյանի հնարավոր առաջադրումը, Ս. Միքայելյանի հայտարարությունը,
թերեւս, անակնկալ չէ: Բայց խնդիրն այն է, որ այդ կազմակերպության նախաձեռնող խմբի
անդամներ են նաեւ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ
Ալբերտ Բազեյանն ու ժամանակին նաեւ Ս. Սարգսյանին, իբր, զրպարտելու մեղադրանքով դատապարտված
Մուշեղ Սաղաթելյանը: Արդյոք վերջիններս կիսո՞ւմ են իրենց զինակից Ս. Միքայելյանի
կարծիքը: Մեր այս հարցին ի պատասխան Մուշեղ Սաղաթելյանը ասաց, թե դա Ս. Միքայելյանի
անձնական կարծիքն է, այլ ոչ «Ոգու փորձության». «Հնարավոր է, չէ՞, որ մարդ իր անձնական
կարծիքն ունենա որեւէ հարցի առնչությամբ: Մյուս կողմից՝ դա դեռ պատճառ չէ մեր անձնական
հարաբերություններում ճշտումներ անելու համար»: Մ. Սաղաթելյանը միաժամանակ կարծիք
հայտնեց, որ իր համար ամենակարեւորն այն է, որ Հայաստանում ազնիվ ընտրություններ
լինեն, իսկ այդ դեպքում ինքը համաձայն կլինի նույնիսկ այնպիսի անհավանական թեկնածության,
ինչպիսին, օրինակ, Ջորջ Բուշն է: Այդուհանդերձ, պարոն Սաղաթելյանը, որքան
հասկացանք նրա հետ զրույցից, այնքան էլ հավանական չի համարում Ս. Սարգսյանի առաջադրումն
ու ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում: Ինչ վերաբերում է վերջին շրջանում
հաճախ քննարկվող եւ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում ավելի հաճախ շոշափվող
զիջումների անհրաժեշտության մասին ամենաբարձր մակարդակներում հնչող հայտարարություններին,
ապա Մ. Սաղաթելյանը, որ շատերի նման չի տիրապետում բանակցային գործընթացի նրբություններին,
ձեռնպահ մնաց դրանք մեկնաբանելուց. «Ես քաղաքական գործիչ չեմ: Իմ կարծիքն այն է,
որ քաղաքական գործիչները պետք է խելք ունենան, նստեն միասին այդ հարցերը քննարկեն,
գան ընդհանուր հայտարարի, թե ինչ են պատրաստ զիջել՝ ինչի դիմաց: Հետո, ըստ այդմ,
ժողովրդին ազնվորեն ներկայացնեն զարգացումների հնարավոր տարբերակները, միջազգային
հանրության պահանջներն ու առաջարկությունները, նաեւ իրենց հնարավոր քայլերը»: Մեզ
հետ զրույցում «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Ալբերտ
Բազեյանն էլ, որ ԵԿՄ-ից հեռացել էր, իր գնահատմամբ, այդ կազմակերպության՝ իշխանություններին
ծառայելու պատճառով, ասաց, թե ՀՀ պաշտպանության նախարարի վերաբերյալ Ս. Միքայելյանի
խոստովանությունը նրա անձնական կարծիքն է, որն ինքը չի կիսում: Պատասխանելով մեր
այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այդ կազմակերպության ներսում տարաձայնություններ
առաջանան այդ խնդրի շուրջ, պարոն Բազեյանը պարզաբանեց, թե «Ոգու փորձությունը» ոչ
թե քաղաքական, այլ հասարակական կազմակերպություն է, եւ հավելեց, որ «այնտեղ նման
հարց չի քննարկվել»: Այդուամենայնիվ, հնարավո՞ր է, որ առաջիկայում այդ հարցի շուրջ
միասնական տեսակետ հայտնելու անհրաժեշտություն ծագի: «Ապագան ցույց կտա»,- պատասխանեց
Ա. Բազեյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ