Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԻ՞ «ԲԵԿՈՒՄ» «Ա1+»-Ի ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ապրիլ 13,2005 00:00

Հասարակական
կազմակերպությունների երեկ անցկացրած «Բեկում» քաղաքացիական ֆորումը փոխկապակցված
էր նույն օրն անցկացված «Ի պաշտպանություն «Ա1+»-ի» հանրահավաքի հետ: Երկու
միջոցառումների կազմակերպիչները եւ հիմնական մասնակիցները նույն երիտասարդներն էին,
որոնք մաս են կազմում «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան
քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» եւ այլ հասարակական կազմակերպություններին:
«Բեկում» ֆորումն անցկացվում էր՝ «Մասնակի՞ց ենք, թե՞ մեղսակից, հանդուրժո՞ւմ
ենք, թե՞ ընդվզում» կարգախոսով: Քննարկման նպատակը հռչակված էր փորձ անել գտնելու
«ոչ անտարբեր քաղաքացիների կողմից իրավիճակի վրա ներազդելու իրատեսական եւ գործուն
եղանակները»: Ուստի բոլոր ելույթ ունեցողներին առաջարկվում էր պատասխանել այն հարցերին,
թե ի՞նչ է հաջողվել եւ ինչի՛ շնորհիվ, ի՞նչ չի հաջողվել եւ ի՛նչ պատճառով, ու վերջապես՝
որ ոլորտներում է պետք աշխատել: Իսկ այս կազմակերպություններին համարձակության եւ
վճռականության շնորհիվ անցած տարվա ընթացքում հաջողվել են շատ միջոցառումներ: Այս
երիտասարդներն էին, որ անցկացրին «Ազատություն քաղբանտարկյալներին» ստորագրահավաքը,
հետո քաղաքապետարանի կողմից արգելված լուսանկարչական ցուցահանդեսը, «Ճանապարհ դեպի
անապատ» բնապահպանական միջոցառումը, եւ այլ բազմաթիվ գործողությունների շարքում վերջինն
«Ա1+»-ին առնչվող միջոցառումներն են: «Ի՞նչ չի հաջողվել» հարցի պատասխանն
էլ էր հնչում ամենայն անկեղծությամբ՝ ասենք, որ բավականաչափ ընդլայնված չէ այս միջոցառումների
մասնակիցների շրջանակը: Որոշվեց «Բեկում» ֆորումի գործունեությունը հիմնականում կենտրոնացնել
ընտրությունների կազմակերպման, էլեկտրոնային ազատ միջոցների, սահմանադրական փոփոխությունների,
արդարադատության, կրթության եւ քաղաքաշինության ոլորտների վրա: Ֆորումի ընթացքում
անընդհատ արծարծվում էր «Ա1+»-ի խնդիրը: Այսպես՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ
Ավետիք Իշխանյանն առաջարկեց հավատալ, թե հնարավոր է վերաբացել «Ա1+»-ը՝ տանելով հետեւյալ
զուգահեռը. «Այն մտայնությունը, թե քանի իշխանությունը չի փոխվել՝ այդ հարցերը չեն
լուծվի, կար նաեւ խորհրդային տարիներին: Եվ երբ արծարծվում էին, ասենք, Հայաստանի
համատարած ռուսացման կամ բնապահպանական խնդիրները՝ ծայրահեղ անկախականները հայտարարում
էին, թե քանի դեռ Հայաստանը չի ստացել անկախություն՝ այդ հարցերի մասին խոսելն անիմաստ
է: Կտրականապե՛ս դեմ եմ այդ կարծիքին, քանի որ՝ իշխանությունները փոխվում են, բայց
շատ հարցեր մնում են նույնը»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի
ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանը նշեց, թե հասարակական այս կազմակերպությունների
գործողություններին պակասում է հետեւողականությունը. «Պետք է իր տրամաբանական ավարտին
հասցվեն այն միջոցառումները, որոնք կազմակերպվում են»: Մասնավորապես հիշեցրեց, թե
այս ՀԿ-ների կազմակերպած հանրահավաքից հետո 10 օր է, ինչ առգրավված է «Ա1+»-ի մեքենայի
մեջ գտնվող տեխնիկան եւ պաստառները: Եվ հիշեցումից հետո ստեղծվեց նախաձեռնող խումբ,
որը փորձելու է պարզել բռնագանձված տեխնիկայի ճակատագիրը: Ֆորումի փորձագետ,
փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լեւոն Աբրահամյանը նշեց, թե 10 օր առաջ ներկա
լինելով Կոմիտասի արձանի մոտ անցկացված այդ ցույցին՝ դառը զգացում է ապրել. «Մտածեցի՝
մի՞թե խոսքի ազատության կողմնակիցներն այսքան քիչ են: Հետո փորձեցի ինձ հանգստացնել
ու մխիթարել նրանով, որ ճշմարտության համար քանակը այնքան էլ կարեւոր չէ. ճշմարտությունը
մնում է ճշմարտություն՝ անկախ այն բանից, թե քանի հոգի են պաշտպանում այն՝ 100, թե՞
100 հազար»: … Երեկ Կոմիտասի արձանի շուրջ ի պաշտպանություն «Ա1+»-ի հավաքի
մասնակիցներն ավելի քիչ էին, քան ապրիլի 2-ին: Սակայն այս 10 օրվա ընթացքում 2200-ից
ավելի քաղաքացիներ իրենց ստորագրությամբ պահանջել են հրապարակել ազատ հաճախականությունների
ցանկը եւ անցկացնել բաց, հրապարակային մրցույթ: Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ
Լեւոն Բարսեղյանը հանրահավաքային իր ելույթում հայտարարեց, թե մեծ վերապահությամբ
է վերաբերվում այս ստորագրահավաքին եւ չի կարծում, որ այն կարող է տալ շոշափելի արդյունքներ.
«Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե «Ա1+»-ի խնդիրը միայն լրատվամիջոցներինն է եւ
իր մեջ չունի քաղաքականություն, իհարկե, սխալվում են: Անցած 3 տարիները ցույց տվեցին,
որ «Ա1+»-ի խնդիրը մեզ հայտնի ժողովրդավարական բոլոր ճանապարհներով հնարավոր չէ լուծել
այս ռեժիմի պայմաններում»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի
Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արթուր Սաքունցը ուշադրություն հրավիրելով հանրահավաքի
փոքրաթիվ մասնակիցներին հսկող իրավապահների մեծաքանակության վրա՝ նշեց. «Սա եւս ցույց
է տալիս, թե ինչպիսի վերաբերմունք կա ազատ խոսքի պաշտպանությանն ուղղված հասարակական
ցանկացած ակցիայի նկատմամբ»: Նա պնդեց, թե չեն հաշտվելու այն իրողության հետ, որ
փակվել է մի հեռուստաընկերություն, «որը հնարավորություն էր տալիս արտահայտել ամենատարբեր
կարծիքներ»: Եվ խոստացավ, թե բողոքի գործողությունները շարունակվելու են այնքան,
քանի դեռ չի վերականգնվել ազատ խոսքի իրավունքը. «Այնպես, ինչպես երբ Չեխիայում փոխում
էին հեռուստատեսության տնօրենին՝ ժողովուրդը չհեռացավ այնքան ժամանակ, մինչեւ չփոխվեց
այդ որոշումը»: «Բեկում» քաղաքացիական ֆորումի մասնակից Գայանե Մարկոսյանն
այս հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց հերթական նախաձեռնության մասին, թե Կոմիտասի
արձանի մոտ շարունակելու են ցուցադրել տեսանյութեր, եւ սա շարունակվելու է «այնքան
ժամանակ, մինչեւ մեր եթերում չհայտնվեն իրապես ազատ հեռուստաընկերություններ»: Ի
պաշտպանություն «Ա1+»-ի՝ ստորագրահավաքը կշարունակվի մինչեւ մայիսի 3-ը՝ Մամուլի
ազատության օրը: «Միեւնույն է՝ ազատ խոսքը հաղթելու է Հայաստանում, քանի որ մենք
այլընտրանք չունենք»,- հայտարարեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանը: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել