Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները սկսեցին Ֆրանկենշտեյնից

Ապրիլ 12,2005 00:00

Ռուսները սկսեցին Ֆրանկենշտեյնից Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» ֆիլմով բացվեց ռուսական կինոյի շաբաթը, որ կտեւի մինչեւ ապրիլի 17-ը: Այս առիթով Հայաստան ժամանած Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի վարչության պետ Սերգեյ Լազարուկը, արտիստներ Դանիել Սպիվակովսկին եւ Միխայիլ Եվլանովը հանդիպեցին հայաստանցի լրագրողների հետ: Մինչ այդ, նրանք եղել էին նաեւ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում: Հյուրերը խոստովանեցին, որ մերօրյա հայկական կինոյից տեղյակ չեն, իսկ «Կուլտուրա» հեռուստաալիքով ընդամենը հնարավորություն են ունեցել դիտել 70-ականների հայկական ֆիլմեր: Ասացին, որ միայն լսել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ու կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի մասին: Եվ որ հնարավոր է՝ 2006-ին 2 համատեղ ֆիլմ նկարեն: Պրն Լազարուկի խոսքերով, կինոն Ռուսաստանում «վաղուց պետության գործը չէ». բոլոր կինոստուդիաները մասնավորեցված են: Ռուսների համոզմամբ, իրենց կինոն վերածնունդ է ապրում: Նրանց տեղեկացմամբ, 2006-ին ռուսական ազգային ֆիլմերի թիվը կաճի, մասնավորապես կարտադրվեն 100 լիամետրաժ, խաղարկային, 450 դոկումենտալ եւ շուրջ 100 անիմացիոն ֆիլմեր: Պարզվում է, ի տարբերություն Հայաստանի, անցած տարի Ռուսաստանում պետական միջոցներով նաեւ 47 նոր ֆիլմ է նկարվել, դրանք հեղինակների՝ մասնագիտական բուհերի շրջանավարտների դեբյուտային աշխատանքներն էին: Երեկ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ էին այցելել նաեւ Մոսկվայի գեղարվեստի թատրոնի (MXT) դերասանները: Սկզբում նրանց եւ ուսանողների հարցուպատասխանը չէր ստացվում, ընդհուպ այն, որ միջոցառման կազմակերպիչ, «Ալֆաել» կենտրոնի ղեկավար Լեւոն Աբրահամյանը ուսանողներին սկզբում հայերենով, այնուհետեւ ռուսերեն սաստեց՝ «Հիմար հարցեր մի տվեք»: Ուսանողները ՄԳԹ-ի դերասաններին անվերջ տարբեր ձեւակերպումներով հարցնում էին, արդյո՞ք նրանք Հայաստանի մասին գիտեն այնքան, ինչքան մենք՝ Ռուսաստանի: Հյուրերի պատասխաններից պարզվեց, որ ընդամենը որոշ տեղեկություններ ունեն: Օրինակ, դերասանուհի Յանա Կոլեսնիչենկոն եղեռնի մասին տեղեկացել էր վերջերս Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի Մոսկվայում բեմադրած «Լուսնահրեշը» ներկայացումից: Այստեղ Յ. Կոլեսնիչենկոն գլխավոր դեր է խաղացել: Խոսվեց նաեւ ռուս դերասանների աշխատավարձի մասին: Հյուրերը նշեցին, որ 2-3 հազար ռուբլի են ստանում, սակայն գործում է նաեւ հավելավճարների «ծրարային» համակարգը: Հյուրերին ուսանողները հարցրին նաեւ մեր ժամանակի հերոսի կերպարի մասին: Դերասանների կարծիքով, իրենք բոլորն էլ մեր օրերի հերոսներ են, սակայն առայժմ դեռ ոչ ոք իրենց մասին չի գրել: Երեկ Չեխովի անվան ռուսական գեղարվեստական թատրոնի դերասանները հայաստանցի հանդիսատեսի համար խաղացին «Հնաշխարհիկ կալվածատերեր» ներկայացումը: Առաջիկայում Երեւանում հյուրախաղերով հանդես կգա նաեւ Օբրազցովի անվան պետական ակադեմիական տիկնիկային թատրոնը, իսկ մայիսին՝ Մոսկվայի Մեծ թատրոնը: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Լ. ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել