Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների

Ապրիլ 12,2005 00:00

Փաստաբանների վեճը շարունակվում է Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան) շարունակվեց մարտի 19-20-ին տեղի ունեցած Հայաստանի փաստաբանների ընտրությունների արդյունքների վիճարկումը: Երրորդ անձ ճանաչվեցին 9 փաստաբաններ, որոնց հետ կապված, 5 հայցվորներից մեկը՝ Հայկ Ալումյանը, պահանջել էր նրանց անձնական գործերը, որակավորման հանձնաժողովից նրանց տրված լիազորագիրը: Հիշեցնենք, որ այդ փաստաբանների՝ ենթադրաբար, հօգուտ Ենոք Ազարյանի տված ձայները վիճարկվում են Ռուբեն Սահակյանի կողմնակիցների կողմից: Այդ առիթով Տավուշի մարզի դատարանի նախկին նախագահ, փաստաբանական արտոնագիր ստացած Սուսաննա Ներսիսյանը նկատեց, որ Երեւանում 400 փաստաբան կարող են լինել ու հավաքվել, իսկ մարզերում, սահմանամերձ գոտիներում մի փաստաբան էլ չկա: Հայցվորի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի խոսքերով, բժշկություն չիմացողին բժշկի լիցենզիա են շնորհում, ինչը ակնհայտորեն վրդովեցրել էր երրորդ կողմ ճանաչված փաստաբաններին: Նշենք, որ եթե հայցվորներն ու պատասխանողները նստել էին դեմառդեմ, զբաղեցրել էին որոշակի տեղ դատարանում, ապա երրորդ կողմը ցրված էր դահլիճով մեկ: Հայցվորներից եւ պատասխանողներից ոչ ոք այս անհավասարությունը չնկատեց: Սուսաննա Ներսիսյանը իր երկրորդ հայտարարությամբ ավելացրեց կարծես լարվածությունը, այն է՝ որ ինքը ընտրել է Ռուբեն Սահակյանին՝ իր գործընկերների խնդրանքով: Հետաքրքիր հավելում արեց պալատի նախագահի պարտված թեկնածու Արգիշտի Կիվիրյանը, որը նկատեց, որ ընտրությունները անցել են թափանցիկ, չեն անցել գաղտնի, հետեւաբար իրենք հենց այդ հարցն էլ մտցրել են դատարան: Ինչպես նշել էինք անցյալ դատական նիստի ժամանակ, հայցվորները 5-ն էին, որոնցից մեկը՝ Սոս Գրիգորյանը, հետ վերցրեց իր հայցը, հայտարարելով, որ ինքը միտում է տեսնում, որ կողմերը շատանում են, ուստի, քանի որ հաշվիչ հանձնաժողովի գործողությունների մասով հայցադիմումում առաջ քաշված պահանջները իր գործընկերները պնդում են, հետեւաբար ինքը հայցից հրաժարվեց: Երեկ հայցվորներից Արա Զոհրաբյանը միջնորդեց որպես վկա դատարան կանչել Հայաստանի փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանին, ինչին դեմ արտահայտվեց պատասխանող կողմը, մասնավորապես Ենոք Ազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Նա գտնում էր, որ դատարանում ներկայացված է իբրեւ պատասխանող Հայաստանի փաստաբանների միությունը, հետեւաբար պատասխանող կողմի ղեկավարին հրավիրել դատարան՝ անհիմն է: Այս միջնորդությունը դատարանը նույնպես մերժեց: Դատարանում հայցվոր Ա. Զոհրաբյանը, Լ. Սիմոնյանը, Ա. Գրիգորյանը գտնում էին, որ պալատի ընտրությունները անցել են նորմալ, սակայն նախագահն ընտրվել է խախտումներով, Ենոք Ազարյանը չէր անցել 50+1 ձայնով: Նշենք, որ ըստ փաստաբանների ժողովում ընդունված կանոնադրության, «ընտրված է համարվում առավել շատ ձայն ստացած թեկնածուն»: Ուշագրավ է, որ այս դեպքում հայցվորները նշեցին, թե վկայակոչվող կանոնադրությունը պետական գրանցում չի ստացել: Սակայն ինչպե՞ս, երբ արգելանք է դրվել ժողովի հետ առնչված ցանկացած փաստաթղթի վրա: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել