Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Ապրիլ 12,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ Մեկնաբանում է ՀՀ նախագահը Չանսալով տիկնոջ՝ նախօրեին տված խորհրդին՝ չխոսել տնտեսական աճի մասին, երեկ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը շեշտեց, որ անցյալ տարի ունեցել ենք 10.1 տոկոս տնտեսական աճ, իսկ վերջին 4 տարվա միջին ցուցանիշը 11.7 տոկոս է, եւ մենք առաջատար դիրքերում ենք ԱՊՀ եւ մի քանի զարգացող երկրների շարքում: Իսկ ինչ վերաբերում է այդ աճի ազդեցությանը մեր ժողովրդի վրա, նախագահը փորձեց կոնկրետ օրինակներով բացատրել, թե ուր է գնում այդ տնտեսական աճը: Այս տարվանից բարձրացվել է 50 հազար ուսուցիչների աշխատավարձը, «իսկ ի՞նչ է, նրանք ժողովրդից չե՞ն, որոնք պատասխանատու են 500 հազար մեր աշակերտների համար»: Ըստ նախագահի, նրանց աշխատավարձը դարձել է 50 հազար: (Ժողովուրդ՝ «50 հազարի հասնում է միայն դասղեկության, որոշակի լրացուցիչ դասաժամերի պարագայում, իսկ ընդհանուր առմամբ այն կազմում է 41-42 հազար»): «20 մլրդ դրամ ծախսում ենք ճանապարհաշինարարության համար, ի՞նչ է, այդ ճանապարհներով մեր օլիգարխնե՞րն են գնալու իրենց Ջիփերով՝ Իջեւանից Բերդ, ու Սյունիքի մարզում՝ Մեղրիից մինչեւ Ղափան… ո՞ւմ համար է սա»: (Ժողովուրդ՝ «դուք ինքնե՛րդ եք հաստատում օլիգարխների եւ բազում Ջիփերի գոյությունը»): «Կամ՝ 6 մլրդ ծախսում ենք ոռոգման համակարգի համար, այդ հեկտարների վրա մեծահարուստնե՞րն են աշխատելու, ո՛չ, մեր ժողովո՛ւրդն է աշխատելու»: (Ժողովուրդ՝ «այո՛, մեծահարուստների համար ենք աշխատելու»): Իբրեւ կարեւոր ձեռքբերում՝ նախագահը մատնանշեց գործադիր իշխանության թափանցիկ գործունեությունը, երբ քաղաքացին կարող է նախապես տեղեկանալ կառավարության գալիք նիստի օրակարգին եւ ուղղել իրեն հուզող հարցերը, իմանալ, թե ինչ է կատարվում գործադիր իշխանության շրջանակներում: Կարեւոր չէ, թե ինչպես է կատարվում: Ի դեպ, մի ցուցանիշ. անցյալ տարի մեր երկիրը ճանաչվել է վարկերի լավագույն օգտագործողներից մեկը: Իսկապես, շատ հաճույքով եւ լայնորեն օգտագործում են դրանք: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ նախագահը շեշտեց, որ «առանց կոմպրոմիսի կոնֆլիկտ չի լուծվում»: Իսկ թե ինչ կարգի կոմպրոմիսներ կունենանք, դա կախված է տնտեսական զարգացումներից, նրանից, թե «ինչքան ամուր մենք մեզ կզգանք ներսում, բանակցություններ վարողն իր թիկունքում ինչպիսի ուժ կունենա՝ կապված ժողովրդի միասնականության հետ», նաեւ՝ կախված միջազգային հանրության դիրքորոշումից: «Ինչքան պինդ լինենք, այնքան շատ կստանանք: Շատ դեպքերում այդ հարցերի շուրջ խոսում են մարդիկ, որ ոչ Ղարաբաղի տեղը գիտեն, ոչ տարածքների տեղը գիտեն, ոչ էլ այն ժամանակ որեւէ տեղ երեւացել են»: Ընդդիմության մասին տրված գրավոր հարցից նախագահը տպավորություն ուներ, որ դա եկել է լրագրողների շարքերից եւ փորձեց զգույշ խոսել, որպեսզի հետո «զայրացած մամուլի ասուլիսների» շարանի առիթ չլինի: «Դուք կարո՞ղ եք ասել որեւէ մեկ ընդդիմադիր գործչի կարծիք, օրինակ, Կրթության մասին օրենքի վերաբերյալ: Աստված իրենց հետ, չեն ուզում նիստերին մասնակցել, իրենց կարծիքը կարող են ասել մամուլի ասուլիսի ժամանակ, հոդվածներով, թերթերով, չեն ասում, որովհետեւ այդ հարցերի շուրջ կարծիք հայտնելու համար պետք է խորանաս, մասնագիտական գրքեր կարդաս, այլ ոչ թե 2-3 թերթ կարդալով կարծիք հայտնես»: Ըստ Ռ. Քոչարյանի, միայն «Ազգային միաբանությունն» է, որ խորանալու միտում ունի, իսկ մյուսները, բացի Ընտրական օրենսգրքից ու հեղափոխությունից, ուրիշ ոչնչի մասին չեն խոսում: Եվ նախագահը ընդդիմադիր գործիչներին առաջարկեց չկոմպլեքսավորվել նրանից, որ իրենց մոտ չի հաջողվել եւ չի հաջողվում հեղափոխություն անել, իսկ մի ուրիշ տեղ ստացվում է. «Ոչ թե նրա համար, որ իրենք շա՛տ վատն են, այլեւ նրա համար, որ երկիրն ավելի լավն է մեզ մոտ, եւ իշխանությունն ավելի արդյունավետ է: Եթե այսպես ձեւակերպենք, գուցե իրենց մոտ կոմպլեքսավորվածության աստիճանը կնվազի եւ կհանգստանան»: Իսկ ինչո՞ւ մեզ մոտ հեղափոխություն չի լինի, ի տարբերություն Վրաստանի, Ղրղըզստանի եւ Ուկրաինայի: Նախ՝ մեզ մոտ, ինչպես այդ 3 պետություններում, ընտրական ժամանակահատված չէ, երբ հասարակությունն առավել «էլեկտրիզացված է, եւ հեշտ է մոբիլիզացնել զանգվածներին», երկրորդ՝ այդ երկրներում ակնհայտ էր թույլ իշխանության առկայությունը, նույնիսկ ընթացիկ՝ աշխատավարձի ու թոշակի հարցեր չէին կարողանում լուծել. «Ոչ ոք չի կասկածում, կարծում եմ, իշխանության վճռականության մեջ Հայաստանում»: Բացի այդ, 3 երկրներում էլ սերնդափոխություն կատարվեց՝ հին, նոմենկլատուրային իշխանությունները փոխվեցին ավելի նոր, դինամիկ ղեկավարներով: «Հայաստանում դա կատարվեց 91-ին եւ 98-ին՝ ավելի մեղմ տարբերակով»: Այդ երկրներում իշխանություն է ծնել ընդդիմությունը, մարդիկ, ովքեր գործադիր իշխանության ոլորտում աչքի են ընկել բարեփոխիչների համբավով, եւ կոնֆլիկտը առաջացել է այն պատճառով, որ ավելի ակտիվ են աշխատել: Իսկ մեզ մոտ, ըստ Ռ. Քոչարյանի, պաշտոնանկ են արվել այն ընդդիմադիրները, ովքեր թերացել են իրենց գործում: Այսպիսով, թվարկված ընդհանուր եզրերը որեւէ առնչություն չունեն Հայաստանի հետ, հետեւաբար, ըստ Ռ. Քոչարյանի, մեզ մոտ հեղափոխություն չի լինի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել