Լրահոս
Օրվա լրահոսը

Անփաստաթուղթ թաղամաս

Ապրիլ 12,2005 00:00

Անփաստաթուղթ թաղամաս Այս կարգավիճակում է Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասը Ինքնակամ շինությունների մասին օրենքից հետո սեփականության իրավունքի նոր վկայական չունեցող բնակիչները փորձել են դիմում գրել ու օրինականացնել իրենց շինությունները, բայց կես ճանապարհից հետ են կանգնել՝ պարզվել է, որ իրենց ձեռքով կառուցած եւ կես դարից ավելի տնօրինած շինությունները իրենք պետք է պետությունից գնեն, 1 քմ-ի դիմաց վճարելով 5000 դրամ: «Մեզանից շատ քչերը կարող են հաշված օրերի ընթացքում վճարել 1000-1500 դոլար, այնպես որ, թաղամասի մեծ մասը մնալու է առանց վկայականի: Շատերն այդ թիվը լսելուց հետո նույնիսկ դիմում էլ չգրեցին: Ու հիմա չգիտենք, թե սրա վերջն ինչ է լինելու»,- «Առավոտին» ասաց Սարի թաղի 5-րդ շարքի 61 տան բնակիչ Ժորա Հակոբյանը: Նա իր հետ բերել էր իր 26 հարեւանների ստորագրությամբ դիմում-բողոք: «Այս թիվը Ձեր ցանկության դեպքում կարող է դառնալ եռանիշ, թաղամասի 80 տոկոսը մեր վիճակում է»,- ավելացրեց Ժ. Հակոբյանը: Թե ինչպես են սարիթաղցիները մնացել անփաստաթուղթ՝ ներկայացրեց մեր բողոքարկուն: Սարի թաղի առանձնատները կառուցվել են անցյալ դարասկզբի 30-40-ական թվականներին: Այնուհետեւ՝ 60-ականներից սկսած, վերակառուցվել են գրեթե բոլորը, բնականաբար՝ տանտերերի միջոցներով ու ձեռքերով: Ի սկզբանե՝ տները կառուցելու ժամանակ, բնակիչներին տրվել են կառուցման պայմանագիր, հատակագիծ եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Իսկ վերակառուցման ընթացքում եւ դրանից հետո թաղամասի բնակիչներին այդ խնդիրն առանձնապես չի անհանգստացրել, քանի որ «որեւէ բան մեզ չէր խանգարում՝ վճարում էինք բոլոր հարկերը, շրջսովետը, իսկ հետո՝ թաղապետարանը, տալիս էին անհրաժեշտ տեղեկանքները, շատերը, ինչպես եւ՝ ես, ապահովագրել ենք մեր տները»: Հենց այդ պատճառով է նաեւ, որ բնակիչների մի մասը ուշադրություն չի դարձրել 1984-ին նախկին ինվենտբյուրոյի՝ ինվենտարիզացիայից հետո արած զգուշացումներին՝ «ձեր փաստաթղթերը վերցնում ենք 15 օրով, որի ընթացքում պետք է վերջնական ձեւակերպում կատարեք ինվենտբյուրոյում»: «Խոսքը վերաբերում էր տների վերակառուցված հատվածի չափագրմանն ու գրանցմանը: Այն ընտանիքները, որտեղ անհաշտություն կար, գնացին եւ ինվենտբյուրոյում գրանցելով՝ կիսեցին իրենց տունը: Ավելի ուշ նոր հատակագիծ հանեցին նրանք, ովքեր ուզում էին վաճառել իրենց տներն ու փախչել երկրից: Մեծամասնությանն այդ խնդիրները չէին վերաբերում ու այդպես էլ թողեցին տան փաստաթղթերի հարցը: Բացի այդ, նրանք, ովքեր ինվենտբյուրոյով գրանցել էին իրենց տան նորակառույց հատվածը, կանգնեցին նույն պրոբլեմի առջեւ, ինչ որ չգրանցածները: Այսինքն՝ ինքնակամների մասին օրենքով նրանցն էլ համարվեց ապօրինի ու հիմա պետք է քառակուսի մետրով պետությունից առնեն իրենց տարածքը»,- պարզաբանեց Ժ. Հակոբյանը: Նրա ասելով, վերջին տարիներին իրենք պարբերաբար փորձել են ստանալ նոր նմուշի վկայականներ, բայց կադաստրի աշխատակիցներն ամեն անգամ կանխել են, թե՝ «մի շտապեք, ժամանակը գա՝ անվճար կանենք»: «Երկու անգամ չափագրում են արել: Մեկը՝ Լինսի հիմնադրամով, մյուսն էլ արեցին՝ ասացին, թե անվճար վկայական են տալու, հատակագիծն էլ հետը: Բայց չտվին, մեկ էլ էն իմացանք, որ Էրեբունուց անցել ենք Կենտրոն համայնքի տարածք ու պիտի թանկ գներով օրինականացնենք մեր տները»,- տեղեկացրեց Ժ. Հակոբյանը: Մի հետաքրքիր հանգամանք նույնպես. ըստ բողոքարկուի, ինքը ծնվել ու յոթանասուն տարի է՝ ապրում է իր հայրական տանը, բայց իրավունք չունի այդ տանը գրանցել Ռուսաստանից վերադառնալ ցանկացող իր զավակներին: Պատճառը նույնն է՝ անշարժ գույքի համար ունեցած փաստաթղթերի անկատարությունը: «Բազմաթիվ ընտանիքներ կան, որտեղից երեխաները ամուսնացել-դուրս են եկել, հետո վերադարձել են հայրական օջախները՝ ծերացած ծնողների հետ բնակվելու, նույնիսկ արդեն բանակ գնալու եւ ամուսնացնելու երեխաներ ունեն, բայց մինչ օրս չեն գրանցվել, որովհետեւ կադաստրում մաղարիչ են ուզել, թե չէ՝ չեն գրանցում: Սա է մեր երկրի ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներ կոչվածը. չե՞ս կարող ապրել՝ թող-գնա, գնացե՞լ ես՝ չվերադառնաս, էլ տեղ չունես այս երկրում»,- այս գնահատականով եզրափակեց իր բողոքը Սարի թաղի բնակիչը, ում ծնողները եղեռնից մի կերպ փրկվել ու ապաստան են գտել հայրենիքում: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել