Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Ապրիլ 12,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՄՏՑՐԵԼ, ՈՐ ՀԵՏՈ ՀԱՆԵ՞Ն ԱԺ-ում օրակարգի ձեւավորումը դարձել է պատուհաս Երեկ սկսվեց ԱԺ հերթական քառօրյան, որն արդեն լրագրողների եւ պատգամավորների նեղ շրջանակում կոչվում է չոռօրյա, քանի որ բավականին դժվարացել է մասնակիցների հարկավոր թվի ապահովումը խորհրդարանում, մյուս կողմից՝ նիստերի օրակարգում կամաց-կամաց պակասում են հույժ կարեւոր եւ կենսական նշանակության օրենսդրական նախագծերը: Նման իրավիճակում դժվար է խոսել նորմալ օրենսդիր աշխատանքի մասին, մանավանդ իրենք՝ ազգային երեսփոխաններն անգամ չեն թաքցնում, որ իրենց անմիջական աշխատանքային պարտականություններից բացի, զբաղված են ամեն ինչով: Հանուն արդարության պետք է նաեւ արձանագրել, որ պատգամավորներն ուզեն էլ՝ չեն կարող զբաղվել իրենց անմիջական պարտականություններով, որովհետեւ, իրենց բառապաշարով, «գործ չկա», կամ՝ իրենց «գործի համն էլ է դուրս եկել»: Թվում է, երեկ պետք է որ հետաքրքիր լինեին օրակարգում ընդգրկված երկու՝ սահմանադրական փոփոխությունների եւ «Ընտրական օրենսգրքի» հարցերը, սակայն դեռ նախորդ շաբաթ ակնհայտ էր, որ այս երկու հարցերն էլ ձեւականորեն են ընդգրկված օրակարգում, ինչպես ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նկատեց՝ հարցերը օրակարգում են հայտնվել «քաղաքական պայմանավորվածության» արդյունքում: Իսկ թե ո՞ւմ են հարկավոր կամ ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում, այսպես կոչված, «քաղաքական պայմանավորվածությունները», բոլորին է հայտնի: Իրականում քննարկումների համար պատրաստ չէ ոչ սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ոչ էլ «Ընտրական օրենսգիրքը»: Իսկ քաղաքական պայմանավորվածությունները սովորաբար կատարվում են «դրսի օգտագործման» համար, իբր՝ տեսեք-տեսեք, եվրոպական կառույցներ, խոստացել էինք եւ այդ երկու հարցերն էլ ընդգրկել ենք օրակարգում, բայց մենք էլ մարդ ենք, մեզնից ի՞նչ եք ուզում, չենք հասցնում: Ակնհայտորեն, չկա առաջվա էնտուզիազմը: Հիշո՞ւմ եք, մի ժամանակ մի ամբողջ երկիր իր հնգամյա ծրագիրը կատարում էր երեք տարում, սակայն այսօր ժամկետները սարսափելի ճնշում են, եւ մեր բազմաչարչար խորհրդարանը պարզապես չի հասցնում: Չի հասցնում եւ՝ վերջ: Մյուս կողմից, ինչո՞ւ իրենց կոտորեն, երբ ոչ ոք չգիտի, թե վաղն իր գլխին ինչ օյին է գալու: Խորհրդարանում նույնիսկ սովորական քվորումն ապահովելը դարձել է պատուհաս: Մարդիկ «գործի» չեն գալիս, ուղղակի չեն գալիս, բայց գործընկերների թեթեւ ձեռքով «գրանցվում» են եւ «ներկա» ստանում: Այդպես եղավ նաեւ երեկ, երբ մեր կոպիտ, հայավարի հաշվարկով դահլիճում մի կերպ վերջին րոպեին հավաքվեց ընդամենը 78 պատգամավոր, իսկ գրանցումների տախտակին փայլեց 92-ը: Փաստորեն, 14 կոճակ սեղմվեց օրենքի ներկայացուցիչների թեթեւ ձեռքով: Անկեղծ ասած, ինչ-ինչ, բայց ուրիշի կոճակ սեղմելու գործում որոշ պատգամավորներ ուղղակի կատարելության են հասել: Երբ պարզ դարձավ, որ օրակարգում է նաեւ «Ընտրական օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հարկ համարեց նկատել, թե իր գլխավորած հանձնաժողովը, որը եւս գլխադասային է այս հարցում, երեկ նիստ չի գումարել, իսկ դա նշանակում է, որ հարցը չի կարող մտնել կամ մնալ օրակարգում: Պարոն Պետրոսյանին խորհրդարանի խոսնակը, որը նրա ուսանողն է եղել, բավականին կոպիտ պատասխանեց. «Ես մայրենի լեզվով ասացի, որ մենք հարցը չենք քննարկելու, խնդրում եմ հանել «ԸՕ»-ն օրակարգից»: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը իր հերթին նկատեց, որ չի կարելի այդպիսի վերաբերմունք դրսեւորել պարոն Պետրոսյանի նկատմամբ. «Կարծում եմ, պարոն Պետրոսյանը շատ քաղաքավարի ներկայացրեց հարցը եւ խնդրում եմ՝ նման վերաբերմունք չլինի: Եվ քանի որ չկա համապատասխան փաստաթուղթ, բնական է, որ այն չի քննարկվելու»: Արդյունքում՝ քավության նոխազ դարձավ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, որին էլ մի քանի անգամ ԱԺ նախագահը տեղից ասաց, թե իզուր էլ հարցը մտցրեց օրակարգ: Անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը հայտարարեց, որ այս խորհրդարանը չի հասցնելու նոր «ԸՕ» ընդունել, եւ, փաստորեն, ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հին «ԸՕ»-ով: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավարն այս կարծիքին չէ: Ըստ Կարեն Կարապետյանի. «Իհարկե, որոշակի ժամկետների խնդիր կա, բայց մի քանի անգամ ասել ենք, որ միջազգային կառույցների հանդեպ պարտավորությունները ամենեւին էլ չեն նշանակում ոչ պատրաստ օրենքները դարձնել քննարկման առարկա եւ ընդունել: Խնդիրը ոչ թե ժամկետներն են, այլ՝ որակը, այսինքն՝ ունենալ որակյալ «ԸՕ», որը կապահովի թափանցիկ, արդար, առանց խախտումների ընտրություններ»: Կարեն Կարապետյանը կարծում է, որ «ԸՕ»-ի վերջնական տարբերակը մեկ շաբաթվա ընթացքում կբերվի վերջնական տեսքի: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս կարծում է, որ ժամկետները այնքան էլ չեն ճնշի. «Կոնկրետ եղել է քաղաքական համաձայնություն՝ հարցը մտցնել օրակարգ, սակայն չքննարկել: Կարծում եմ, մենք կհասցնենք, համենայնդեպս, ամեն ինչ պիտի արվի, որ աշնանը ՏԻՄ ընտրություններին մենք գնանք նոր «Ընտրական օրենսգրքով»: Այսօր եթե խորհրդարանում հնարավոր լինի ապահովել պատգամավորների բավարար մասնակցություն, տեղի կունենա հայտարարությունների ժամը, որի հաշվին ընդդիմությունը կնշի ապրիլյան դեպքերի մեկ տարին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել